Ինչ պետք չէ՛ սպասել Աստծուց

Կան բաներ, որոնք միշտ կարող ենք սպասել Աստծուց, բայց մենք ունենք նաև մեր պատկերացրած սպասումները Նրանից, և դրանում կա որոշակի վտանգ: Որովհետև երբ դրանք չեն կատարվում, կամ էլ կատարվում են ոչ այնպես, ինչպես ինքներս էինք ակնկալում, մենք տրտմում ենք, հուսահատվում և անգամ՝ բարկանում: Այդ պահին մեզ համար շատ դժվար է տեսնելը, թե ինչպես է Աստված օրհնում և ապահովագրում մեզ, որովհետև ամենը, ինչ մենք կարող ենք տեսնել՝ մեր անկատար սպասումն է:

Ի՞նչ մենք կարող ենք սպասել Աստծուց

Մենք կարող ենք ակնկալել, որ Նա կմնա հավատարիմ Իր բնավորությանը: Այլ խոսքերով՝ մենք կարող ենք ապավինել Նրա բարությանը, հավատարմությանը, արդարությանը և շատ այլ բաների, որոնք նշվում են Նրա Խոսքի մեջ (Սաղմոս 18.30, Մաղաքիա 3.6, Եբրայեցիս 13.8):

Մենք կարող ենք ակնկալել, որ Նրա կամքը կկատարվի՝ Եփեսացիս 1.11-12. «Որով որ էլ ստացանք ժառանգությունը մենք առաջուց որոշված լինելով, նրա առաջադրության պես, որ ամեն բան հաջողում է իր կամքի խորհուրդների պես. որ մենք գովասանք լինենք նրա փառքին, որ առաջուց մեր հույսը Քրիստոսի վրա ենք դրել»:

Մենք կարող ենք վստահել, որ Նա լավագույնն ունի մեզ համար (Երեմիա 29.11, Հռոմեացիս 8.28, Եբրայեցիս 10.35-36):

Ի՞նչ չարժե սպասել Աստծուց

Մենք չենք կարող սպասել, որ Նա կտա մեզ ամենը, ինչ ուզում ենք, կամ կտա հենց այնպես, ինչպես մենք ենք ուզում: Նա ջին չէ՝ կախարդական շշի մեջ, որպեսզի կատարի մեր ամեն ցանկությունները: Եվ Փառք Աստծուն՝ դրա համար: Նախկինում ես նույնպես «թաքցնում էի» սեփական ցանկություններս աղոթքների մեջ և հետ նայելով՝ ամենը, ինչ կարող եմ ասել, հետևյալն է. «Շնորհակա՛լ եմ Քեզ, Տե՛ր, որ չես տվել ինձ ամենը, ինչ ես էի ցանկանում»:

Մենք չենք կարող ակնկալել, որ Աստված է հարմարվելու մեր սահմանած ժամանակին:

Նա՝ Աստված, սահմանափակված չէ ժամանակով, ինչպես մենք: Նա ժամանակից շուտ չի գալիս և երբեք չի ուշանում: Մեզ միայն այդպես թվում է, թե Նա ուշանում է, որովհետև մենք փորձում ենք ներգրավել Նրան ժամանակի մասին մեր պատկերացումների մեջ և ակնկալում ենք, որ Նա կհարմարվի դրան, իսկ երբ դա չի կատարվում, մեզ թվում է, թե Աստված ուշանում է:

Մենք չենք կարող սպասել, որ Աստված է մեզ հնազանդվելու: Երբեմն մենք մտածում ենք, թե կարող ենք հրահանգներ տալ Աստծուն: Մենք լացում ենք, աղաչում, տրտնջում, իսկ երբեմն էլ փորձում սակարկել կամ զբաղեցնում ենք պահանջատերի դիրքը, որպեսզի Աստված տա մեր ուզածը: Բայց մենք չենք կարող Աստծուն մանիպուլյացիայի ենթարկել: Եթե դա այդպես լիներ, ապա Նա Աստված չէր լինի:

Այո՛, աղոթքը զորություն ունի, և Աստված իսկապես գործում ու պատասխանում է մեր աղոթքներին, բայց Նա միշտ պատասխանում է՝ համապատասխան Իր կամքին և ժամանակին, և երբեք չի արձագանքում նման տրտունջներին, սակարկումներին կամ պահանջներին:

Այսպիսով՝ Աստծո վրա մեր սեփական սպասումները բարդելը կարող է առաջացնել մեծ հուսահատություն, դժգոհություն և բարկություն, ինչպես նաև՝ ստիպել մեզ բաց թողնել մեր իրական օրհնությունները և այն, թե ինչպես է իրականում Աստված ուզում դրսևորվել մեր կյանքում: Այնպես որ՝ ամեն բան, ինչ ձեր ներսում դրվում է, քննեք և ճանաչեք, թե ո՞րն է Աստծո կամքը և ամեն բան Աստծո հետ քննարկեք:

Աբիգեյլ Ֆոլդս