Թռիչք շարժասայլակի վրա. Ահարոն Ֆոթերինհեմի մասին

Ահարոն Ֆոթերինհեմը ծնվել է ողնաշարի հիվանդությամբ, և 23 վիրահատություններն անգամ չեն վերադարձրել նրան քայլելու հնարավորությունը: Բայց 18 տարեկանում նա դառնում է աշխարհում առաջին անդամալույծ սպորտսմենը, ով կատարում է երկակի սալտո դեպի հետ ցատկահարթակի վրա և հայտնվում Գինեսի ռեկորդների գրքում: Ինչպե՞ս է նման բան հնարավոր:

Փաստորեն, այս հաշմանդամ տղան դարձել է սպորտսմեն և անգամ հնարել սպորտի մի նոր տեսակ:

Ահարոնը ծնվել է 1991թ-ին Լաս Վեգասում: Իրական ծնողները հրաժարվել են նրանից, և նա եղել է 6 երեխաներից մեկը, որ որդեգրվել է Սթիվ և Քայլին Ֆոթերինհեմների ընտանիքի կողմից: Ողնաշարի ճողվածքը, որը նա ուներ ի ծնե, ստիպել է նրան 3 տարեկանից քայլել հենակներով, իսկ 8 տարեկանում՝ ընդհանրապես տեղափոխվել անդամալույծի սայլակի վրա:

Տղան փոքրուց հետևել է իր եղբորը, ով զբաղվում էր սպորտի մի էքստրեմալ տեսակով՝ հեծանիվի վրա տարբեր հնարքներ կատարում: Նա պարզապես դիտորդ է եղել մինչև այն օրը, երբ եղբայրն ասել է. «Դու նույնպես ունես անիվներ: Չե՞ս ցանկանում փորձել»: Ահարոնը շատ էր ցանկանում մի տպավորիչ բան անել, բայց չէր ստացվում. նա անընդհատ ընկնում էր: Սակայն դա չէր խանգարում նրան՝ շարունակել փորձեր անել:

Եվ տղան սկսում է իր ողջ ազատ ժամանակն անցկացնել ցատկահարթակում: Անդադար անկումներն ու վնասվածքները չեն կարողանում ստիպել նրան՝ մտածել այդ վտանգավոր փորձերին վերջ տալու մասին: Փոխարենը նա նոր հնարքներ էր գտնում, որոնք կարելի էր կատարել՝ շարժասայլակին նստած: Եվ Box Designs ընկերության օգնությամբ նա հնարում է շարժասայլակի մի նոր ձև, որը կարող էր դիմանալ այդ բոլոր էքստրեմալ լարվածությանը:

Ի վերջո Ահարոնը ստանում է Wheelz (Անիվներ) մականունը՝ իր կատարած սալտոների համար: 2006թ-ին՝ 14 տարեկան հասակում, նա առաջին անգամ է սալտո կատարում շարժասայլակին նստած: Իսկ 4 տարի անց կարողանում է կատարել երկակի սալտո և միանում մի խումբ էքստրեմալի սիրահարների շրջագայությանը:

2012թ-ին Ֆոթերինհեմը կատարում է 15 մետրանոց թռիչք և բարեհաջող վայրէջք կատարում:

«Վնասվածքներ, իհարկե, եղել ու լինում են: Ես անգամ ուղեղի ցնցում եմ ստացել և ատամներս եմ կորցրել: Բայց երբեք չեմ հանձնվել ու չեմ հանձնվի»:

Աղբյուր՝ gcshelp.org