Ամուսինը եկել էր իր մահացող կնոջ մոտ

Նա հայտնաբերեց ինձ հիվանդասենյակում դառնորեն արտասվելիս:

«Ի՞նչ է պատահել»,- հարցրեց Ռիչարդը՝ քաջ գիտակցելով, որ երկուսս էլ ունենք առիթ՝ լաց լինելու: Վերջին 48 ժամերի ընթացքում ես իմացել էի, որ իմ կրծքում հայտնաբերվել է քաղցկեղային գոյացություն, որը տարածվել էր իմ ավշային հանգույցներով, և ինչ-որ կասկածելի մթագնումներ էին լինում իմ ուղեղում:

Ես 32 տարեկան էի, երեք երեխաների մայր: Ռիչարդը ամուր գրկեց ինձ ու փորձեց հանգստացնել: Մեր ընկերներն ու հարազատները ապշած էին դժբախտությամբ, որը ներխուժել էր մեր ընտանիք: Հիսուսը մեր Փրկիչն ու մխիթարությունն էր, մինչ ես իմացա, որ քաղցկեղ ունեմ, և մեր հարաբերությունները չփոխվեցին ախտորոշմանս մասին իմանալուց հետո:

Նա ամուր գրկել էր ինձ:

«Այս ամենը շատ ծանր է, այնպես չէ՞»,- ինձ գրկելով ու փորձելով հանգստացնել՝ ասաց Ռիչարդը:

«Խոսքերով չես նկարագրի, թե որքան ծանր…»,- գոռացի ես ու բարձրացրեցի ձեռքումս պահած փոքրիկ հայելին, որը քիչ առաջ էի գտել տուփի միջից: Ռիչարդը վախեցավ:

«Ես չգիտեի, որ սա այսպես է լինելու»,- գոռում էի ես սարսափով՝ նայելով իմ արտացոլանքը հայելու մեջ: Ինքս ինձ չէի ճանաչում: Սարսափելի այտուցված էի: Վիրահատությունից հետո, երբ դեռ ուշքի չէի եկել, դեղորայքի չափաբաժինը մեծացրել էին, որպեսզի թեթևացնեին այն, ինչը նրանք ցավ էին անվանում: Սակայն, ցավոք, ես ալերգիկ էի այդ դեղի հանդեպ և արդյունքում՝ ամբողջովին այտուցվել էի:

Ամբողջ պարանոցս, ուսերս, կուրծքս կարմիր էին: Խողովակ էր ամրացված կրծքավանդակիս՝ վիրահատական միջամտությունից հետո հեղուկն արտաբերելու համար: Ձախ ուսս ու կրծքիս ձախ կողմը ամուր փաթաթված էին բինտով՝ ծածկելով կրծքիս այն մասը, որը ես կորցրել էի: Իմ երկար ու փարթամ մազերը գլխիս վերևի մասում մի գունդ էր արված: Ավելի քան 100 մարդ էր այցելել ինձ վերջին 48 ժամերի ընթացքում, և նրանք բոլորը տեսել էին շագանակա-սպիտակ, ուռած, առանց շպարի, ալեհեր մի կնոջ, ով նախկինում ես էի: Ո՞ւր էի հիմա ես անհետացել…

Ռիչարդը ինձ պառկեցրեց բարձի վրա:

Նա պառկեցրեց ինձ ու դուրս եկավ սենյակից: Վայրկյաններ անց վերադարձավ, ձեռքին փոքրիկ ամանով շամպուն էր: Պահարանից հանեց բամբակե փոքրիկ բարձիկներ, աթոռը մոտեցրեց լվացարանին: Հետո իմ կրծքագեղձից կախված խողովակի ծայրը դրեց իր զգեստի գրպանը, որպեսզի կախված չմնար, ապա գրկեց ինձ ու տարավ դեպի աթոռը: Նա նրբորեն նստեցրեց ինձ իր ծնկներին, զգուշորեն իմ գլուխը հենեց լվացարանին ու սկսեց լվանալ մազերս: Հետո փաթաթեց դրանք սրբիչով, ինձ հետ տարավ, պառկեցրեց անկողնու մեջ ու հետ դրեց խողովակը: Նա այնքա՜ն քնքշորեն ու սիրով արեց այդ ամենը, որ վիրահատության ոչ մի կար չէր վնասվել:

