Երբ Հիսուսն աղոթում էր…

Երբ Հիսուսն աղոթում էր…«Եվ եկան մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, և նա իր աշակերտներին ասաց. այստեղ նստեցեք, մինչև ես աղոթք անեմ» (Մարկոս 14.32):

Եթե քո կյանքը ուղեկցվում է աղոթքով, հետևաբար, աղոթքը կլինի քո մշտական աջակիցը ամենադժվար պահերին: Եթե դու գոհունակ ես սովորական ժամանակներում, դու գոհությամբ էլ լցված կլինես կորստի ու ընկճվածության պահերին: Եթե դու մշտապես դժգոհում ես, դու դրական արձագանք չես ունենա, երբ բախվես անհաջողության:

Մենք Հիսուսին գտնում ենք աղոթքի մեջ, երբ Նա անցնում էր Իր կյանքի ամենաճակատագրական ժամանակներով: Բայց Նա Գեթսեմանի օրվան չէր սպասում, որ այնտեղ միայն աղոթեր: Նայեք այս «բանալի» տեղերին Հիսուսի ծառայության մեջ, երբ Նա աղոթում էր.

Իր մկրտության ժամանակ: Ղուկասը գրում է. «Եվ բոլոր ժողովրդի մկրտվելու ժամանակին եղավ, որ երբ որ Հիսուսն էլ մկրտվեց և աղոթք էր անում, երկինքը բացվեց…» (Ղուկաս 3.21): Հիսուսն աղոթում էր, երբ սկսեց Իր ծառայությունը: Երկինքը նույն կերպ բաց է, երբ մենք ենք աղոթում: Երբ մենք աղոթում ենք, Աստված լսում է:

Տասներկու աշակերտներին ընտրելուց առաջ: Ղուկասը գրում է, որ նախքան Հիսուսն ընտրեց 12 աշակերտներին, Նա ողջ գիշեր աղոթքի մեջ էր եղել: Մենք լավ կանենք, եթե Հիսուսի պես վարվենք կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ: Արդյոք մենք նման ընտրություն կատարո՞ւմ ենք աղոթքի դեպքում: Չի եղել արդյունավետ ծառայող, ով ունենա աղոթքից զուրկ կյանք:

Չընդունված լինելուց հետո: Հիսուսը հզոր աշխատանք կատարեց Բեթսայիդայում և Կափառնայում, բայց չընդունվեց քաղաքի մարդկանց կողմից: Ի՞նչ Հիսուսն արեց. Նա ասաց. «Գոհանում եմ քեզանից, ով Հայր՝ երկնքի և երկրի Տեր…»:

Ինչպե՞ս ենք մենք արձագանքում, երբ շատերը երես են թեքում մեզնից: Մենք պետք է անենք այն, ինչ Հիսուսն արեց՝ վերականգնվենք աղոթքի միջոցով:

Ճեղքումից առաջ: Շրջադարձային պահ էր, երբ Հիսուսը հարցրեց Իր աշակերտներին. «Ո՞վ եք ասում, թե ես լինեմ»: Այս հարցը Հիսուսը տվեց այն բանից հետո, երբ անցկացրել էր առանձին ժամանակ աղոթքի մեջ: Մարդիկ չեն վերածնվում Արքայության մեջ, եթե մեկը չի աղոթում նրանց համար: Ո՞ւմ համար ես դու աղոթում:

Հայտնության ժամանակ: Հիշեք Հիսուսի կերպարանափոխությունը, երբ Նա Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ գնաց սար՝ աղոթելու: Աղոթքի մեջ մենք էլ կունենանք ուրախության ու ցնծության ժամանակ, ինչպես այն ժամանակ աշակերտներն ունեցան:

Ուրիշների կարիքի ժամանակ: Մարիամն ու Մարթան վրդովված էին իրենց եղբոր՝ Ղազարոսի մահվան պատճառով: Բայց Հիսուսը եկավ ու հրամայեց, որ քարը տեղափոխեն Ղազարոսի գերեզմանից, և հետո աղոթեց (Ղուկաս 11.41-42): Տրտմության պահին մենք կարող ենք հաստատել մեր հավատքը՝ աղոթելով՝ ինչպես Հիսուսն արեց. «Հա՛յր, գիտեմ, որ միշտ լսում ես ինձ»:

Մենք գտնում ենք Հիսուսին Գեթսեմանում՝ աղոթելիս: Փախուստը հնարավոր էր: Նա կարող էր անհետանալ Հուդայի անապատով: Բայց Նա մնաց և աղոթեց, և այս ամենը մեզ համար: Կան պահեր, երբ ոչ մի հրաշք չի կատարվում, երբ մենք չպետք է փախչենք, բայց մնանք ու կատարենք մեր պարտականությունը: Եվ այն, ինչ կարգավորում է ամեն բան ու տալիս մեզ կամքի ուժ կատարելու այն, ինչ պետք է կատարենք,  դա աղոթքն է:

Ջորջ Վուդ