Դժբախտությունը. հեքիաթ չարության ու նախանձի մասին

Դժբախտությունը. հեքիաթ չարության ու նախանձի մասինԼինում են, չեն լինում՝ երկու եղբայր են լինում, մեկը՝ հարուստ, մյուսը՝ աղքատ: Հարուստը լիության մեջ անհոգ ապրում էր, իսկ աղքատը չգիտեր էլ ինչ անի, որ մի կտոր հաց վաստակի իր ընտանիքի համար:

Վերջին միջոցն աշխարհից աշխարհ ընկնելն էր: Մի քանի շոր ու փալաս հավաքեց կապոցի մեջ, կնոջ ու երեխաների հետ դուրս եկավ տնից ու գնաց, թե ուր՝ ինքն էլ չգիտեր: Մեկ էլ թիկունքում մեկի ձայնը լսեց.

– Ինձ մի լքեք, ինձ էլ տարեք ձեր հետ:

Աղքատ եղբայրը հետ նայեց, բայց ոչ ոքի չտեսավ.

– Ո՞վ ես,- հարցրեց նա:

– Քո դժբախտությունն եմ, ձեր տանն եմ ապրում և ապրուստիցս դժգոհ չեմ: Ձեր տանը ես ինձ լավ եմ զգում:

– Դե, լավ, արի,- ասաց աղքատ եղբայրը և դժբախտությանը հրամայեց, որ երկանքի քարերը կրի: Ճանապարհ ընկան: Գնացին, գնացին, հասան գետակի, որի ափերն իրար էր կապում մի գերան: Մարդը կնոջն ու երեխաներին զգուշորեն անցկացրեց գետի մյուս ափը, հետո էլ եկավ, որ դժբախտությանն իր հետ տանի: Հասցրեց նրան մինչև գերանի կենտրոնը, հրեց, գցեց գետն ու կնոջն ասաց.

– Հետ դառնանք տուն. մենք մեր դժբախտությունից ազատվեցինք, հիմա կարգին կապրենք:

Վերադարձան տուն և առանց դժբախտության սկսեցին ապրել այնպես, ինչպես հարուստ եղբոր ընտանիքը:

– Այդ ինչպե՞ս հարստացար,- հարցրեց մի օր հարուստ եղբայրն աղքատին:

– Երբ տնից դուրս եկանք, դժբախտությունը պոչի պես կպավ մեզ, ես էլ նրան գետը գցեցի: Այդ օրվանից սկսեցինք կարգին ապրել:

Հարուստ եղբայրը հարցրեց.

– Ո՞ր գետն ես գցել նրան:

Կարիքից հազիվ ազատված եղբայրն ասաց, թե որ գետի որ մասում է դժբախտությունը: Նախանձն ու չարությունը սկսեցին կրծել հարուստ եղբոր սիրտը: Մի եղևնի կտրեց, դրանից կարթ սարքեց, կեռիկի փոխարեն խարիսխ կապեց ծայրին, ամենաքոսոտ ձին էլ խայծի տեղ ամրացրեց խարսխին ու գնաց գետի ափ՝ դժբախտությանը որսալու:

Նստեց, կարթը գցեց ջուրն ու սկսեց սպասել, թե երբ կեռիկը կշարժվի: Մեկ էլ կարթը ծանրացավ, կեռիկը ձգվեց: Հարուստ եղբայրն արագ քաշեց, հանեց կարթը. դժբախտությունը բռնվել էր:

Դժբախտությունը շատ ուրախացավ, որ իրեն ջրից հանել են, սկսեց շնորհակալություն հայտնել հարուստ եղբորը: Վերջինս նույնպես շատ գոհ էր և՛ դժբախտությանը ջրից հանելու, և՛ իրեն բարի մարդ համարելու համար: Հետ դարձան երկուսով: Երբ հասան մյուս եղբոր տան մոտ, հարուստն ասաց.

– Դե, դժբախտությո՛ւն, մտիր եղբորս տուն, բարձրացիր ու հարմար տեղավորվիր նրա վառարանի վրա:

– Ի՞նչ ես ասում,- զարմացավ դժբախտությունը,- մի՞թե քեզ նման բարի մարդուն թողած՝ կգնամ եղբորդ տուն: Դու ինձ փրկեցիր, ջրից հանեցիր: Չէ՛, եղբորդ տուն ես էլ չեմ գնա. նա ինձ դարձյալ ջուրը կգցի:

Դժբախտությունը բարձրացավ, հարմար տեղավորվեց հարուստ եղբոր վառարանի վրա և իրեն շատ երջանիկ էր զգում նրա տանը: Իսկ հարուստի գործերն այդ օրվանից սկսեցին ձախողվել, նա կորցրեց ունեցվածքն ու աղքատացավ:

Հ.Գ. Այս մանկական պատմության մեջ, թերևս, ամենաուսանելի դասը նախանձից ու չարությունից զերծ մնալն է: Աստվածաշնչյան ոսկե կանոնն ասում է՝ «Այն ամենը, ինչ որ ուզում ես, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դուք արեք նրանց»: