Երբ թշնամին է բերում մարգարեական խոսք Աստծուց

Հետևելով Հուդայի հնագույն թագավորության կործանմանը՝ մենք պետք է այդ պատմության մեջ տեսնենք ոչ այնքան նախասահմանություն և մի բանի դատապարտված լինելու հավանականություն, որքան մարդկանց ընտրությունը, մարդու համառությունը իր մեղքի մեջ:

Այս տխուր պատմության վերջում պատմողը բարոյականության մի դասով ամփոփում է այն, որում էլ մենք հստակ տեսնում ենք Աստծո բարությունը և մարդկանց կործանարար համառությունը:

«Քահանաների բոլոր իշխաններն ու ժողովուրդն էլ խիստ շատ անօրենություններ արեցին ուրիշ ազգերի բոլոր գարշությունների պես և պղծեցին Տիրոջ տունը, որ նա սրբել էր Երուսաղեմում։ Եվ նրանց հայրերի Տեր Աստվածն ուղարկում էր նրանց իր պատգամավորների ձեռքով առավոտանց կանուխ իր պատգամները, որովհետև խնայում էր իր ժողովրդին ու իր բնակարանին, բայց նրանք անարգում էին Աստծո պատգամավորներին և արհամարհում էին նրա խոսքերը և ծաղրում էին նրա մարգարեներին, մինչև որ բարձրացավ Տիրոջ բարկությունն իր ժողովրդի վրա այնպես, որ բժշկություն չմնաց» (Բ Մնացորդաց 36.14-17):

Աստված տվել էր երկրորդ հնարավորություն անգամ ամենաընկած մեղավորներին: Եվ Աստված առատորեն օրհնում էր նրանց, ովքեր գոնե մեկ քայլ էին անում դեպի Իրեն:

Հովսիան արժանի վերջին թագավորն էր, մեծ ռեֆորմատոր: Նա իր բոլոր հնարավորություններն օգտագործում էր իր ժողովրդին դեպի իրենց հայրերի Աստվածը դարձնելու համար: Նա Աստծո Խոսքն էր որոնում , որոնում էր Աստծո Խոսքի մեջ փրկություն և հույս: Նա լսում էր Օրենքի գրքերին, նա սիրում էր ականջ դնել մարգարեներին: Նա ինքն էլ դառնում է մարգարե, որովհետև անձամբ էր կարդում ժողովրդի հետ ուխտի գիրքը և բոլորին հորդորում Աստծո հրամաններին հետևել:

Նա, ով որոնում է Աստծո Խոսքը, ուշադիր կլինի Աստծուց ուղարկվածների և մարգարեների նկատմամբ: Հովսիան այդպիսին էր:

Բայց մեկ օր նա չկարողացավ զանազանել Աստծուց ուղարկվածին, և դա կործանեց թե՛ իրեն, թե՛ իր թագավորությունը:

Պարզվում է՝ մարգարեական խոսքը կարող է բերել անգամ թշնամին, ինչպիսին էր այս դեպքում Եգիտոսի փարավոն Նեքավովը:

Փարավոնը շտապում է մեկ այլ պետության հետ պատերազմի և խնդրում Հովսիային չխանգարել իրեն, ճանապարհ տալ. «Նա պատգամավորներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ով Հուդայի թագավոր. ես այսօր քեզ դեմ չեմ, այլ ինձ հետ պատերազմողի տան դեմ. և Աստված հրամայել է ինձ, որ շտապեմ. ետ քաշվիր ինձ հետ եղող Աստվածանից, որ քեզ չփչացնի» (Բ Մնացորդաց 35.21): Բայց Հովսիան «երեսը նրանից չշրջեց…  չլսեց Աստծո բերանից դուրս եկած Նեքավովի խոսքին»: Այս բարեպաշտ թագավորը չհասկացավ և չընդունեց Աստծո Խոսքը փարավոնի շուրթերից: Եվ այդ չնախատեսված, օտար պատերազմում էլ նա իր մահկանացուն կնքեց, իսկ նրա հետ էլ՝ Հուդայի հույսը:

Երբեմն Աստված խոսում է մեր թշնամիների միջոցով, ովքեր, եթե նրանց ականջ դնենք և լսենք, կարող է պարզվել, որ ընդհանրապես էլ թշնամի չեն մեզ: Եթե մենք պատրաստ ենք լսել Աստծուն, ապա պետք է սովորենք տեսնել և լսել Նրանից ուղարկվածներին ամենուր և միշտ՝ «առավոտանց կանուխ»:

Միխայիլ Չերենկով