Մովսեսը չի մտնում խոստացված երկիր. ինչո՞ւ

Մի՞թե Աստված արդար չէ: Երբեմն կյանքն անարդար է թվում, երբ նայում ենք մեզ շրջապատող մարդկանց, ովքեր մեր կարծիքով՝ ավելի հաջողակ են, կամ էլ Աստված նրանց հանդեպ ավելի բարի է, հատկապես, երբ արտաքինից ենք դատում: Բայց եթե մեկ քայլ հետ գնանք և նայենք ամեն ինչին ավելի ուշադիր և խորը, կբացահայտենք, որ գոյություն չունի այդ «արդար չէ» արտահայտությունը, երբ բեմահարթակում Աստված է:

Թվոց 27-րդ գլխի գլխավոր թեմաներից մեկը Մովսեսից առաջնորդի դերի փոխանցումն է Նավեան Հեսուին, որը կատարվում է Իսրայել ժողովրդի Խոստացված Երկիր մուտք գործելուց առաջ: Թվոց 27.12-18-ում մենք կարող ենք հետևել իրադարձությունների զարգացմանը:

«Եվ Եհովան Մովսեսին ասաց. վեր ելիր այս Աբարիմի սարը և տես այն երկիրը, որ Իսրայելի որդկանցը պիտի տամ. և նրան կտեսնես և հետո դու էլ քո ժողովրդի հետ կժողովվես, ինչպես որ քո եղբայր Ահարոնը ժողովվեցավ… Որովհետև դուք իմ հրամանի դեմ ապստամբություն արիք Սին անապատումը ժողովքի հակառակություն արած ժամանակը և նրանց առաջին ինձ չսրբեցիք այն ջրի մոտ։ (Այս է Կադեսի Մերիբայի ջուրը Սին անապատումը)։ Եվ Մովսեսը խոսեց Եհովայի հետ և ասաց. բոլոր մարմնի հոգիների Աստվածը Եհովան այս ժողովրդի վրա մի մարդ նշանակի, որ նրանց առաջին դուրս գա և նրանց առաջին մտնի, և նրանց հանի և նրանց մտցնի, և Եհովայի ժողովքը չլինի ոչխարների պես, որ հովիվ չունեն: Եվ Եհովան ասաց Մովսեսին. առ քեզ մոտ Նավեի որդի Հեսուին, որի վրա Հոգի կա, և ձեռքդ նրա վրա դիր»:

Նախ կարևոր է նկատել, որ Աստված, Իր մեծ բարության համեմատ, հոգ է տանում այն մասին, որ Մովսեսն իր աչքերով տեսնի Խոստացված Երկիրը մահից առաջ: Երբեմն մենք ունենք առավելություն՝ տեսնելու մեր սեփական ջանքերի արդյունքը, բայց մյուս դեպքերում էլ միայն հաջորդ սերունդն է ճաշակելու ու հնձելու այն, ինչ մենք ցանել ենք: Եվս մեկ կարևոր պահ կա այս հատվածում. դա Մովսեսի սիրտն է՝ որպես ճշմարիտ հովվի, ում այդ կարևոր պահին սեփական անձը չի մտահոգում, այլ այն, թե ով է հովվելու Իսրայելի ժողովրդին: Այսօր հիասքանչ կլիներ նման տեսակ մտահոգություն տեսնել մերօրյա աշխարհում, հատկապես առաջնորդների շրջանում:

Իսկ Մովսեսի ստացած հրամանի վերաբերյալ, հավանաբար, դուք կարող եք ասել՝ «Աստված արդար չէ: Ինչո՞ւ Մովսեսը՝ Եգիպտոսից Իսրայելի ելիցի մեծ առաջնորդը, Աստծո մարգարեն և իր ժողովրդի հավատարիմ ծառան, չկարողացավ մտնել Խոստացված Երկիր մեկ սխալի պատճառով»: Սակայն Աստված հիմնավոր պատճառներ ուներ դրա համար: Մովսեսն անկասկած ուներ աստվածային կոչում իր կյանքի համար և կարևոր դեր էր խաղում Իսրայելի՝ որպես ժողովուրդ վերածնման գործում Սինա լեռան վրա և Իսրայելին Աստծո օրենքներն ու պատվիրանները փոխանցելու մեջ, որոնք ժողովուրդը պետք է պահեր:

Բայց Մովսեսը, ով հոգևորապես ներկայացնում է Աստծո օրենքի փոխանցումը ժողովրդին, չէր կարող լինել մեկը, ով Իսրայելին կբերեր Խոստացված Երկիր՝ այդ իրադարձության ավելի խորը նշանակության պատճառով: Իսրայելի մուտքը Խոստացված Երկիր՝ ամեն մարդու՝ Աստծո հետ ճիշտ փոխհարաբերությունների մեջ մտնելու հոգևոր մուտքի խորհրդանիշն էր: Պողոս առաքյալը Հռոմեացիս 3.20-ում բացատրում է, որ օրենքը բացահայտում է մեր մեղքերը, բայց չի փրկում մեզ դրանից.

«Որովհետև օրենքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանա նրա առաջին, որովհետև օրենքովը լինում է մեղքի գիտություն»:

Հենց այս պատճառով կրոնը և օրենքը պահելը երբեք մեզ Աստծուն բերել չեն կարող և դրանք չեն, որ մեզ մուտք են տալու դեպի Խոստացված Երկիր:

Բայց Աստված, Իր սիրո և ողորմության համեմատ, նշանակում է նոր հովվի՝ Հեսու անունով, ինչը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Աստված կփրկի», որպեսզի նա ժողովրդին հասցնի և մտցնի Խոստացված Երկիր: Մինչդեռ Մովսեսը խորհրդանշում է Աստծո Օրենքը, որը բացահայտում է մեր մեղքերը և փրկագնման մեր անհրաժեշտությունը, Հեսուն խորհրդանշում է բարի հովվի փրկարար ձեռքը, ով իր ժողովրդին կմտցնի «Խոստացված Երկիր»: Հեսու անունը մարգարեական իմաստով մատնանշում է ավելի կարևոր անուն, որը վեր է բոլոր անուններից և որն ունի նույն նշանակությունը՝ Իեշուա (Հիսուս)՝ «Նա իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերիցը» (Մաթևոս 1.21):

Դուք պայքարում եք Աստծո հետ, կամ զգում եք անարդարություն ձեր կյանքում: Ճշմարտությունը նրանում է, որ Իսրայելի նման և անգամ Մովսեսի, մենք բոլորս արժանի ենք մահվան և դատաստանի մեր ըմբոստության ու մեղքի պատճառով, բայց փառք Աստծուն Հեսուի կերպարի համար: Նա Հիսուս Մեսիայի խորհրդապատկերն է՝ Բարի Հովվի, Ով միակն է և Ով կարող է մեզ բերել Աստծո ներկայության մեջ՝ հավիտենական Խոստացված Երկրում:

Աղբյուր՝ oneforisrael.org