Այդ ամենը ինձ զվարճացնում էր:

Իմ ամուսինը, որ երբևէ իր կյանքում մազեր չէր չորացրել, չգիտեմ՝ որտեղից ֆեն էր գտել և սրբիչով մազերս չորացնելուց հետո սկսեց ֆենել այն՝ ձևացնելով, իբրև թե գեղեցկության սրահում ենք: Հետո, հիմնվելով այն փորձի վրա, որ նա հետևել էր մեր համատեղ կյանքի 12 տարիների ընթացքում, թե ես ինչպես եմ իմ մազերը հարդարում, սկսեց նույն կերպ հարդարել: Ես ծիծաղում էի, երբ նա հուզմունքից կծեց իր շրթունքը այդ ամենը անելիս՝ ձգտելով ոչ մի սխալ թույլ չտալ, ինչպես վարսավիրի աշակերտը, ով իր առաջին լուրջ գործն է անում:

Ավարտելով մազերիս խնամքը՝ նա լվաց իմ ուսերն ու պարանոցը փափուկ սպունգով, որը թրջել էր գոլ ջրում ու այնպե՜ս զգուշորեն էր լվանում վերքիս կողքերը, որպեսզի հանկարծ չվնասեր, իսկ հետո փափկեցնող կրեմ քսեց այդ ողջ տարածքով:

Իսկ ամենազվարճալին այն մասն էր, երբ նա բացեց իմ պայուսակն ու սկսեց շպարել դեմքս: Երբեք չեմ մոռանա մեր ծիծաղը, երբ նա փորձում էր օգտագործել իմ թարթչաներկը, ապա մի փոքր գույն հաղորդել իմ այտերին: Ես ամուր բացել էի աչքերս ու շունչս պահել, երբ նա թարթիչներս էր ներկում: Իսկ կարմրափոշին դեմքիս քսելուց առաջ խոնավ բամբակով մաքրեց մաշկս:

Ապա հանեց երկու շրթներկ. «Ո՞րը սրանցից՝ վարդագո՞ւյնը, թե՞ մեղմ նարնջագույնը»,- հարցրեց նա: Ընտրված շրթներկը քսեց իմ շուրթերին՝ ինչպես գեղանկարիչը վերջին վրձնահարվածները կաներ իր ստեղծած գլուխգործոցի վրա: Այդ ամենից հետո միայն տվեց ինձ այն նույն փոքրիկ հայելին…

Ես նորից մարդ էի դարձել, մարդկային տեսք էր եկել դեմքիս: Ճիշտ է՝ մի փոքր նկատվում էր այտուցվածությունս, բայց ես ինձ մաքուր էի զգում, անուշահոտ մազերս փափուկ իջել էին ուսերիս, և ես ճանաչեցի ինձ:

«Դե, ինչպե՞ս է»,- հարցրեց նա:

Ես նորից արտասվեցի, այս անգամ, որովհետև շնորհակալ էի նրան:

«Ո՛չ, սիրելիս, այսպես դու կքանդես իմ աշխատանքը»,- ասաց նա, ու ես նորից ծիծաղեցի:

Աստծո մխիթարությամբ

Այդ դժվարին ժամանակներում ինձ տալիս էին ընդամենը 40 տոկոսով ապրելու հույս, այն էլ՝ 5 տարի: Դա 7 տարի առաջ էր: Ես ապրեցի այս տարիները ծիծաղով, Աստծո մխիթարությամբ, բժիշկների զարմանքով և իմ հիասքանչ ամուսնու օգնությամբ: Մեր երեխաներն արդեն պատանեկան հասակում են:

Այն, ինչը ես տարիներ շարունակ համարել էի բնական ու գիտակցական, այդ ժամերին 100 անգամներով մեծ ու արժեքավոր էին դառնում ինձ համար: Մի փոքրիկ բարի արարքով Ռիչարդը նվիրեց ինձ հույս նորմալ կյանքի համար: Ես միշտ այդ րոպեները կընդունեմ՝ որպես իմ ամուսնու իմ հանդեպ դրսևորած ամենասիրառատ քայլը:

Աղբյուր՝ bible-facts.ru