Գնահատել ու գոհանալ ճիշտ ժամանակին

Գնահատել ու գոհանալ ճիշտ ժամանակինԿա՞ արդյոք մեկ այլ երևույթ, որ այդքան կարևոր է, որքան ճիշտ ժամանակին գնահատելն ու գոհանալը…

Հեշտ է կյանքը, երբ նստում ես հարմարավետ բազմոցին ու դիտում դրամատիկ մի ֆիլմ՝ կարծես լի իրական ու անիրական թվացող դրվագներով, բայց դժվար է, երբ ապրում ես այդ կինոյում ու այն էլ՝ գլխավոր դերերում: Դժվար է, բայց ոչ պատահական:

Անցնում ես հազար բանի միջով, ընկնում, վեր կենում, կոտրվում, վերականգնվում, գրեթե մեռնում, բայց փրկվում ու այդ ամենի մեջ մի բան ես հասկանում՝ որ դու մենակ չես, որ Աստված քո հետ է, որ Ինքը հսկում է ամեն իրավիճակ, որ քո ներսի խաղաղության հեղինակը Նա է, որ քո միակ հույսը պետք է Նա լինի, Ով ստեղծել է քեզ ու Ով գիտի ամենը քո մասին:

Ապրում ես տարբեր դժվար պահեր, բայց սկսում ավելի ու ավելի գնահատել քո հարազատներին ու մտերիմներին, ընկերներին, բարեկամներին, անգամ՝ պարզապես ծանոթներին, ապրում ես ու գնահատում այն բանի համար, որ իրենց ունես:

Գնահատում ես այսօրվա արևը, երբ անձրևի տակ ամբողջությամբ թրջվում ես, գնահատում ես առողջությունդ, երբ որևէ տեղ մի քիչ ցավում է, գնահատում ես անգամ արդեն անսարք հեռախոսդ, երբ տեսնում ես դրա անհրաժեշտությունը))

Մենք սովոր ենք գրեթե անդադար բողոքել, քանի դեռ չենք կորցրել, քանի դեռ չենք բախվել նյութականի ունայնության պատին ու քանի դեռ չենք զգացել մեր ունեցածի արժեքը, որն անգին է…

Կա՞ արդյոք մեկ այլ երևույթ, որ այդքան կարևոր է որքան ճիշտ ժամանակին գնահատելն ու գոհանալը…

Էսթեր Զաքարյան