Մուսուլման ամուսինը քրիստոնյա կնոջը տուն չթողնելու համար բանալին գետն է նետում…

Մուսուլման ամուսինը քրիստոնյա կնոջը տուն չթողնելու համար բանալին գետն է նետում…Այս դեպքը կատարվել է Արևմտյան Աֆրիկայում: Մի կին դառնում է Հիսուսի հետևորդը, ինչի համար մահմեդական ամուսինը հաճախակի ծեծում է նրան: Այնուամենայնիվ, այս կինը համառորեն շարունակում է վկայել նրան իր բարեպաշտ կյանքով՝ ծառայելով նրան ու աղոթելով, որ Աստված փրկություն շնորհի:

Մեկ օր նա ցանկանում է ներկա լինել մի քրիստոնեական հավաքույթի, որը տևելու էր մեկ շաբաթ: Իհարկե, առանց ամուսնուն տեղյակ պահելու նա չէր կարող գնալ, բայց ինչպես և սպասվում էր՝ վերջինս բարկությունից իրեն կորցնում է.

«Մի ամբողջ շաբա՞թ: Իսկ ո՞վ է ուտելիք պատրաստելու, տանը հետևելու»,- բղավում է նա:

Ամուսինը նրան խստորեն պատվիրում է կենտրոնանալ իսլամի վրա և մոռանալ քրիստոնեական եկեղեցու մասին: Բայց չնայելով ամուսնու սարսափելի արձագանքին՝ կինը հստակ համոզվածություն ուներ, որ Աստված ցանկանում է, որպեսզի ինքը ներկա լինի այդ հավաքույթին, և դա էլ կնպաստեր նրա հոգևոր աճին, հնարավորություն կտար շփվելու այլ հավատացյալ կանանց հետ, այնպես որ՝ նա գնում է:

Ամուսինն այնքան վրդովված էր կնոջ որոշումից, որ դուռը կողպեքով փակում է և հայտարարում հարևանների ներկայությամբ, թե այլևս երբեք կնոջը տուն չի թողնի: Իր որոշման վճռականությունը էլ ավելի հաստատելու համար նա հարևանների աչքի առջև բանալին գետն է նետում, իսկ ինքը գնում իր սիրուհու տուն:

Երբ կինը վերադառնում է համաժողովից, մտնում է խանութ՝ կերակուր գնելու տան համար: Նա պատրաստվում է գեղեցիկ ընթրիք պատրաստել իր ամուսնու վերադարձին, այնպես որ՝ որոշում է ձուկ գնել: Բայց չգիտեր դեռևս, թե ինչ էր արել ամուսինը:

Վերադառնալով տուն՝ նա զարմանքով պարզում է, որ դուռը կողպեքով փակված է: Եվ ընթրիքի պատրաստությունները չուշացնելու համար նա խնդրում է հարևանուհուց մի ափսե ու սկսում ձուկը մաքրել:

Երբ կինը մաքրելուց հետո կտրում է ձուկը՝ մասերի բաժանելով, ձկան փորից մի բանալի է դուրս գալիս: Նա ուշադիր զննում է բանալին, քանի որ այն շատ ծանոթ էր թվում և հարևանուհուն կանչում է ու ասում, որ բանալին շատ նման է իրենց տան բանալուն: Հարևանուհին խորհուրդ է տալիս առանց հապաղելու գնալ և ստուգել: Պարզվում է, որ դա հենց իրենց տան բանալին է. դուռը բացվում է: Կինը տուն է մտնում, հավաքում է, ընթրիք պատրաստում և սպասում ամուսնու վերադարձին:

Երբ ամուսինը վերադառնում է մզկիթից, զարմանքից քար է կտրում, երբ տեսնում է տան դռները բաց: Այս անգամ նա լրջորեն բարկանում է՝ մտածելով, թե հարևաններն են դուռը բացել, որպեսզի կնոջը օգնեն տուն մտնել: Սակայն շուտով տեսնում է, որ տան կողպեքը ամբողջական է: Ոչինչ վնասված չէ, և ամեն բան տեղում է:

Այդժամ ամուսինը կնոջից բացատրություն է պահանջում, թե ինչպես է նա տուն մտել: Կինը պատմում է, որ գտել է բանալին ձկան փորի մեջ:

Զարմացած լինելով կատարվածից՝ ամուսինը ոչինչ չի ասում: Իսկ հաջորդ օրն ասում է կնոջը, որ ցանկանում է առավոտյան եկեղեցի գնալ:

Կիրակնօրյա առավոտյան ծառայությունից հետո նա հարցնում է, թե կարո՞ղ է առանձին խոսել հովվի հետ: Նա պատմում է հովվին բանալու մասին պատմությունը և ասում. «Ես ցանկանում եմ ծառայել քրիստոնյաների Աստծուն: Նա Մեկն է, Ով գիտի ամեն բան և Ով ունի զորություն՝ անելու այն, ինչ ոչ ոք անել չի կարող»:

Տղամարդը իր կյանքը Քրիստոսին է նվիրում՝ որպես Իր Տիրոջ և Փրկչի:

Հավատարիմ Աստված պատասխանում է այս կնոջ աղոթքներին՝ իր ամուսնուն փրկելու և նրան իր մեղքերից դարձնելու համար:

Մաթևոսի Ավետարանում կա մի պատմություն այն մասին, թե ինչպես բռնված ձկան բերանից Պետրոսը գտնում է դրամ և վճարում հարկը:

Իսկ ձկան փորում այս կնոջ գտած բանալին դառնում է Աստծո Արքայության «բանալին»՝ այս բարկացկոտ մարդու համար:

Աղբյուր՝ God Reports