Արդյունավետ աղոթքի հատկանիշները

Արդյունավետ աղոթքի համար կա մեկ կարևոր պայման, և դա Աստծո ու մարդկանց առջև արդարության մեջ քայլելն է. ինչպես գրված է Հակոբոս 5.16-ում՝ «շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով»:

Արդարը ամեն մի հավատացյալն է, ով իր սիրտն ուղղում է Հիսուսին հնազանդվելուն, քանի որ նա որոնում է աստվածապաշտ բնավորություն ունենալու ուղի և իր ապրելակերպով ձգտում է ճշմարտության (Ա Հովհաննես 1.6):

Չկա մեկը, ով կարող է ասել, թե ինքը հասուն է արդարության մեջ այնքան, որ երբեք չի փորձվում և չի ընկնում՝ Աստծո հետ իր ընթացքի մեջ: Այլ խոսքերով՝ «արդար մարդկանց» աղոթքները հենց իմ և քո նման ոչ կատարյալ, տկար մարդկանց աղոթքներն են, երբ անկեղծորեն որոնում ենք արդարության մեջ քայլելը: Սա Աստծո շնորհի փառավոր իրականությունն է:

Աղոթքը ձանձրալի ու դժվար մի բան կթվա, եթե ապրում ենք այնպես, ասես մեր կյանքի մի մասը Աստծուն է պատկանում, իսկ մյուս մասը՝ մեզ: Կա կապ մեր ապրելակերպի և աղոթքը վայելելու մեր կարողության միջև: Աստծո ներկայությունը վայելելու մեր կարողությունը մեծանում է, երբ քայլում ենք սրբության մեջ: Հիսուսը ընդգծել է այդ ճշմարտությունը Լեռան քարոզի մեջ. «Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն» (Մաթևոս 5.8):

Եթե մեր կյանքում կա փոխզիջում, այն մեծապես կխոչընդոտի մեր հոգևոր աճին և մեր կարողությանը՝ Աստծո հետ աղոթքի մեջ համաձայնվելու: Մեղքը հետ է պահում մեր սերը Նրա հանդեպ:

Մենք պետք է ապրենք հնազանդության մեջ ողջ սրտով, որովհետև հնազանդությունը Աստծո Արքայության մեջ կամընտրական մի բան չէ: Երբ կա խնդիր հնազանդության մեջ, պետք է ընդունենք դա և խոստովանենք, այլ ոչ թե փորձեր անենք արդարացնելու այն: Մենք դա մեղք ենք կոչում, ապաշխարում ենք դրանից, անվճար ստանում ենք Աստծո ներումը: Հետո սեղմում ենք «ջնջել» կոճակը և համարձակությամբ կանգնում Աստծո ներկայության մեջ: Հնազանդության մեջ քայլելը մեր աղոթքների պատասխանները վաստակելը չէ, այլ սիրո հետ համաձայնության մեջ ապրելը, որովհետև Աստված սեր է:

Աստծո պատվիրանները պահելու անհրաժեշտությունը հաճախ անտեսվում է նրանց կողմից, ովքեր սովորեցնում են աղոթքի մասին: Աղոթողի ապրելակերպն ունի նշանակություն: Մեր գործերը ազդում են մեր աղոթքի վրա:

Ջերմեռանդ աղոթքի մասին

Եղիա մարգարեին որպես օրինակ վերցնելով՝ Հակոբոս առաքյալը սովորեցնում է արդյունավետ աղոթքի հատկանիշներից մեկի՝ ջերմեռանդության մասին. «Եղիան … ջերմեռանդ աղոթք արեց, որ անձրև չգա, և անձրև չեկավ երկրի վրա երեք տարի և վեց ամիս» (Հակոբոս 5.17):  Ի՞նչ է նշանակում ջերմեռանդ լինել:

Ջերմեռանդ աղոթքի երկու բնութագիր

Առաջինը. ջերմեռանդ աղոթքը գալիս է սրտից և հասնում Աստծուն: Սա ենթադրում է, որ մենք չենք աղոթում անգիր արված խոսքեր: Մենք կենտրոնացնում ենք մեր միտքը և ուշադրությունը Տիրոջ վրա, երբ աղոթում ենք:

Երկրորդ. ջերմեռանդ աղոթքը համառ աղոթքն է: Հունարեն թարգմանության մեջ Հակոբոս 5-ում «ջերմեռանդ» բառը թարգմանվում է որպես՝ համառություն աղոթքի մեջ:

Մենք չպետք է դադարենք խնդրել և գոհանալ Աստծուց իր պատասխանների համար մինչև չտեսնենք դրանք մեր աչքերով: Հիսուսը սովորեցնում է մեզ առակ Հոր պատրաստակամության մասին՝ մեր աղոթքներին պատասխանելու, դա գրված է Ղուկասի Ավետարանում: Նրա ուղերձը սա էր.  համառության պատճառով Հայրը պատասխանեց: Նա առակը պատմում է՝ ոգեշնչելով մեզ խնդրել՝ իմանալով, որ խնդրանքը կպատասխանվի, փնտրել՝ իմանալով, որ մենք կգտնենք, և թակել՝ իմանալով, որ դուռը կբացվի (Ղուկաս 11.9): Հունարեն բառերը՝ «խնդրել», «փնտրել» և «թակել», ներկա շարունակական ժամանակաձևի մեջ են: Հետևաբար, մենք պետք է խնդրենք և շարունակենք խնդրել, փնտրենք և շարունակենք փնտրել, թակենք և շարունակենք թակել: Այս ուղերձը կոչ է համառության և հաստատակամության:

«Եթե վեր էլ չկենա և նրան տա՝ նրա բարեկամ լինելու համար, սակայն նրա թախանձանքի համար վեր կկենա և կտա նրան՝ ինչ որ էլ պետք լինի» (Ղուկաս 11.8-10):

Պողոս առաքյալը կոչ է անում աղոթել «հարատևությամբ» (Եփեսացիս 6.18):

Ըստ Երեմիայի մարգարեության՝ երբ մենք բարձր գնահատենք մի բան, մենք կփնտրենք Տիրոջը ողջ սրտով դրա համար. «Եվ դուք ինձ կորոնեք և կգտնեք, որովհետև ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը» (Երեմիա 29.13):

Մայք Բիքլ