Մեջբերումներ Հենրի Ֆորդից. հուլիսի 30-ը նրա ծննդյան օրն է

«Ford Motor Company» ընկերության հիմնադիր Հենրի Ֆորդին, որքան շատ սիրում էին, նույնչափ էլ՝ ատում: Մի քանիսը նրան հանճար էին համարում, ովքեր կարողանում էին իրենց ժամանակից հարյուր տարի առաջ մտածել: Մյուսները նրան զուտ «գործարքներ կատարող» ու «կապիտալիզմի շնաձուկ» էին անվանում:

Ֆորդը սիրով համաձայնում էր երկուսի հետ էլ, իսկ իր մասին ասում. «Ես պարզապես մարդ եմ, ով աշխարհում լավագույն մեքենաներն է արտադրում»:

Այսօր՝ հուլիսի 30-ին, 1863թ-ին ծնվել է Հենրի Ֆորդը: Ներկայացնում ենք մի քանի դասեր նրա կյանքից, որոնցով կիսվել է ինքը՝ «իր ժամանակի լավագույն մեքենաներ արտադրողը»:

  1. Եթե մեր նպատակը ժանգով ծածկվելն է, ապա մեզ մնում է միայն մեկ բան. տրվել մեր ներքին ծուլությանը: Եթե մեր նպատակն աճն է, ապա պետք է ամեն առավոտ նորից արթնանալ և արթուն մնալ ողջ օրվա ընթացքում:
  2. Ես տեսել եմ, թե ինչպես են մեծ ընկերություններն ընկել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը հնարավոր էր համարել դրանց կառավարումը նույն կերպ, ինչպես կառավարվել էին մինչ այդ:
  3. Կյանքը, ինչպես ես եմ այն հասկանում, դադար չէ, այլ ճամփորդություն: Անգամ նա, ով մտածում է, թե «կանգ է առել՝ հանգստանալու», հանգստի մեջ չէ, այլ ներքև է գլորվում:
  4. Ինչո՞ւ են մարդիկ հակառակվում նորարարություններին: Շատերը սովորում են կիսով չափ կենսունակ լինելուն: Կոշկակարը հազվադեպ է ընկալում կոշկատակ կարելու «նորարար միջոցը», արհեստավորը անհավես ձևով է ընդունում աշխատանքի նոր մեթոդը: Սովորությունը հրապուրում է մնալ հայտնի անմտության մեջ:
  5. Մի՛ փնտրիր սխալ, փնտրիր, թե ինչպես ուղղես այն:
  6. Ես կտրականապես հրաժարվում եմ ինչ-որ բան անհնարին համարելուց: Ես չեմ կարծում, որ երկրի վրա կա գոնե մեկ մարդ, ով այնքան իրազեկ է, որպեսզի կարողանա վստահությամբ պնդել ինչ-որ բանի հնարավոր կամ անհնարին լինելը:
  7. Անհանջողությունը խոսում է միայն այն մասին, որ պետք է ամեն բան նորից սկսել, բայց այս անգամ ավելի իմաստուն ձևով: Ազնիվ անհաջողությունը ստորացուցիչ չէ: Ստորացուցիչ է վախը՝ անհաջողության առջև:
  8. Մարդը հաջողության է հասնում՝ արգելքների հաղթահարմանն ուղղելով իր ջանքերը և իր կարողությունները դնելով այլ մարդկանց պահանջներին ծառայելուն: Մարդկանց մեծամասնությունը մտածում է հաջողության մասին ինչպես մի բանի, ինչին հասնել է պետք, մինչդեռ իրականում հաջողությունը սկսվում է նվիրումից:
  9. Մեծագույն բացահայտումներից մեկը, որն անում է մարդը, ամենամեծ անակնկալներից մեկը մարդու համար՝ բացահայտելն է, որ ինքը կարող է կատարել այն, ինչի մասին վախով մտածում էր՝ որպես մի բանի, ինչն իր ուժերից վեր էր:

Հավելենք նաև, որ Հենրի Ֆորդը հրատարակել է իր ինքնակենսագրականը՝ «Իմ կյանքը, իմ ձեռքբերումները» անվամբ, որից նույնպես կներկայացնենք որոշ մեջբերումներ:

«Երբ ձեզ թվում է, թե ողջ աշխարհը ձեզ դեմ է, հիշեք, որ օդանավը ընթանում է քամու հոսանքին հակառակ, ոչ թե քամու հոսանքով»:

«Ամեն մեկի համար, ով, նախևառաջ, մտածում է համառ աշխատանքի մասին, իր աշխատանքը լավագույնս կատարելու մասին, բաց է հաջողության տանող ճանապարհը»:

«Ավելի հաճախ մարդիկ ոչ թե պարտություն են կրում, այլ հանձնվում են»:

Աղբյուր՝ leaninfo.ru