Չեմ մոռանա՝ ինչպես շտապօգնության մեր խումբը գնաց քահանային փրկելու

Նա պառկած էր իր մուգ զգեստով՝ ոչ մեծ խաչը ձեռքում բռնած: Օբյեկտիվ տվյալները խոսում էին սրտանոթային շոկի մասին: Ճնշումը ծայրահեղ ցածր էր: Նա գունատ էր, սառը քրտինքով պատված, շատ ուժեղ ցավեր ուներ: Սակայն այդ ամենով հանդերձ՝ չափազանց հանգիստ էր:

Եվ այդ հանգստության մեջ բացարձակապես չկար կեղծիք: Դա հերիք չէր. ինձ ցնցեց նրա առաջին հարցը. «Շա՞տ կանչեր ունեք: Դուք երևի հաց էլ չեք հասցրել ուտել»: Եվ դիմելով իր կնոջն՝ ասաց. «Մա՛շա, հավաքիր նրանց համար ուտելիք»:

Հետո, երբ մենք սրտիոգրաֆիա էինք անում, դեղ էինք ներարկում, մասնագիտացված վերակենդանացնող թիմ էինք կանչում, նա ուղղակի հետաքրքրվում էր, թե որտեղ ենք մենք ապրում, հեռո՞ւ է արդյոք մեր աշխատանքը մեր տներից: Թույլ ձայնով հարցնում էր, թե որ բժիշկն ու որ բուժքույրը քանի երեխա ունեն, քանի տարեկան են երեխաները:

Նա անհանգստանում էր մեզ համար, հետաքրքրվում մեզնով՝ չդրսևորելով վախի նշույլ անգամ, մինչ մենք մեր գործն էինք անում՝ փորձելով փոքր ինչ մեղմել նրա ցավերը: Նա նայում էր մեր մտահոգ դեմքերին, լացող կնոջը, լսում «կաթված» բառը, երբ մենք հատուկ թիմ էինք կանչում: Նա հասկանում էր՝ ինչ էր կատարվում իր հետ: Ես ցնցված էի նման ինքնատիրապետմամբ, որ դրսևորում էր այդ մարդը:

Հինգ րոպե անց նա մահացավ: Մի տարօրինակ, մինչ այժմ ինձ չլքող զգացում ծնեց իմ մեջ այդ մահը: Որովհետև հաճախ նման դեպքերը ամենևին էլ այդպես չեն լինում: Վախը հիվանդների կամքը կաթվածահար է անում: Նրանք մտածում են միայն իրենց և իրենց վիճակի մասին, ուշադիր հետևում, թե ինչ փոփոխություն է տեղի ունենում իրենց օրգանիզմում, մինչև վերջին շունչը կառչում են ապրելու փոքրագույն հնարավորությունից: Ինչի ասես պատրաստ են, միայն թե ապրեն… Բնակարաններում, որոնց պատերը ուղղակի ծանրացած են բազմազան սրբապատկերներով ու խաչերով, բայց, այնուամենայնիվ, տեղ է գտնվում մեծ էկրանով ժամանակակից հեռուստացույցի համար, որտեղ միջանցքում խնդրում են կոշիկների վրայից հագնել ցելոֆոն՝ չնայած հիվանդի ծանր վիճակին, հիմնականում խաղարկվում են հիստերիկ աղաղակներ վերջին վայրկյաններին…

Ինչ եմ ուզում ասել. որ վախի գերին դարձած նման հիվանդները հանդիպում են հենց այն տներում, որտեղ շուրջբոլորը սրբապատկերներ են, ամենուր խորհրդավոր լամպեր են վառված, հոգևոր գրականություն է դրված՝ ուր ասես, իսկ հիվանդներն էլ բժշկի կողմից նշանակված դեղորայքի փոխարեն խմում են «սուրբ ջուր», որը տարբեր ամաններով նույնպես շարված է բնակարանով մեկ:

Իսկ այ այն քահանայի մահից հետո մինչ օրս, որքան էլ զարմանալի է, իմ մեջ ապրում է հանդարտ ուրախության զգացողությունը: Այնտեղ մահը հաղթանակ չէր տանում: Եվ երբ ինքս իմ մեջ քննում եմ նման մի քանի դեպքերը, երբ մարդիկ իմ աչքերի առջև ոչ սովորական ձևով, այլ մի գերբնական խաղաղությամբ են լքել այս աշխարհը, ներսումս բարձրանում է հարցը. «Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո հաղթությունը» (Ա Կորնթացիս 15.55):

Գեորգի Եգորով՝ շտապ օգնության բժիշկ