Աստվածաշնչի, դժոխքի ու Խաչի մասին. Չարլզ Սպերջեն

Աստվածաշունչը քար է, որը կկոտրի ամեն ուժ՝ իր դեմ դուրս եկող. այն ամենակարող զորություն է, որը ջարդուփշուր կանի կեղծ փիլիսոփայության բոլոր համակարգերը: Օ՜, Աստծո եկեղեցի, մի՛ վախեցիր, դու հրաշքներ կգործես: Իմաստունները կշփոթվեն, և դու, ինչպես և նրանք, կիմանաս՝ Ով է Աստված, և չկա ուրիշը, բացի Նրանից:

Դժոխքում չկա հույս: Այնտեղ չկա անգամ մահվան հույս, հույս՝ լիովին ոչնչացվելու: Նրանք հավիտյան, հավիտյան կործանվեցին: Դժոխքի ամեն շղթայի վրա գրված է. «հավիտյան»: Կրակի մեջ փայլում է «հավիտյան» բառը: Իրենց գլխավերևում նրանք կարդում են «հավիտյան»: Միտքը, որ դա «հավիտյան է», այրում է նրանց աչքերը և կեղեքում սրտերը: Ա՜խ, եթե կարողանայի ասել ձեզ այսօր, որ մի օր դժոխքը կայրվի մինչև վերջ, և որ կորսվածները կկարողանան փրկվել, դժոխքը կցնծար միայն այդ մի մտքից: Բայց դա չի կարող լինել, այդ հավիտենությունը դժոխքում անհուսորեն ազատում չունի:

Խաչի վրա, որտեղ Հիսուսի արնաշաղախ ձեռքերից կաթում է ողորմությունը, արնահոսող մարմնից թափվում ներումը, հնչում է կոչը. «Երկրի ամեն ծայրերից դեպի Ինձ դարձեք և փրկված կլինեք»: Գողգոթայի գագաթից, որտեղ Հիսուսը աղաղակում է. «Կատարվեց», ես լսում եմ կանչը. «Դարձեք Ինձ և փրկված կլինեք»: Բայց ահա սարսափելի լացը մեր սրտի. «Ո՛չ, ինքդ քեզ դիմիր, ինքդ քեզ դարձիր»: Ա՜խ, չէ՞ որ ինքդ քեզ դառնալով՝ դատապարտված կլինես: Հենց այդպես էլ կլինի: Քանի դեռ դու նայում ես ինքդ քեզ, հույս չկա քեզ համար: Չէ՞ որ քեզ կարող է փրկել կարևորությունը ոչ թե այն բանի, թե ով ես դու, այլ թե Ով է Աստված և Ով է Քրիստոսը: Դու կփրկվես՝ հայացքդ քեզնից տեղափոխելով Հիսուսի վրա: Ցավոք, կան մարդիկ, ովքեր Ավետարանը ճիշտ չեն հասկանում: Նրանք մտածում են, թե Քրիստոսին մոտենալու իրավունքն իրենց տալիս է արդարություն, այն դեպքում՝ երբ մեղքը միակ պայմանն է, որպեսզի մարդը գա դեպի Հիսուսը: Ծեր Կրիսպն ասել է. «Արդարությունը ինձ հետ է պահում Քրիստոսից. առողջները չէ, որ կարիք ունեն բժշկի, այլ հիվանդները: Երբ ես ծածկված եմ մեղքով, դա ինձ ստիպում է գնալ Հիսուսի մոտ, և որքան շատ են իմ մեղքերը, այդքան ավելի շատ են պատճառները՝ ապավինելու Նրա շնորհին»: