Խաղաղություն Աստծո հետ

Դեղատուն է մտնում մի փոքրիկ աղջիկ և ուշադիր զննում ցուցափեղկերը: Դեղագործը նկատելով նրան՝ հարցնում է.

-Փոքրի՛կ, ի՞նչ ես ուզում:

-Խաղաղություն` մայրիկիս սրտի համար, նա շատ հիվանդ է, և ոչինչ չի կարող նրան օգնել` բացի դրանից:

-Ո՞վ է քեզ դա ասել,- հարցնում է դեղագործը:

-Հանրակացարանում մեզ հետ բնակվող կանայք:

-Սա՛ռա,- կանչում է դեղագործը,- ե՛կ այստեղ, սա քո մասով է:

Դեղատուն է մտնում մի երիտասարդ աղջիկ.

-Ի՞նչ է եղել, հայրի՛կ,- հարցնում է նա:

-Այստեղ մի փոքրիկ գնորդ ունենք, ում ոչ ոք օգնել չի կարող: Գուցե դու կկարողանաս,- հոր ձայնի մեջ հեգնանք կար:

Սառան մոտենում է աղջկան.

-Ես ցանկանում եմ խաղաղություն գնել մայրիկիս համար՝ այս մետաղադրամով,- ասում է աղջիկը՝ Սառային մեկնելով տասը ցենտ:

-Թող այդ մետաղադրամը մնա քեզ մոտ: Սրտի խաղաղություն կարելի է առանց փողի էլ ստանալ,- ուրախությամբ պատասխանում է Սառան՝ հագնելով վերարկուն և գլխարկը, ապա Աստվածաշունչը դնելով պայուսակի մեջ:- Ես կգամ քեզ հետ քո մայրիկի մոտ, և մենք կտեսնենք, թե ինչն է նրան պակասում:

Հաճախորդները դեղատանը գնում-գալիս էին, իսկ դեղագործի մտքում շարունակ պտտվում էին լսած խոսքերը. «Սրտի խաղաղություն, ոչինչ, դրանից բացի, օգնել չի կարող»: Իրեն դա ևս անհրաժեշտ էր…

-Կարողացա՞ր արդյոք ինչ-որ դեղամիջոց պատրաստել հիվանդի համար,- հարցրեց նա, երբ դուստրը տուն վերադարձավ:

-Նրա դեղամիջոցն արդեն պատրաստ էր, և ես ուրախ եմ, որ նա ընդունեց այն,- ասաց դուստրը:

-Իսկ ի՞նչ դու տվեցիր նրան:

-Աստծո գառան արյունով մաքրված մի դեղ,- կամացուկ, բայց հստակ ձայնով ասաց Սառան…

Օրեր անց հայրն ասում է դստերը.

-Ես նույնպես ընդունեցի այդ դեղը, որ կարելի է անվճար ստանալ:

-Հայրի՜կ,- ուրախությամբ բացականչում է Սառան,- փոքրիկ աղջիկն իր մանկական խնդրանքով երկու հոգու շահեց Աստծո համար:

Հայրն այդ պահին սրբում էր ուրախության արցունքները, որ հայտնվել էին նրա աչքերում:

Աստծո հետ խաղաղությունը մեծագույն բանն է, որ կարող է և պետք է ունենա ամեն մարդ, ով հոգ է տանում իր ապագայի մասին: Աստծո հետ խաղաղությունը նվեր է, որը տրվում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով:

«Արդ մենք՝ հավատքով արդարացած լինելով՝ Աստծո հետ խաղաղություն ունենք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռոմեացիս 5.1):

Պ. Կ. Շատրով