Գոյություն չունի լավ ու անշառ մարդկանց դասակարգ. Սեմի Թիփիթ

Մենք ինքնավստահ սերունդ ենք, մեզ վարժեցրել ենք անտարբերության նիրհին: Պետք է արթնանալ: Ներկայումս բնակչությունն ավելի բազմաքանակ է, քան երբևէ: Բայց նրանից շատերն առանց Հիսուսի են ապրում և դժոխք են գնում: Չպետք է գոհանանք մեր եկեղեցու հարմարավետ նստարաններին նստած երգեր երգելով ու քարոզչին «ամեն» արձագանքելով, երբ մարդկությունը դժոխք է գնում: Պետք է հարմարավետության շրջանակներից դուրս գալ: Մենք պաշտամունքների ենք մասնակցում, բարեկամություն ենք հաստատում, Սուրբ Գրքի խմբակային սերտողությունների ենք մասնակցում՝ մոռանալով դրսի կորած մարդկությանը:

Կարծում եմ՝ շատ քրիստոնյաներ համամիտ են, որ մարդկությունը բաժանվում է 3 դասակարգի. փրկվածներ՝ Հիսուսին հավատացողներ, Նրան որպես Տեր ու Փրկիչ ընդունողներ, կորածներ՝ Հիսուսին մերժողներ, և վերջապես լավ ու անշառ մարդիկ՝ բացահայտորեն Հիսուս Քրիստոսին չմերժողները, բայց և այնպես՝ Նրան չընդունողները:

«Վերջիններս փրկված չեն, բայց իրականում կորած էլ չեն». սա սխալ կարծիք է: Առանց Հիսուսի բոլորն էլ կորած են: Եթե անշառների դասակարգ լիներ, ապա Հիսուսի մասին որևէ մեկին պատմելու կարիք չէր լինի: Երբ նրանք լսում են Հիսուսի մասին և հրաժարվում Նրան ընդունել, այդ պահին տեղափոխվում են կորածների դասակարգ:

Երբ ըմբռնում ենք, որ բոլոր մարդիկ առանց Հիսուսի հավիտենապես կորած են, վկայելու հանդեպ մեր դիրքորոշումը փոխվում է: Մարդկության միակ հույսը Հիսուսի անձի և Նրա՝ մեզ համար կատարածի մեջ է կայանում: Պետք է պատմենք, որ վերահաս դատաստանից խուսափելու համար անհրաժեշտ է Հիսուսին վստահել: Ինչքան պատրաստակամ ենք դառնում Հիսուսի հանդեպ, այնքան շատ ենք սկսում մեր կյանքում միջոցներ ձեռնարկել՝ «փնտրելու և փրկելու կորածին»: