Ես Աստծո զավակն եմ. պրոֆեսորն ու իր կինը ապշած էին

Ես Աստծո զավակն եմ. պրոֆեսորն ու իր կինը ապշած էինՍեմինարիայի պրոֆեսորը հանգստանում էր իր կնոջ հետ Գատլինբուրգում՝ Թեննեսի նահանգում:

Մի անգամ առավոտյան նրանք փոքրիկ ռեստորան էին գնացել նախաճաշելու՝ հույսով, որ միասին կվայելեն այդ հարմարավետ հանգիստ վայրը: Սակայն մինչ նրանք սպասում էին իրենց պատվերին, նկատեցին մի տղամարդու, ով մոտենում էր հերթով բոլոր սեղաններին ու այցելուների հետ խոսքի բռնվում: «Հուսով եմ՝ նա մեզ չի մոտենա»,- կամացուկ ասաց պրոֆեսորն իր կնոջը:

Բայց, իհարկե, տղամարդը մոտեցավ նրանց էլ ու ընկերաբար հարցրեց.

-Որտեղի՞ց եք դուք:

-Օկլահոմայից,- պատասխանեցին նրանք:

-Օ, ինչ լավ է, որ դուք այստեղ եք՝ Թենեսիում,- ասաց անծանոթը,- իսկ ինչո՞վ եք դուք ընդհանրապես զբաղվում:

-Ես դասավանդում եմ սեմինարիայում,- պատասխանեց պրոֆեսորը:

-Օ, փաստորեն դուք սովորեցնում եք քարոզիչներին քարոզե՞լ, այդ դեպքում՝ ես ձեզ համար մի հիանալի պատմություն կպատմեմ,- այս ասելով անծանոթը քաշեց աթոռը և նստեց նրանց սեղանի շուրջ՝ սկսելով իր պատմությունը:- Նայեք այն սարին, որը հեռվից երևում է: Այդ սարի ստորոտի փոքրիկ մի գյուղում ապրում էր մի փոքրիկ տղա, ում մայրն իրեն ծննդաբերել էր՝ առանց ամուսնացած լինելու: Այդ տղան ծանր մանկություն ուներ, որովհետև որտեղ էլ նա լիներ, ուր էլ գնար, բոլորը նրան հարցնում էին, թե ում որդին է նա, ով է նրա հայրը: Լիներ նա դպրոցում, թե խանութում, միշտ նրան նույն հարցն էին տալիս. «Ո՞վ է քո հայրը»:

Դասամիջոցներին նա թաքնվում էր մյուս աշակերտներից, խուսափում էր խանութ գնալ, որովհետև այդ հարցը նրան մեծ ցավ էր պատճառում: Եվ երբ նա 12 տարեկան էր, նրանց տեղական եկեղեցի էր եկել նոր քարոզիչ, ով դեռ ոչ ոքի չէր ճանաչում: Եկեղեցի էլ տղան միշտ գնում էր մի փոքր ուշացումով, վերջում էլ մի փոքր շուտ էր դուրս գալիս, որպեսզի ոչ ոք չհասցներ որևէ հարց տալ: Բայց այս անգամ այդ նոր քարոզիչը ժամանակից շուտ ավարտեց ծառայությունը, և երբ տղան շտապ փորձում էր հետևի մուտքից արագ դուրս գալ, քարոզիչը նկատելով նրա շտապողականությունն ու խառնաշփոթ հայացքը՝ հարցրեց. «Որդի՛ս, ո՞ւմ տղան ես դու, ո՞վ է քո հայրը»:

Ամբողջ եկեղեցին լռեց. այ հիմա բոլորը վերջապես կլսեին իրենց այնքան հետաքրքիր հարցի պատասխանը: Նա վախեցած հայացքով նայեց քարոզչին: Այդ պահին քարոզիչը զգաց իրավիճակի անհարմարությունը և ասաց մի խոսք, որը մեկընդմիշտ ազատ արձակեց այդ վախեցած տղային. «Սպասի՜ր, ես գիտեմ՝ ով ես դու: Ես տեսնում եմ ընտանեկան նմանություն քո հայացքում, դու Աստծո զավակն ես,- ասաց նա՝ ուրախությամբ թափահարելով տղայի ուսերը,- լսի՛ր, դու հիանալի ժառանգականություն ունես: Գնա ու պատմիր բոլորին այդ մասին»:

Այս խոսքերից հետո այդ տխուր տղայի դեմքը պայծառացավ, և նա դուրս եկավ եկեղեցուց կենտրոնական մուտքով, բոլորի հետ միասին: Նա այլևս այնպիսին չէր, ինչպիսին մինչ դա էր:

Այժմ արդեն ամեն անգամ, երբ որևէ մեկը հարցնում էր նրան, թե ով է իր հայրը, նա ուղղակի պատասխանում էր. «Ես Աստծո զավակն եմ»»:

Ավարտելով պատմությունը՝ անծանոթ տղամարդը կանգնեց ու հարցրեց. «Մի՞թե սա հիասքանչ պատմություն չէ»:

Պրոֆեսորը պատասխանեց, որ դա իրոք շատ լավ պատմություն է:

Եվ երբ տղամարդը շրջվեց, որպեսզի հեռանար, հանկարծ նորից նայեց նրանց ու վերջին խոսքը ասաց. «Գիտե՛ք, եթե այդ նոր քարոզիչը չասեր ինձ, որ ես Աստծո զավակներից մեկն եմ, ես, հավանաբար, երբևէ ոչինչի չէի հասնի կյանքում»: Ու նա հեռացավ:

Պրոֆեսորն ու իր կինը զարմացած էին, փաստորեն այդ անծանոթն ինքն իր մասին էր պատմում:

Նրանք մոտեցան մատուցողին ու հարցրեցին, թե ճանաչո՞ւմ է նա արդյոք այն տղամարդուն, ով իրենց հետ զրուցում էր, և մատուցողը պատասխանեց. «Դե, իհարկե, նրան բոլորն են այստեղ ճանաչում: Նա Բեն Հուպերն է՝ Թենեսիի նախկին նահանգապետը»:

Աղբյուրը՝ bible-facts.ru

Հ.Գ. Գուցե ինչ-որ մեկը ձեր շրջապատում կարիք ունի հիշեցման, որ ինքը մեկն է Աստծո զավակներից: