Աստծո զավակ լինելու պայմանը. Ով որ հաղթի…

Աստծո զավակ լինելու պայմանը. Ով որ հաղթի...«Ով որ հաղթի, ամենը կժառանգի. Եվ  ես կլինեմ նրան Աստված, և նա կլինի ինձ որդի» (Հայտնություն 21.7)։

Աստվածաշունչը ներկայացնում է Աստծո զավակ լինելու պայմանը՝ ով հաղթի…

Ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը: Ինչո՞ւ է Աստված նման պայման դնում: Չէ՞ որ հավատքով ենք դառնում Նրա զավակները: Չէ՞ որ հավատքով է փրկությունը և դա գործերից չէ, այլ Աստծո շնորհքի պարգևն է յուրաքանչյուր հավատացողի համար: Ով հաղթի, ամենը կժառանգի:

Ով հաղթի, Աստված կլինի նրա Աստվածը, և նա կլինի Նրա զավակը: Սա է Աստծո անբեկանելի ու ճշմարիտ Խոսքը: Այս պայմանի կարևորագույն բաղադրիչը հաղթանակն է: Հաղթանակը մեզ հուշում է, որ կա պայքար, կա պատերազմ: Խոսքն, անշուշտ, հավատքի պատերազմի մասին է: Փրկությունը հավատքով է: Հավատքով ենք ընդունում Աստծո շնորհած հավիտենական փրկության պարգևը: Սակայն սա մեր հավատքի կյանքի սկիզբն է միայն: Դրանից հետո սկսում է մեր հոգևոր ընթացքը՝ Աստծո զավակ ու Քրիստոսի հետևորդ լինելու ընթացքը:

Եվ Աստվածաշունչը այս ընթացքը նկարագրում է որպես հոգևոր պատերազմ: Թշնամին ամեն բան անում է, որպեսզի Աստծո փրկությունն ընդունած հավատացյալներին շեղի ճշմարտության ուղուց և տանի իր հետ դեպի հավիտենական կորուստը:

Կա պատերազմ, կա պայքար՝ պայքար, որը չի դադարում, քանի դեռ մենք այս մարմնի մեջ ենք: Պատերազմ, որը Պողոս առաքյալի կողմից բնութագրվում էր որպես բարի պատերազմ: Բարի՝ քանի որ Տերն է պատերազմում մեր փոխարեն: Բարի՝ քանի որ մեզնից պահանջվում է միայն հավատարիմ մնալ Աստծուն, իսկ Նա կպատերազմի մեր փոխարեն: Բարի պատերազմ, որը ոչ թե հոգնեցնում ու թուլացնում է պատերազմողին, այլ ուժ և զորություն տալիս ու մեզ մտերմացնում մեր Տեր Աստծո հետ:

Բարի պատերազմ, որում պարտվողները, ըստ նույն Հայտնության գրքի, միայն վախկոտներն ու անհավատներն են, պիղծերն ու մարդասպանները, անառակներն ու կախարդներ, կռապաշտներն ու բոլոր ստախոսները: Սրանք այն մարդիկ են, որոնք չհավատացին Աստծուն:

Նրանց տեղը հավիտենական տանջանքի վայրն է լինելու: Իսկ փրկությունը հավատքով է: Հավատքը միշտ հաղթող է: Աստված պայման ունի Իր զավակների համար՝ ընթացե՛ք հավատքով և կհաղթե՛ք հավատքի բարի պատերազմը: Տերը հաղթողների Աստվածն է: Աստծո զավակները հաղթողի գեն ունեն:

Տեր Հիսուսի անունով հավատքի բարի պատերազմի մեջ անկոտրում զորություն և բազում հաղթանակներ եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան