Կարելի՞ է ձեզ գրկել

Մենք սովոր ենք մտածել, թե կան լավ ու վատ մարդիկ: Եվ լավերի հետ ցանկանում ենք նույնպես վարվել, իսկ վատերին չենք էլ ուզում տեսնել:

Բայց, իրականում, բոլոր մարդիկ էլ լավն են, պարզապես տարբեր կերպ են իրենց պահում տարբեր իրավիճակներում: Եվ նրանց հանդեպ էլ պետք է համապատասխան մոտեցում ունենալ: Հենց սրա մասին է մեր այսօրվա պատմությունը:

Նախկինում ինձ նյարդայնացնում էր հետևյալ խոսքը. «Եթե խփեն քո մի այտին, մյուսն էլ տուր…»: «Ես, ինչ է, փորձադա՞շտ եմ». մտածում էի: Բայց տարիների հետ հասկացա, թե ինչպես է դա գործում:

Անցյալ տարի ընկերուհիս ատամնաբուժական կլինիկա բացեց: Եվ ոչ մի կերպ չէր կարողանում գլուխ հանել իր սկսած գործից: Խնդրեց, որ օգնեմ իրեն, ու հունի մեջ գցենք այդ կլինիկայի աշխատանքը: Ես սկսեցի ընդունարանից ու սկսեցի ինքս դիմավորել ու ճանապարհել այցելուներին:

Եվ ահա մեկ անգամ եկավ մի շատ ագրեսիվ տրամադրված կին: Հենց դռների մոտից սկսեց փնթփնթալ ու հրաժարվեց կոշիկների վրայից հագնել հատուկ նախատեսված տոպրակները: Գներից դժգոհեց, բուժման պայմանագրից: Ամեն ինչի մեջ դժգոհելու պատճառ էր գտնում: Բայց իր դստերը, այնուամենայնիվ, ներս թողեց բժշկի սենյակ՝ ատամները բուժելու: Ես հազիվ էի դիմանում և փորձում էի հարգալից ու բարեհամբույր գտնվել, բայց իրականում այնպե՜ս էի ուզում նրա մազերից բռնել ու քաշելով փողոց դուրս գցել:

Մինչ ես բոլոր հնարավոր գույներով մտքումս տեսնում էի այդ պատկերը, նրան ինչ-որ մեկը զանգեց, և խոսակցությունից հասկացա, որ նրա ընտանիքում ինչ-որ դժբախտություն է կատարվել… Հետո, ավելի ուշադիր նայելով, նկատեցի, որ նա ասես մի ձգված լար լիներ, նրա բոլոր շարժումները շատ նյարդային էին: Եվ երբ նորից դիմեցի նրան՝ բժշկական քարտը լրացնելու առիթով, նա նորից ինձ կոպտեց:

Ես մոտեցա, նստեցի նրա կողքին ու հանգիստ, փափուկ ձայնով ասացի. «Լսե՛ք, ինչքան էլ, որ վատ բան ձեր հետ կատարված լինի, այդ ամենը ժամանակավոր է, ամեն բան կկարգավորվի, ամեն ինչ լավ կլինի… եկեք՝ ես ձեզ գրկեմ…»:

Նա ապշած էր… Հանկարծ միանգամից գլուխը դրեց իմ ծնկներին ու բարձրաձայն սկսեց լացել: Պարզվեց, որ ամուսինը ավտովթարի էր ենթարկվել և հիմա կյանքի ու մահվան կռիվ էր տալիս: Այս կնոջ  ողջ կյանքը ասես քանդված լիներ, ինչպես թղթե տնակ, և նա պարզապես չէր հասկանում, թե ինչպես պետք է շարունակեր ապրել: Նա լացեց, հանգստացավ, արտահայտվեց և ներողություն խնդրեց իր պահվածքի համար:

Երկու շաբաթ անց նորից իր դստերը բերեց բուժման և հենց դռների մոտից, ինձ տեսնելով, ժպտալով ասաց. «Եկեք՝ ես ձեզ գրկեմ»: