Խավարից դեպի Նրա զարմանալի լույսի մեջ. աստվածաշնչյան համարներ

«Աստված բաժանեց լույսը խավարից» (Ծննդոց 1.4):

«Նրանց հանեց խավարից և մահվան շուքից և նրանց կապանքները կոտրատեց» (Սաղմոս 107.14):

«Եվ ես տեսա, որ իմաստությունը ավելի օգուտ ունի հիմարությունից. որքան որ լույսը ավելի օգուտ ունի խավարից» (Ժողովող 2.13):

«Եվ այն օրը կլսեն գրքի խոսքերը, և մեգիցն ու խավարիցը կտեսնեն կույրերի աչքերը» (Եսայի 29.18):

«Բայց վեր կաց՝ և ոտքերիդ վրա կանգնիր, որովհետև նրա համար երևացի քեզ, որ քեզ ձեռքս առնեմ պաշտոնյա և վկա լինելու այն բաներին, որ դու տեսար, և այն բաներին, որոնցով պիտի երևամ քեզ, որ ազատեմ քեզ այդ ժողովրդիցը և հեթանոսներիցը. որոնց մեջ ես հիմա քեզ ուղարկում եմ՝ նրանց աչքերը բացելու, և խավարից դեպի լույսը դարձնելու, և սատանայի իշխանությունից դեպի Աստված. որ նրանք մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն առնեն՝ ինձ հավատալով» (Գործք Առաքելոց 26.16-18):

«Աստված որ ասաց, թե խավարիցը լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց՝ Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքումը» (Բ Կորնթացիս 4.6):

«Բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարիցը կանչեց իր զարմանալի լույսի մեջ» (Ա Պետրոս 2.9):