Կույր Բարդուղիմեոսի պատմությունը կարող է օգնել քեզ՝ տեսնել

Բարդուղիմեոսը, կարող եմ ասել, Աստվածաշնչի իմ ամենասիրելի հերոսն է: Կա մի բան Նրա համառության և խիզախության մեջ, որ ոգևորում է ինձ: Նա ապրում էր խավարի մեջ, բայց թերևս կարողանում էր ավելի պարզ տեսնել, քան իր ժամանակակիցներից շատերը: Նա տեսնում էր ավելի հստակ, քան ես: Մի կույր մուրացկան, ով նստած էր Երուսաղեմի ճամփեզրին կեղտի մեջ, հստակ գիտեր, թե ինչ էր ուզում, և ոչինչ չկարողացավ հետ պահել նրան իր հավատքից:

Ի՞նչ կլիներ, որ ես ունենայի նրա տեսիլքը: Ի՞նչ կլիներ, եթե ես՝ իմ սեփական խավարի մեջ, ունենայի նրա համառությունն ու խիզախությունը:

Անգամ երբ գրում եմ այս բառերը, ներսս լցվում է մի խելքից դուրս հույսով, վայրի հիացմունքով: Ի՞նչ կլինի, եթե ես կարողանամ այդ բառերն ասել ողջ սրտով՝ «Ուզում եմ տեսնել»:

Բարդուղիմեոսը չէր մտահոգվում մարդկանց ուզածին հարմարվելու մասին:

Նա հոգ չէր անում քննադատության կամ հանդիմանության մասին: Նա ազատ էր՝ փնտրելու միայն Հիսուսին: Բարդուղիմեոսի և Հիսուսի հանդիպման ժամանակ տեղի է ունենում վերջին նման բժշկությունը, որ մենք տեսնում ենք՝ նախքան Հիսուսի ձերբակալությունը Երուսաղեմում: Հիսուսն Իր աշակերտների հետ և մի խումբ մարդկանց հետ Երիքովից գնում էր Երուսաղեմ:

Մահվան այդ ճանապարհին նստած էր Բարդուղիմեոսը՝ մի կույր մուրացկան, ով դեռևս համարձակություն ուներ հուսալու: Հենց Բարդուղիմեոսը լսում է, որ Հիսուսն այդ ամբոխի մեջ է, նա բարձր աղաղակում է: Նա հույս ուներ, նա պայքարում էր, նա համարձակվում էր աղաղակել՝ այն մի բանի համար, որը հավատում էր՝ Դավթի Որդին կարող էր տալ. ողորմություն: Նա խնդրում էր մի բան, որին արժանի չէր, բայց գիտեր, որ դրա կարիքն ուներ՝ «Հիսուս՝ որդի Դավթի, ողորմիր ինձ» (Մարկոս 10.47):

Նրա շուրջ եղած բոլոր մարդիկ լռեցնում էին իրեն: Նրանք նույնպես գիտեին, որ Բարդուղիմեոսն արժանի չէր այդ ողորմությանը: Նրանք ասում էին, որ լռի, որ անտեսանելի դառնա նորից, որ վերանա:

Այնպես որ՝ իմացիր. եթե դու վախենում ես, դու բաց ես թողնում Հիսուսին:

Եթե դու նստած ես քո մթության ու կուրության մեջ՝ կաթվածահար եղած վախից, թե Աստված եկավ ու անցավ, և չես ճանաչում նրան՝ քաջալերվի՛ր: Նա կանչում է քեզ:

Այս մարդը, ով նստած էր աշխարհի խավարի մեջ, ավելի էր հավատում Հիսուսին և ավելի լավ էր գիտակցում, թե Ով էր Նա, քան մտահոգվում, թե իրեն շրջապատող մարդիկ ինչ կմտածեին: Նա հուսահատության երեսի առջև աղաղակում էր ավելի ու ավելի բարձր՝ «Որդի՛ Դավթի, ողորմի՜ր ինձ»:

Բարդուղիմեոսի համար Հիսուսը պարզապես շրջիկ մի ռաբբունի չէր: Պարզապես բժիշկ կամ ուսուցիչ չէր: Նա մեկն էր, ով խոստացել էր բացել կույրի աչքերը և ազատել խավարում կապվածներին (Եսայիա 42.6-7):

Նա Աստծո խոստմունքն էր Իր ժողովրդին: Նա Աստծո խոստմունքն էր Բարդուղիմեոսի համար: Եվ Բարդուղիմեոսը համարձակվում է հավատալ դրան: Նա իրենից կախված ամեն բան արեց, նա ոչինչ հետ չպահեց: Նա ամեն բան դրեց իր հավատքի վրա, որ այդ Հիսուսը Նազարեթից՝ Դավթի Որդին է, Ով կկատարի ամենը, ինչ Աստված ասել է, և կանի դա իր համար: Դա խելահեղ հավատք էր:

Եվ այդ հավատքին հաջորդեց պատասխանը. ձայները քիչ-քիչ լռեցին: «Տեղդ նստիր» և «ձայնդ կտրիր» բառերի փոխարեն, մարդիկ սկսում են ասել. «Գնա՛, Նա սպասում է քեզ»:

Այդ իրավիճակների միջից, որտեղ խավար է, որտեղ տեսանելի չէ ոչինչ, Հիսուսը կանչում է քեզ:

Քո խավար իրավիճակների միջից Հիսուսը կանչում է քեզ: Քաջալերվի՛ր: Նա կանչում է քեզ լսելի ձայնով: Եվ դու կարող ես անել այն, ինչ Բարդուղիմեոսն արեց. դու կարող ես վեր կենալ և վազել Նրա մոտ:

Մարլո Շալեսկի