Դանիել Կոլանդան իր ծառայության մասին

Դանիել Կոլանդան, ով ներկայումս «Քրիստոսը բոլոր ազգերի համար» ծառայության նախագահն է և միջազգային ավետարանիչ Ռայնհարդ Բոնկեի փոխարինողը, կիսվում է իր ծառայության և այն մասին, թե ինչպես սկսեց ծառայել Բոնկեի հետ միասին միջազգային արշավներում:

«Ես անցել եմ իրադարձությունների տարբեր շրջադարձեր՝ Ֆլորիդայում աշխատելով «Քրիստոսը բոլոր ազգերի համար» ծառայությունում: Սկզբում աշխատում էի պահեստում, որտեղ դարակներն էի դասավորում, ավլում էի հատակը: Ծառայության մեջ ունեի ամենացածր դիրքերից ամենացածրը: Եվ պետք է խոստովանեմ. ինձ այնքա՜ն երջանիկ էի զգում: Եվ հետո մեկ օր Ռայնհարդ Բոնկեն եկավ ու տեսավ ինձ՝ նստած սեղանի մոտ:

Նա մոտեցավ իմ ղեկավարին և ասաց. «Հարցրու այդ երիտասարդին, թե արդյոք նա ցանկանո՞ւմ է ինձ հետ ճամփորդել՝ որպես իմ օգնական»:

Ղեկավարս մտավ իմ սենյակ և հարցրեց՝ «Արդյոք ցանկանո՞ւմ ես Ռայնհարդ Բոնկեի հետ ճամփորդել՝ որպես իր օգնական»:

Այդ պահին ես փորձում էի հանգստություն պահպանել:

Ասացի. «Թույլ տվեք՝ աղոթեմ դրա համար,- ու միանգամից ավելացրեցի,- այո՛»:

Այդպես սկսեցի ճամփորդել նրա հետ ողջ աշխարհով մեկ՝ որպես իր օգնական. կրում էի նրա պայուսակները, նրա կոշիկները՝ սրբում:

Մենք սկսեցինք ավելի լավ ճանաչել իրար: Եվ քիչ-քիչ նա սկսեց ինձ հնարավորություն տալ ծառայելու:

Եկավ մի օր, երբ նա ասաց՝ «Ես հավատացած եմ, որ դու պետք է լինես մեկը, ով կտանի այս ծառայությունը հաջորդ սերնդին»:

Սկզբում խնդրեց ինձ տասը րոպե քարոզել: Ասաց. «Ես քեզ կտամ տասը րոպե: Տասը րոպեից ավելի մի քարոզիր և ապաշխարության կանչ մի արա»:

Ասեմ, որ այդ օրը ես անգիր էի սովորել այդ տասը րոպեանոց քարոզի ամեն մի բառը: Հավանաբար նրա դուրը եկավ այն, ինչ ես արեցի, որովհետև հաջորդ արշավին ինձ խնդրեց նորից անել դա: Այնպես որ, մի որոշ ժամանակ մենք այդպես էինք անում: Հետո մեկ օր ասաց. «Գիտե՛ս, այս արշավի ժամանակ մենք ունենալու ենք հինգ մեծ հավաքույթ: Այս անգամ ես ցանկանում եմ, որ մի հավաքույթը ամբողջությամբ դու անցկացնես. կանչես ապաշխարության, աղոթես հիվանդների համար, անես ամեն բան, իսկ մնացած չորսը ես կանցկացնեմ»:

Մի որոշ ժամանակ այդպես էինք անում: Հետո մեկ օր Բոնկեն ասաց, որ ինքը երեք հավաքույթը կանցկացնի, ես՝ մնացած երկուսը: Հետո ես՝ երեքը, նա՝ երկուսը: Հետո էլ նա մեկն էր անցկացնում, ես՝ չորսը:

Մեկ օր էլ ասաց. «Ես չեմ գալիս քեզ հետ արշավի, դու կգնաս և կանես ամեն բան միայնակ»: Այդ ծառայությանը մենք տեսանք, թե ինչպես մարդկանց թիվը 30 հազարից հասավ 650 հազարի: Մի ծառայության ընթացքում զարմանահրաշ երևույթներ տեղի ունեցան. կույրերը սկսեցին տեսնել, կաղերը՝ քայլել: Մարդիկ արտասվում էին ու կատարվածի մասին իրենց հիացմունքով կիսվում…

Այս ծառայությունը շարունակվելու է ևս 50 տարի: Եվ սա, իրականում, մեր բոլորի սրտերի կանչն է, ոչ թե պարզապես մեկ մարդու գաղափար: Հարցը ո՛չ ինչ-որ մարդու անվան, ո՛չ էլ ծառայության մեջ է: Այս ծառայությունը, իրականում, մարդկային հոգիների, մարդկանց մեջ է, ովքեր գտնում են իրենց ճանապարհը Քրիստոսի Խաչի մոտ և ընդունում Նրանից բոլոր ժամանակների մեծագույն պարգևը՝ հավիտենական կյանքը»: