Նախօրեին լրացավ «YouVersion» աստվածաշնչյան հավելվածի ստեղծման 10 տարին

Աստվածաշունչը հավելվածի տեսքով պաշտոնապես ներկայացվել է 2008թ-ի հուլիսի 10-ին, երբ այն առաջին անգամ ներկայացվել է Apple ընկերության AppStore խանութում՝ որպես առաջին հավելվածներից մեկը, որ հասանելի է iPhone-ի համար:

«YouVersion»-ը բջջային հավելված է Աստվածաշնչի ուսումնասիրության համար, որն էլ հասանելի է Android, iOS, Windows Phone ու ևս 6 գործող համակարգերում. տեղեկացնում է  invictory.com-ը:

Արդեն 10-րդ տարին է, ինչ «YouVersion» աստվածաշնչյան հավելվածը հնարավորություն է ընձեռում սմարթֆոն ունեցողներին Աստվածաշունչ կարդալ ամենուր՝ անկախ ժամից և վայրից:

Հավելվածը պարունակում է Աստվածաշնչի 1492 տարբերակ՝ 1074 լեզուներով, աուդիո Աստվածաշունչ՝ ժողովրդականություն վայելող տարբերակների համար, Աստվածաշնչի ընթերցման ավելի քան 800 ծրագիր, հնարավորություն՝ նշումներ անելու, և այլ գործառույթներ:

Հավելվածը օգտագործվում է աշխարհում ավելի քան 330 միլիոն սարքավորումների վրա:

«YouVersion» հավելվածը հիմնվել է Բոբբի Գրյունեվալդի և «LifeChurch» եկեղեցու կողմից 2008թ-ին: Անձնակազմը բաղկացած է ավելի քան 35 հաստիքային աշխատողներից և 1000-ից ավելի կամավորներից:

«1996թ-ին այս հավելվածը ստեղծելուց ի վեր «LifeChurch» եկեղեցու նպատակն է՝ մարդկանց հասցնել Քրիստոսին լիակատար նվիրմանը: Աշխատանքի ընթացքում մենք փնտրում ենք նոր միջոցներ, որոնք կօգնեն մարդկանց ամեն օր իրենց կյանքը կապել Աստվածաշնչի հետ: Մեր մեթոդները ժամանակի հետ փոխվել են՝ կապված տարբեր տեխնոլոգիաների օգտագործման և ռազմավարության հետ: Բայց ըստ էության՝ մենք կենտրոնանում ենք և մշտապես ջանքեր գործադրում՝ ներկայացնելու և կրթելու մարդկանց, թե ինչպես է Աստծո Խոսքը կապված իրենցից յուրաքանչյուրի հետ, անկախ նրանից, թե ով են այդ մարդիկ կյանքում»,- ասվում է հավելվածի կայքում:

2013թ-ին ներկայացվել է նաև «Աստվածաշունչ երեխաների համար» հավելվածը, որն արդեն հասանելի է 30-ից ավելի լեզուներով: Հավելվածի թողարկման առաջին շաբաթվա ընթացքում այն արդեն տեղադրվել էր միլիոնավոր օգտատերերի կողմից: