Վախից դեպի ներում. Ջոյս Մայեր

Ես արդեն 45 տարեկան էի և դեռ տառապում էի իմ հոր դաժան վարմունքի հետևանքներից, որոնց ես ենթարկվում էի մանկությանս օրերին, և մեկ օր զգացի վճռական մղում՝ բաց խոսելու նրա հետ այդ մասին:

Աստված թույլ տվեց հասկանալ, որ ինձ վիրավորողի հետ երես առ երես խոսելը միակ բանն է, որ կօգնի ինձ դուրս գալ վախի թակարդից: Ինձ համար շատ դժվար էր դա անելը, որովհետև ես գիտեի, որ նա կրկին բարկանալու է: Այդպես էլ եղավ: Բայց ես արեցի այն, ինչ Աստված էր ինձ հուշել, և դա օգնեց ինձ ազատություն ստանալ:

Անկախ նրանից, թե ինչպես են մարդիկ պահում իրենց, մենք միշտ պետք է անենք այն, ինչ Աստված է մեզ դրդում անել: Գուցե դուք չեք տառապում նման մարդու վարմունքներից, ինչպիսին իմ հայրն էր, բայց ձեզ հավանաբար պատահում են չար մարդիկ, կամ, գուցե, մեկը ձեր հարազատներից կամ մտերիմներից բարկացկոտ մարդ է:

Քանի որ այդքան տարիներ շարունակ իմ կյանքը տնօրինում էր բարկացկոտ մարդ, ես նույնպես դարձել էի բռնկուն և զայրույթս թափում էի խոսքերի ու վերաբերմունքի մեջ: Ես հաճախ էի բարկանում, երբ ինչ-որ բան այնպես չէր ընթանում: Իմ վարքը սխալ էր, և ես կարիք ունեի փոխվելու:

Իմ ամուսին Դեյվը թույլ չտվեց, որ իմ բարկությունը իրեն դժբախտ դարձնի: Նա թույլ չտվեց, որ իմ վարվելակերպը կամ վերաբերմունքը զրկի իրեն կյանքով ուրախանալու կարողությունից: Նա ինձ թույլ տվեց իմանալ, որ եթե ես ուզում եմ դժբախտ լինել, դա իմ գործն է, իսկ նա նախընտրում է մնալ երջանիկ՝ չնայած ամեն ինչի: Եվ այդ մոտեցումը նա պահում էր երկար ժամանակ, մինչև ես վերջապես չգիտակցեցի, որ կյանքում շատ բան եմ բաց թողնում:

Օրինակ եղեք բարկացկոտ մարդկանց համար

Ես երբեք չեմ ապրել հավասարակշիռ միջավայրում, այդ իսկ պատճառով էլ չգիտեի, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Իսկ Դեյվը դարձավ ինձ համար կայունության օրինակ, ինչը չափազանց կարևոր էր, ինչպես պարզվեց: Եթե նա պարզապես ինձ հորդորեր՝ վերջ տալ բարկությանս, կամ իմ բարկությանը բարկությամբ արձագանքեր, դժվար թե ես փոխվեի: Ինչպես ասում են. «Եթե չարին չարով պատասխանես՝ բարիք չես ստանա»:

Ըստ Աստծո խոսքի՝ մենք չպետք է բարկությանը բարկությամբ պատասխանենք, վիրավորանքին՝ վիրավորանքով: Նայեք Ա Պետրոս 3.9:

Ես գիտեմ, որ դա անելն ավելի դժվար է, քան կարդալը, բայց եթե Աստված պատվիրում է ձեզ անել դա, նշանակում է՝ կտա զորություն վարվելու հենց այդպես, եթե մենք պատրաստ ենք լսել Նրան: Նա ունի լուծում մեր ամեն խնդրի համար, և Նրա մեթոդները միշտ գործում են:

Միայն Աստված կարող է մարդուն փոխել

Լավագույնը, ինչ դուք կարող եք անել բռնկուն, բարկացկոտ մարդու համար, սեփական օրինակով ցույց տալն է, որ կարելի է վարվել այլ կերպ և ապրել ավելի լավ: Մարդը չի փոխվի, մինչև ինքը դա չցանկանա: Եթե դուք ջանում եք ինչ-որ մեկին փոխել, ապա ձեզ հիասթափություն է սպասվում: Միայն Աստված կարող է փոխել մարդուն, և Նա անում է դա ամենահարմար ու ճիշտ ժամանակին: Այդ պատճառով պարզապես աղոթեք բարկացկոտ մարդու համար, դրանով իսկ տալով Աստծուն հնարավորություն՝ աշխատելու նրա վրա, իսկ ինքներդ եղեք օրինակ՝ խաղաղ, հանգիստ հավասարակշիռ մարդու:

Թույլ մի տվեք, որ բարկացկոտ մարդը ձեզ դժբախտ դարձնի

Երբ իմ համաժողովներին ես ասում եմ, որ մենք չպետք է թույլ տանք, որ մեր ուրախությունը կախված լինի ինչ-որ մեկի վարքից կամ վերաբերմունքից, դա դահլիճում հիացմունքի արձագանք է առաջացնում: Մարդկանց դեմքերից ես տեսնում եմ, որ նրանք չէին էլ պատկերացնում, որ իրենց ուրախությունը չպետք է կախված լինի ինչ-որ մեկի բնավորությունից:

Բայց կարո՞ղ ենք մենք արդյոք մնալ երջանիկ, երբ մեզ շրջապատող մարդիկ չար են ու դժբախտ: Այո՛, կարող ենք, եթե որոշենք այդպես և տրամադրվենք դրան: Նրանց ներկայության մեջ պահպանեք հանգիստ, ընկերական, ուրախ վիճակ: Ասեք, որ սիրում եք նրանց և ցանկանում եք, որ նրանք լինեն երջանիկ, բայց թույլ չեք տա, որ նրանց վերաբերմունքը և տրամադրությունը փչացնի ձեր կյանքը: Այլ խոսքերով՝ պետք չէ դառնալ կախված նրանց վարքից:

Աստծո հետ համագործակցության մեջ ամեն բան փոխվում է

Մի՛ դադարեք հուսալ, որ բարկացկոտ մարդը կփոխվի: Գուցե նա այդպիսին է, որովհետև հոգու մեջ ունի վերքեր, ծանր անցյալ կամ նա ինչ-որ բանից տառապում է: Աղոթեք, որ նա տեսնի ճշմարտությունը և սկսի փոխվել (Մաթևոս 7.7):

Աստված գործում է մեր աղոթքներով: Երբեմն աղոթքի պատասխանը գալիս է միանգամից, իսկ երբեմն էլ ինչ-որ բանի համար աղոթում ես գրեթե ողջ կյանքդ: Որոշեք, որ աղոթելու եք բարկացկոտ մարդկանց համար, ովքեր կան ձեր շրջապատում, և գոհանալու եք Աստծուն, որ Նա աշխատանք է տանում նրանց հետ, անգամ եթե դուք արդյունքներ չեք տեսնում: