Աղոթքը փոխում է. Աղոթեք իշխանությունների և առաջնորդների համար

Աղոթքը փոխում է իրերի դրությունը: Այն կարող է անգամ «սարեր շարժել» (Մարկոս 11.23-24):

Աղոթքն այնքան կարևոր է, որ Հիսուսը սովորություն ուներ պարբերաբար աղոթելու վաղ առավոտյան՝ մինչև արևի բարձրանալը (Մարկոս 1.35): Նրա ամենակարևոր գործն այսօր մեզ համար երկնքում բարեխոսելն է (Հռոմեացիս 8.34):

Աղոթքը փոխում է մեզ: Այն փոխում է մեր կամքը. «ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ՝ ինչպես դու» (Մաթևոս 26.39): Այն հեռացնում է մեր մեղքը, մեր չներումը և մեր դեմ ուղղված հարձակումները. «Ազատիր մեզ չարիցը» (Մաթևոս 6.12-13):

Աղոթքը փոխում է աշխարհը մեր շուրջը: Այն իջեցնում է երկնքի կամքը երկրի վրա: Այն շարժում է հրեշտակային զորությունը՝ պատմությունը փոխելու համար (Դանիել 9.20-23, Հայտնություն 8.2-5): Այն կարող է անգամ արևը կանգնեցնել (Հեսու 10.11-13):

Մենք կանչված ենք՝ աղոթելու բոլոր մարդկանց համար, բայց հատկապես՝ կառավարության առաջնորդների համար և նրանց, ովքեր իշխանության գլուխ են կանգնած. «Արդ աղաչում եմ՝ ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք, գոհություն ամեն մարդկանց համար, թագավորների և ամեն իշխանավորների համար, որ խաղաղ և հանդարտ կյանք վարենք, բոլոր աստվածպաշտությունով և սրբությունով» (Ա Տիմոթեոս 2.1-2): Սա ռազմավարական կարևորության հարց է:

Մենք չենք կարող անձամբ ամեն մարդու համար աշխարհում աղոթել: Այս պատճառով, ակնհայտ է, որ մենք աղոթելու ենք նրանց համար, ովքեր ամենամեծ ազդեցությունն են ունենում այլ մարդկանց վրա: Երբ մենք աղոթում ենք պետական առաջնորդների համար, ըստ էության՝ աղոթում ենք այդ առաջնորդների իշխանության տակ գտնվող ժողովրդից ամեն մեկի համար, կամ նրանց, ովքեր ծառայում են այդ մարդկանց կողմից ներկայացվող կազմակերպություններում:

Ո՞վ այսօր ունի մեծագույն իշխանությունն ու ազդեցությունը աշխարհում. որոշակի անհատնե՞ր, թե՞ համաշխարհային կազմակերպությունների ղեկավարներ:

Պատկերացրեք, թե ինչպես դուք կկարողանայիք սկսել մի ամբողջ աշխարհի փոփոխության ընթացքը՝ ձեր փոքրիկ ներդրումով օրական 15 րոպե՝ հավատքի զորավոր, կենտրոնացված աղոթքով բանալի մարդկանց համար ձեր կառավարությունում, բիզնեսում, կրոնի բնագավառում կամ ԶԼՄ-ներում: Աղոթեք նրանց համար, ովքեր ձևավորում են այլ մարդկանց կարծիքը:

Մեր աղոթքները կարող են ազդել նրանց որոշման վրա: Կա մի բանալի, և այդ բանալին նրանց համար աղոթքն է: Առակաց 21.1-ն ասում է. «Թագավորների սիրտը ջրի վտակների պես է Տիրոջ ձեռքին, դեպի ուր որ էլ ուզենա՝ կդարձնի»: Համապատասխան մեր աղոթքների՝ Աստված կարող է ազդել համաշխարհային առաջնորդների վրա, ովքեր իրենց հերթին ազդում են իրենց շրջապատողների վրա:

Ես ցանկանում եմ ձեզ ոգեշնչել՝ ամեն օր կենտրոնացված աղոթել ձեզ հայտնի թեկուզ մի քանի իշխանավորների համար: Աստված կդարձնի նրանց, կուղղի՝ ճիշտ որոշումների ընդունմանը, և նրանք կգործեն Նրա կամքի համեմատ, անգամ եթե իրենք էլ չհասկանան, թե ինչպես դա կատարվեց: Սա շատ արդյունավետ միջոց է՝ աշխարհը դեպի լավը փոխելու:

Աշեր Ինթրեյթեր