Հասուն մարդը սիրում է ամեն նոր բան

Նոր բացահայտումը հասուն մարդու աչքերում, առաջին հերթին, հնարավորություն է՝ կյանքը բարելավելու:

Այսպիսով, հասուն տղամարդը չի վախենում փոփոխություններից: Նա, անշուշտ, ընկնում է անհարմարավետության մեջ, երբ դրանք տեղի են ունենում, բայց նրա համար փոփոխությունները նոր փուլ են, այլ ոչ թե կյանքի ողբերգություն: Վստահ եմ, որ մենք բոլորս պետք է փոխենք մեր հասկացողությունը փոփոխությունների նշանակության մասին և օգտագործենք դրանք՝ ի բարին: Ինչպես ասել է մի հովիվ. «Եթե կյանքը ձեզ կիտրոն է տվել, քամեք այն, սարքեք հյութ և փող աշխատեք դրանով»:

Հաջորդ նշանը հասունության՝ նոր գիտելիքների հանդեպ սերն է: Ոչ հասուն մարդը միշտ վախենում է նոր բաներից: Համապատասխանաբար, երբ մենք խոսում ենք հասունության մասին, ապա մենք ոչ միայն չենք վախենում նոր գիտելիքներից, այլ ուրախանում ենք ամեն մի նոր բանով: Նոր բացահայտումների հանդեպ այսպիսի խանդավառությունը բնութագրում է հասունությանը, երևի թե, ամենապարզ ձևով:

Որոշ հավատացյալներ կարծում են, թե գիտությունը հակասում է կրոնին, և դրա համար ամեն կերպ փորձում են փախչել դրանից: Բայց պետք է հիշել, որ գիտությունը երբեք չի հակասում հավատքին, հակառակը, հաստատում է այն՝ ուղղորդելով մեզ գիտելիքների նոր հորիզոններ: Արժե միայն հիշել, թե որքան մեծ գիտնականներ անկեղծ հավատացյալներ են եղել:

Նոր բացահայտումները լայնացնում են մեր հորիզոնները և օգնում նայել աշխարհին այլ տեսանկյունից: Երբ հայտնաբերվեց էլեկտրական հոսանքը, աշխարհը շուռ չեկավ, մարդիկ չդադարեցին եկեղեցի գնալ: Այսօր բոլոր եկեղեցիներն օգտագործում են էլեկտրականությունը և այն ամենը, ինչ կապված է դրա հետ: Նույնը եղավ նաև համացանցի հայտնաբերման դեպքում, տիեզերքի, հակաբիոտիկների և ավտոմեքենաների…

Յուրաքանչյուր նոր հայտնագործություն մեզ ցույց է տալիս, թե որքանով մենք կարող ենք փոխել մեր կյանքը դեպի լավը: Մենք աշխարհին նայում ենք՝ որպես պատասխանատու մարդիկ, և դրա համար, ընտրելով առաջխաղացումը, օգտագործում ենք այն՝ ի բարին: Իմ թվարկած բոլոր հայտնագործությունները բարելավել են մարդկային կյանքը, դարձրել այն արդյունավետ, հեշտ, մոտեցրել են մարդկանց և ցույց տվել մեզ նոր հորիզոններ:

Իհարկե, այդ ամենը օգտագործվել է նաև ռազմական նպատակներով: Բայց այդպիսին է մարդկային բնությունը: Ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ մենք վերածում ենք զենքի: Նույնիսկ հասարակ փայտը կարող է վնաս պատճառել:

Սակայն հասուն մարդը նորի մեջ տեսնում է միայն դրական գործածում և ձգտում է հենց այդ դրականին:

Իսկ ինչպե՞ս եք դուք վերաբերվում նոր բացահայտումներին:

Ալեքսանդր Վելիչկո