«Հուշերը զգեստներից թանկ են». Աննա Ֆրանկի օրագրից

Աննա Ֆրանկը ծագումով հրեա, գերմանացի աղջիկ է, ով Հիտլերի իշխանության գալուց հետո ընտանիքով 2 տարի թաքնվել է Հոլանդիայում: Հենց այդ ժամանակ էլ աղջնակը գրել է իր հայտնի «Աննա Ֆրանկի օրագիրը»։ Աննան օրագիրը սկսել է գրել 1942 թվականի հունիսի 12-ից, իսկ նրա վերջին գրառումը կատարվել է 1944 թվականի օգոստոսի 1-ին։

Ընտանիքը ձերբակալվել է 1944 թվականին, իսկ աղջնակը մահացել է 15 տարեկանում՝ 1945 թվականի փետրվարին տիֆ հիվանդությունից Բերգեն-Բելզենի համակենտրոնացման ճամբարում։ Օրագիրը կարգավորել է Միփ Գիսը, այնուհետև այն փոխանցել Աննայի հորը՝ Օտտո Ֆրանկին։

Աննայի հայրը ընտանիքում միակն է եղել, ով ողջ է մնացել։ Օրագիրը թարգմանվել է ավելի քան 60 լեզուներով։ Ներկայացնում ենք մեջբերումներ Աննա Ֆրանկի օրագրից:

«Չեմ կարողանում բոլորի ներկայությամբ լսել, ինչպես հարկն է, որովհետև լավ երաժշտությունն ինձ միշտ խորապես հուզում է»:

«Նվաճել երջանկությունը, նշանակում է աշխատել դրան հասնելու համար, լինել լավ մարդ և ոչ թե առևտուր անել կամ ծուլանալ: Ծուլությունը կարող է հաճելի թվալ, բայց միայն աշխատանքն է մարդուն բավականություն պատճառում»:

«Պարզապես հրաշք է, որ ես իմ բոլոր հույսերը դեռ չեմ կորցրել: Եվ չէ՞ որ իմ բոլոր հույսերն անհեթեթ ու անիրագործելի են թվում: Բայց ես, հակառակ բոլորի, ամուր կառչում եմ դրանցից, որովհետև հաստատ հավատում եմ, որ մարդը բարի է: Ինձ համար աներևակայելի է ամեն ինչ կառուցել մահվան, դժբախտության ու քաոսի գաղափարի վրա»:

«Տեսնում եմ, որ աշխարհն աստիճանաբար ավելի ու ավելի է վերածվում անապատի, ավելի մոտիկից եմ լսում ամպրոպի ճայթյունը, որ կարող է և մեզ սպանել, լսում եմ միլիոնավոր մարդկանց տառապանքը և, այնուամենայնիվ, երբ նայում եմ երկնքին, մտածում եմ, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը, որ այս դժբախտությանը վերջ կլինի, և աշխարհին նորից կտիրի խաղաղություն և հանգստություն»:

«Սիրո համար խոչընդոտ չկա»:

«Թուղթն ամեն ինչ հանդուրժում է»:

«Վճռական մարդիկ կյանքում ավելի մեծ հաջողություններ են ունենում»:

«Հիմար մարդիկ տանել չեն կարողանում, երբ ուրիշները մի որևէ բան իրենցից ավելի են անում»:

«Մարդը կարող է միայնակ լինել, չնայած նրան, որ իրեն շատերն են սիրում, եթե ինչ-որ մեկը նրան ամենասիրելին չի համարում»:

«Արցունքները թեթևություն են բերում, երբ միայնության մեջ չես լաց լինում»:

«Հարկավոր է ուրիշների համար ինչ-որ բան զոհաբերել, ու ես դա հաճույքով եմ անում»:

«Հուշերը զգեստներից թանկ են»: