Ավետարանը ողջ ճշմարտության անսպառ աղբյուրն է. Իմանուիլ Կանտ

Իմանուիլ Կանտը գերմանացի մտածող է, դասական փիլիսոփայության հիմնադիր: Կանտի անմահ ցիտատները մտել են պատմության մեջ, իսկ գիտնականի գրքերը կազմում են ողջ աշխարհում փիլիսոփայական տեսության հիմքը:

Կյանքի մասին

Իմանուիլ Կանտը ծնվել է 1724թ-ի ապրիլի 22-ին կրոնական ընտանիքում՝ Պրուսիայի Քյոնիգսբերգ արվարձանային քաղաքում: Կանտերի ընտանիքն ուներ 12 երեխա, Իմանուիլը չորրորդ երեխան էր, սակայն երեխաներից շատերը մահանում են մանուկ հասակում՝ ընտանիքում մնում են երեք քույր և երկու եղբայր:

Կանտի ծնողներն են եղել այն մարդիկ, ովքեր տղայի կյանքում դրել են հոգևոր դաստիարակության հիմքը, նրանք լյութերականներ էին: Մայրը՝ Աննա Ռեգինան, երեխաներին իր հետ տանում էր քարոզների և Աստվածաշնչի ուսումնասիրության դասերի:

16 տարեկան հասակում Կանտն ընդունվում է Քյոնիգսբերգի համալսարան: Սակայն նյութական դժվարությունների պատճառով նրան այդպես էլ չի հաջողվում ավարտել համալսարանը. մոր մահից հետո անժամանակ հեռանում է նաև հայրը՝ Յոհանն Կանտը, և ընտանիքին կերակրելու համար Իմանուիլը ստիպված էր աշխատել՝ որպես տնային ուսուցիչ, և գրեթե տասը տարի սովորեցնել կոմսերի, գնդապետների ու քահանաների ընտանիքների երեխաներին:

Գործունեության մասին

Իր գործունեության առաջին փուլում Կանտն ուսումնասիրում է տարածության տեսությունը ֆիզիկական տեսանկյունից և ապացուցում Գերբնական մտքի գոյությունը, որից էլ սկիզբ են առնում կյանքի բոլոր երևույթները: Գիտնականը համարում էր, որ եթե կա մատերիա, ուրեմն գոյություն ունի նաև Աստված: Նրա կարծիքով՝ մարդը պետք է ճանաչի Մեկի գոյությունը, ով կանգնած է նյութական աշխարհի արարման հետևում: Այս միտքը Կանտն արտահայտում է իր կենտրոնական «Աստծո գոյության ապացուցման միակ հնարավոր հիմքը» աշխատության մեջ:

Կանտը հրատարակել է այլ կարևոր գրքեր բարոյագիտության, կրոնի, իրավագիտության, գեղագիտության և պատմության մասին։

Ներկայացնում ենք մի քանի կարևոր մեջբերումներ նրա աշխատանքներից՝ Աստծո և կյանքի երևույթների մասին:

«Ավետարան… ողջ ճշմարտության անսպառ աղբյուր, որը միտքը երբեք չի գտնի մեկ այլ վայրում»:

«Ես անխուսափելիորեն հավատալու եմ Աստծո գոյությանն ու հավիտենական կյանքին և համոզված եմ, որ այդ հավատքը ոչինչ չի կարող խարխլել, քանի որ դրանով կտապալվեին իմ բարոյական այն սկզբունքները, որոնցից հրաժարվելու դեպքում՝ սեփական աչքերում արգահատանքի արժանի կհամարեի ինձ»:

«Աստված աշխարհի միակ Տերն է: Նա կառավարում է՝ ինչպես միապետ, բայց ոչ՝ բռնակալ, քանզի Նա ցանկանում է, որպեսզի Իր պատվիրանները պահվեն սիրուց ելնելով, ոչ թե ստրուկին հատուկ վախից»:

«Մեկը նայելով ցեխաջրի մեջ՝ տեսնում է միայն կեղտ, մյուսը՝ նրանում արտացոլվող աստղերը»:

«Ով վախեցած հոգ է տանում այն մասին, թե ինչպես չկորցնի իր կյանքը, երբեք չի ուրախանա այդ կյանքով»:

«Ուրիշների հետ մի վարվիր՝ որպես սեփական նպատակներին հասնելու միջոցի»:

«Գիտությունը կազմակերպված գիտելիքներն են, իմաստությունը՝ կազմակերպված կյանքը»:

«Բարոյականությունը չի սովորեցնում՝ ինչպես երջանիկ դառնալ, այլ թե՝ ինչպես լինել արժանի երջանկության»:

«Որքան շատ են սովորությունները, այնքան քիչ է ազատությունը»:

«Մարդկանց կյանքը, ովքեր գիտակցությունը և բարոյականությունը կորցրած՝ տրվել են միայն հաճույքների, ոչ մի արժեք չունի»:

«Գործունեությունը սահմանումն է այն բանի, թե ով ենք մենք»:

«Մահից ամենաքիչը վախենում են այն մարդիկ, ում կյանքը մեծագույն արժեքն ունի»:

«Տվեք մարդուն ամենը, ինչ նա ցանկանում է, և նույն պահին նա կզգա, որ այդ ամենը դեռ ամենը չէ»:

Աղբյուրը՝ 24smi.org