Մեծացնենք մեր հավատքի վահանը՝ Աստծո Խոսքի կիրառմամբ

Մի պահ պատկերացրեք այս պատմությունը: Քաղաքի ամուր պարսպի վրա իրենց վախ ներշնչող զենքով կանգնած են աղեղնավորները: Քաղաքի պարիսպներին մոտենում է հռոմեական լեգեոնը, որին հրաման է տրված՝ գրավել քաղաքը: Երբ հռոմեացիները մոտենում են պարսպին, աղեղնավորները պատրաստվում են թշնամու վրա թափել ողջ զայրույթը. նրանց սուր նետերը պատված են դյուրավառ նյութով ու կրակով:

Այդ այրվող նետերը ոչ միայն խոցում են զոհին, այլև այրում ներսևանց՝ անտանելի ցավ ու անխուսափելի մահ բերելով:

Լավ վարժված զինվորները մի անսպասելի հնարք են կատարում, որն այդ հատուկ նետերի կիրառումն անօգուտ է դարձնում: Նրանք իրենց գլխավերևում բարձրացնում են վահանները և իրար միացնելով՝ ստեղծում զրահապատ պաշտպանություն, որը պաշտպանում է այդ կրակոտ նետերից:

Մենք չենք կարող սատանային ստիպել՝ չկրակել մեզ կրակոտ նետերով, բայց մենք կարող ենք դրանց կիրառումն անօգուտ դարձնել՝ օգտագործելով հավատքի վահանը:

Հավատքի վահանը ամեն հավատացյալի սպառազինության կենսականորեն կարևոր մասն է: Պողոսն ընդգծում է դա՝ գրելով. «Եվ ամենի վրա հավատքի վահանն առեք, որով կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել» (Եփեսացիս 6.16):

Ի՞նչ է հավատքի վահանը: Այն բաղկացած է Սուրբ Գրքի այն խոսքերից, որոնք Սուրբ Հոգին օգտագործում է մեր կյանքում. «Ուրեմն հավատքը լսելուցն է, և լսելը՝ Աստծո խոսքից» (Հռոմեացիս 10.17):

Հիսուսը ցուցադրում է այս սկզբունքը, երբ սատանան անապատում նրա վրա է հարձակվում գայթակղության կրակոտ նետերով (Մաթևոս 4.1-11):

Նա միանգամից տեսնում է աղավաղված ճշմարտությունը, որը սատանան կիրառում էր Նրա վրա հարձակման համար, և պաշտպանվում Աստծո Խոսքով: Մեջբերելով սատանային Աստծո Խոսքը՝ այս կերպ. «…Գրված է…», այդ Ճշմարտությունները դառնում են ոչ միայն Նրա համար պաշտպանվելու միջոց, այլև հարձակման զենք, որովհետև Աստծո Խոսքը՝ Հոգու սուրն է (Եփեսացիս 6.17):

Մեր հավատքի վահանի չափը և Հոգու սուրի կիրառման արդյունավետության մակարդակը որոշվում են Աստծո Խոսքի քանակով, որը տնկված է մեր կյանքերում:

Մենք կարող ենք մեծացնել մեր հավատքի վահանը և Հոգու սուրի կիրառման հմտությունները՝  նշելով այն գայթակղությունը, որով հակառակորդը հարձակվում է մեզ վրա, և հավատքով հռչակելով խոսքերը, որոնք կարող են դիմագրավել այդ հարձակումներին:

Օրինակ՝ ստելու գայթակղության դեմ. «Սուտ մի խոսեք իրար հետ» (Կողոսացիս 3.9):

Շնության գայթակղության դեմ. «Բայց ես ասում եմ ձեզ, թե ամեն ով որ մի կնկա վրա մտիկ տա՝ նրան ցանկանալու համար, նա արդեն շնացավ նրա հետ իր սրտի մեջ» (Մաթևոս 5.28):

Հիասթափության գայթակղության դեմ. «Եվ չձանձրանաք բարին գործելուցը, որովհետև իր ժամանակին կհնձենք՝ եթե չթուլանանք» (Գաղատացիս 6.9):

Նախքան գրի կառնենք մեր պատասխանված աղոթքները, եկեք գնահատենք՝ արդյոք ունե՞նք հավատք, որը սպասում է Աստծո գործելուն:

Բիլլ Գոտարդ