Պայքարել հանուն ինչի՞. առակ

Մի արդար մարդ լսում է, որ իր բնակավայրից ոչ հեռու ինչ-որ մի ծառ կա, որին մարդիկ սուրբ էին համարում ու պաշտում էին: Որոշելով արմատախիլ անել այդ խայտառակ կռապաշտությունը՝ նա վերցնում է կացինը և գնում այդ ծառը կտրելու:

Հանկարծ դիմացն է դուրս գալիս սատանան ու ասում.

– Ես քեզ այդ ծառի փրկագինը կտամ, միայն թե մի կտրիր այն:

Մարդը չի համաձայնվում, և նրանք սկսում են կռվել: Վերջիվերջո, արդար մարդը հավաքում է ուժերն ու սատանային սեղմում գետնին.

– Ողորմի՛ր ինձ, ես փրկագին կտամ,- ասում է սատանան:- Ես կանեմ այնպես, որ դու ամեն առավոտ քո բարձի տակից մի ոսկե մետաղադրամ կգտնես:

Մարդը համաձայնվում է: Միայն թե սատանան նրան խաբում է: Առաջին երեք օրերը իսկապես ոսկե մետաղադրամը գտնվում է, բայց դրանից հետո՝ ոչ: Մարդը բարկանում է, նորից վերցնում է կացինն ու գնում դեպի ծառը:

Նորից նրան ընդառաջ է դուրս գալիս սատանան, նորից նրանք մարտնչում են, բայց այս անգամ սատանան հեշտությամբ հաղթում է նրան ու կացինը ձեռքից խլում:

– Այս ի՞նչ բան է: Անցյալ անգամ ես այնքա՜ն հեշտ քեզ հաղթեցի:

– Այո՛,- պատասխանում է սատանան:- Այն ժամանակ դու մարտնչում էիր հանուն գաղափարի ու սկզբունքի: Իսկ երկրորդ անգամ՝ արդեն փողի համար: