Ես գտա Հիսուսին, Ով սովորեցնում է սիրել մարդկանց. հրեայի վկայությունը

«Ես երբեք չեմ հավատա Հիսուսին: Ես հրեա եմ ծնվել և կմահանամ հրեա: Ինչպե՞ս դու կարող ես սպասել ինձնից, որ ես կհավատամ Աստծուն, հանուն որի սպանում էին իմ ժողովրդին: Ինձ համար կարևոր չէ, որ դա ճշմարտություն է: Ես երբեք չեմ հավատա Հիսուսին». ահա այսպիսին էր իմ սկզբունքը:

Ես մեծացել եմ հրեական ընտանիքում: Իմ հայրն ու մայրը ներգրավված էին տեղական ժողովարանի կյանքում, և մենք այնտեղ էինք լինում ամեն ուրբաթ կամ շաբաթ: Ժողովարանում մենք տոնում էինք տոները, Փեսախը տանն էինք անցկացնում, և տարիքի հետ իմ հրեական ինքնությունն ինձ համար գնալով ավելի նշանակալի էր դառնում:

Ես որոշեցի ընդունվել քոլեջ, որտեղ էլ ընտրեցի լուսանկարչի մասնագիտությունը: Եվ մի քանի տարի աշխատելուց հետո ձեռնամուխ եղա իմ նվիրական երազանքի իրականացմանը՝ սովորել սահել դահուկներով:

Մեկնեցի Ասպեն՝ Կոլորադո նահանգ, որտեղ ոչ ոքի չէի ճանաչում, գնեցի տոմս և սկսեցի մարզվել: Ասպենը դրախտավայրի էր նման, և ես ցանկանում էի այնտեղ ապրել մնացյալ ողջ կյանքս:

Իմ դահուկային այդ շրջանում հանդիպեցի մի երիտասարդ կնոջ: Հավանաբար, նա ամենազարմանահրաշ անձնավորությունն էր, որին ես երբևէ հանդիպել էի իմ կյանքում: Նա սկսեց խոսել ինձ հետ իր հավատքի և Աստծո մասին և ասաց ինձ, որ քրիստոնյա է, ի պատասխան՝ ես ասացի. «Հիասքանչ է, իսկ ես հրեա եմ»:

Նա շարունակեց ինձ հարցեր տալ, թե արդյոք հավատո՞ւմ եմ Աստծուն.

– Այո՛, ես հավատում եմ Աստծուն,- պատասխանեցի ես:

– Իսկ ինչպիսի՞ն է Աստված. արդար և սո՞ւրբ,- հարցրեց նա:

– Ի՞նչ: Ի՞նչ նկատի ունես՝ ասելով. «ինչպիսի՞ն է Նա»,- հարցրեցի ես և շարունակեցի,- գիտես, այո՛, Նա ուրիշ է: Հասկանո՞ւմ ես՝ ես ու դու այստեղ ենք՝ ներքևում: Նա հավիտենական է, իսկ մենք՝ սահմանափակ:

Նա շարունակում էր ինձ հարցեր տալ Աստծո մասին և այն մասին, թե կոնկրետ ինչի՞ն եմ ես հավատում Աստծո հետ կապված և ինչո՞ւ եմ հավատում: Եվ որքան ավելի էր հարցնում, այնքան ավելի էի հիասթափվում նրանից ու բարկանում նրա վրա:

«Ինչպե՞ս դու կարող ես ակնկալել, որ ես կհավատամ մի Աստծո, ում պատճառով իմ ժողովուրդը սպանվում էր 2000 տարի շարունակ»,- ասացի ես:

Նա ինձ թվում էր նեղ մտածելակերպով ծայրահեղական հայացքների տեր մեկը:

Բայց ժամանակի հետ, երբ նա շարունակ ինձ հարցեր էր տալիս, թե ինչի եմ հավատում և ինչու, ես սկսում էի հասկանալ, որ, միգուցե, հենց ես եմ այդպիսի ծայրահեղական հայացքների տեր:

Ես գիտեի, որ հրեաները «Հիսուսին չեն հավատում»: Ես գիտեի, որ «դու չես կարող հրեա լինել և հավատալ Հիսուսին»: Բայց որքան ավելի էր նա ինձ ստիպում բացատրել,  թե ինչու եմ ես իմ հավատքը ճշմարտություն համարում, այնքան ավելի էի հասկանում, որ ես չգիտեմ այլ բացատրություններ, բացի «որովհետև»-ներից:

Նրա հեռանալուց հետո որոշեցի. «Ես կսկսեմ Աստվածաշունչ կարդալ ինքս, որպեսզի իմանամ, թե ինչ է նրանում ասվում: Եվ իհարկե, չեմ էլ մոտենա Նոր Կտակարանին, որովհետև ինձ քաջ հայտնի է, որ Նոր Կտակարանը «հեթանոսների տատիկների հեքիաթներն» են: Եվ ես ոչ մի ընդհանուր բան չունեմ դրա հետ»:

Եվ գիտեք, թե ինչ բացահայտեցի. բացահայտեցի այն, որ այդ կնոջ Աստվածը՝ Իմ Աստվածն է. Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը: Դա խորապես դիպչեց իմ սրտին: Դա ինձ շատ հուզեց ներսից, որովհետև ստիպեց գիտակցել, որ կամ ես չգիտեմ իմ սեփական Աստծուն, կամ նվազագույնը՝ քիչ բան գիտեմ Նրա մասին:

