Ճգնաժամի ծնունդ

«Քո թևերի շուքին կհուսամ, մինչև որ չարիքն անցնի» (Սաղմոս 57.1):

Իմ ընկեր Մարկը հիշում է իր մանկության օրերից մի դրվագ, երբ հայրն իրենց ընտանիքը հավաքել էր՝ տեղեկացնելու, որ ընտանեկան մեքենան փչացել էր, ու ամսվա ավարտին էլ իրենց գումարը պետք է վերջանար: Մարկի հայրը մի պահ լռելուց հետո աղոթել էր, ապա խնդրել նրանց՝ սպասել Աստծո պատասխանին:

Այսօր Մարկը հիշում է նաև, թե ինչպես Աստված հասավ իրենց զարմանալի կերպով: Մի բարեկամ նորոգեց մեքենան: Անակնկալ կերպով դրամ օրհնվեցին, և նրանց շնորհակալ սիրտը կոփվեց ճգնաժամի մեջ:

57-րդ սաղմոսում Դավիթը հռչակում է. «Բարձրացիր, ով Աստված, երկնքի վրա. Քո փառքն ամեն երկրի վրա լինի… Կգոհանամ քեզնից, Տեր, ժողովուրդների մեջ. սաղմոս կասեմ քեզ ազգերի մեջ» (Սաղմոս 57.5,9):

Կարդալով այս տողերը՝ մենք կարող ենք երևակայել Դավթին՝ հիացմունքով նայելիս շքեղ Միջին Արևելյան գիշերային երկնքին, կամ Ուխտի Տապանակի առջև փառաբանության պաշտամունքի ընթացքում երգելիս: Սակայն, իրականում, նա, վախենալով իր կյանքի համար, պատսպարվել էր քարանձավի մեջ:

Դավթի այս փառաբանությունը հղացված էր ճգնաժամի մեջ: Հակառակ այն բանի, որ նա պաշարված էր թշնամիների կողմից, որոնք իր մահն էին ուզում, նա կարողացավ այս հիանալի բառերը գրել. «Սիրտս պատրաստ է, ով Աստված, սիրտս պատրաստ է. երգով կօրհնեմ և սաղմոս կասեմ…» (Սաղմոս 57.7):

Ինչ տեսակի ճգնաժամի մեջ էլ լինենք այսօր, կարող ենք փառաբանել, մինչ ակնդետ սպասում ենք՝ վստահ լինելով Աստծո ունեցած անսահման հոգատարության վրա:

Քո հաջորդ ճգնաժամը քո հաջորդ առիթն է՝ վստահելու մեր անվրեպ Աստծուն:

«Զհաց մեր հանապազօր» գրքույկից