Աստվածաշունչը կարդալով՝ սկսեցի ավելի ու ավելի գիտակցել Աստծո հետ իմ փոխհարաբերությունների մասին: Եվ հասա այն կետին, որ սկսեցի անձնապես աղոթել, պարզապես զրուցել Աստծո հետ. «Աստվա՛ծ, եթե Հիսուսը Մեսիան է, և Դու ցանկանում ես, որ ես հավատամ Նրան, ապա ես պատրաստ եմ անել դա, բայց միայն՝ եթե դա ճշմատություն է: Որովհետև եթե դա այդպես չէ, ապա վերջինը, որ ցանկանում եմ անել, դա մարդուն երկրպագելն է և կռապաշտ դառնալը»: Հասա նրան, որ սկսեցի լրջորեն մտածել, թե ինչ է ինձ համար նշանակում հավատալ Հիսուսին: Դե, գիտեք, թե ինչ կմտածեին իմ ծնողները, ինչ կմտածեին իմ եղբայրները, ինչ կմտածեր իմ ընկերների 90%-ը:

Ես ասես մի ձայն լսեի գլխիս մեջ. «Դե՛ննի, դու ճիշտ ես: Դու ընտրելու ես Ինձ հետևելու և մնացածներին հետևելու միջև»:

Հետո ներսումս հնչում էր. «Եթե Աստված Աստված է, ապա Նա գլխավորն է: Դու անում ես այն, ինչ Նա է ասում, և եթե դա ունի գին, ապա այն արժե այդ գինը»:

Այդ կինը վերադարձավ ամռանը և վերադառնալով՝ իր հետ մի յուրահատուկ գիրք բերեց: Գիտե՞ք, թե ինչ էր այդ գրքի անունը՝ «Ի՞նչ է քեզ պես լավ հրեա տղան անում մկրտական եկեղեցում»: Բոլոր հարցերը, որ ծագել էին մտքիս մեջ, բայց որոնք ես չէի համարձակվում ուղիղ հարցնել, բարձրացվում էին այդ գրքում:

Հիսուսը հրեա էր, և առաքյալները հրեա էին, և ողջ Նոր Կտակարանը, Նոր Կտակարանի բոլոր գրքերը գրվել են հրեաների կողմից: Մինչ այդ պահը ես երբեք Նոր Կտակարանը չէի բացել: Բայց այդ գիրքը կարդալիս՝ սկսեցի բացահայտել այն ինձ համար:

Ես մեծացել եմ հրեաների և կաթոլիկների հետ: Եվ Հիսուսն ու Նոր Կտակարանը ինձ համար նույնանում էին այդ երեխաների և այն ատելության հետ, որ նրանք տածում էին իմ հանդեպ: Ես ցնցված էի, երբ իմացա մի բան, որը լիովին հակառակ էր իմ վերապրածին:

Ես ճանաչեցի մի հրեայի, ով խոսում էր հրեաներին հետաքրքրող թեմաների մասին՝ հրեաներին հատուկ ձևով, ով սովորեցնում էր սիրել իրենց թշնամիներին, սիրել բոլոր մարդկանց, ոչ թե այն ատելությունը, որ ես էի տեսել: Այն Հիսուսը, ով «հեթանոսների աստված էր» իմ պատկերացման մեջ և ատում էր հրեաներին, սկսեց վերանալ, որովհետև Նրան եկավ փոխարինելու իրական Հիսուսը:

Երբ ավարտեցի գրքի ընթերցանությունը, այդ կինը հարցրեց ինձ.

– Ի՞նչ ես մտածում գրքի մասին:

– Այն լավն է, ինձ դուր է գալիս: Կարծում եմ, որ այն կօգնի ինձ բացատրել որոշակի բաներ իմ ծնողներին:

Նա հարցրեց ինձ.

– Ուզում ես ասել՝ հավատո՞ւմ ես, որ Հիսուսը Իսրայելին խոստացված Մեսիան է:

Եվ ես ասացի՝

-Այո՛:

– Հիմա դու հավատո՞ւմ ես, որ Նա մահացավ հռոմեական խաչի վրա՝ վճարելով մեր մեղքերի համար:

-Այո՛:

– Եվ դու հավատո՞ւմ ես, որ Նրա հանդեպ հավատքով և այն ամենի, ինչ Նա արել է քեզ համար Խաչի վրա, քո մեղքերը ներված են, և դու ստանում ես նոր կյանք Աստծո հետ:

-Այո՛,- ասացի ես:

Եվ հավանաբար, ձեզ նույնպես հետաքրքրեց այս առեղծվածային կնոջ կերպարը Կանզաս Սիթիից՝ այդ լրագրող կնոջ, ով մեծ ազդեցություն ունեցավ իմ կյանքի վրա: Այո՛, ձեր հետաքրքրությունը տեղին է: Ես մոտ կես տարի վազում էի նրա հետևից, մինչև որ նա վերջապես համաձայնեց ինձ հետ ամուսնանալ: Եվ մենք ապրեցինք միասին երջանիկ ամուսնության մեջ գրեթե 39 տարի:

Գալով Հիսուսի հանդեպ հավատքին՝ ես կարիք ունեցա ևս մի քանի ամսի, որպեսզի համարձակություն հավաքեի հավատքիս մասին ընտանիքիս պատմելու, որովհետև գիտեի, որ դա դժվար է լինելու նրանց համար:

Ինձ դուր է գալիս Աստծո համառությունը Իր ժողովրդի նկատմամբ: Նույն կերպ, ինչպես Նա ուղարկեց մեկին իմ կյանք՝ պատմելու ինձ Մեսիայի մասին, եղան մարդիկ, ովքեր օգնեցին իմ մորը՝ գալու հավատքի 86 տարեկան հասակում: Եվ դա մեծագույն պատիվն էր ինձ համար՝ նրանց հետ միասին իմ մորը Մեսիայի հանդեպ հավատքի բերելը:

Դեն Ստրալլ