«Ուզում եմ, որ այս երկիրը օրինակ լինի ողջ աշխարհի համար». հարցազրույց Ջեյքոբ Փարսլիի հետ

– Արդեն մեկ տարի է՝ ինչ Հայաստանում եք բնակվում: Ի՞նչ տպավորություններ ունեք:

– Նախ ուզում եմ ասել, որ սիրում եմ Հայաստանը, սիրում եմ այս քաղաքը: Նախկինում երբևէ ոչ մի երկիր այսքան չեմ սիրել, անգամ զգում եմ, որ պատրաստ եմ կյանքս տալ այս երկրի համար, եթե անհրաժեշտ լինի, չնայած, որ ինքս հայ չեմ:

Երբ առաջին անգամ եկա այստեղ՝ 2008թ-ին, այնքան ուրախ էի հանդիպելու այս բոլոր հրաշալի մարդկանց, այստեղի հրաշալի եկեղեցիներին: Այսպես էի մտածում՝ ես հավանում եմ այստեղի լեզուն և կցանկանամ սովորել այն, այդպես մենք հետագայում տեղափոխվեցինք Հայաստան: Հիմա սովորում եմ հայերեն:

– Նախքան Հայաստանում բնակություն հաստատելը, դուք ծառայում էիք Թուրքիայում, և գիտենք, որ այնտեղ դուք հանդիպել եք բազում հայերի. ի՞նչ առանձնահատկություններ կան այնտեղ հայերի շրջանում:

– Թուրքիայում ծառայելու ժամանակ, իսկ ես տասնհինգ տարի ապրել եմ Թուրքիայում, հետաքրքիր մի բան եմ նկատել, որ այնտեղ հազարավոր հայեր կան, ովքեր թաքցնում են իրենց հայ լինելը, գաղտնի են ապրում: Նաև եղել են դեպքեր, երբ մենք շփվել ենք համշենահայերի հետ՝ Համշենի տարածաշրջանում, նրանք ունեն իրենց տարածաշրջանին հատուկ հայերենը, և մեր եկեղեցում նույնպես շատ նման հայեր կան:

Ես մի ընկեր ունեմ, ով ծառայում էր Թուրքիայի մեր եկեղեցում, նա քուրդ էր և անցած տարի պարզեց, որ քոչարի ցեղին է պատկանում, իսկ այդ ցեղն իրականում հայերին է պատկանել: Փաստորեն, նա չգիտեր, որ հայ էր: Թուրքիայում ես տեսել եմ շատ ու շատ մարդկանց, ովքեր ավելի ուշ հայտնաբերել են, որ իրենց տատիկները, պապիկները հայեր են, հույն կամ սիրիացի, և նրանց մոտ հարց է առաջացել, թե ո՞րն է իրենց իրական հավատքը:

Փոքրուց նրանց ասել են, որ իրենք մահմեդական են, և այլ մշակույթի մեջ են մեծացրել: Հետո նրանք սկսել են եկեղեցի փնտրել, Աստվածաշունչ կարդալ, իսկապես ոգեշնչվել են քրիստոնեությամբ և քրիստոնյա դարձել: Մարդիկ էլ կան, ովքեր քրիստոնյա են դարձել, իսկ ավելի ուշ հայտնաբերել են, որ իրականում հայ են ազգությամբ: Եվ այս ամենը իսկապես հետաքրքիր է տեսնել և վերապրել:

– Ի՞նչ մաղթանք ունեք մեր ընթերցողներին, հայ ժողովրդին:

– Ես ցանկանում եմ, որ հայ ժողովուրդը, այս երկիրը դառնա իսկական քրիստոնեական երկիր, չլինեն միայն անվանական քրիստոնյաներ, այլ որ մարդիկ Աստվածաշունչ կարդան, հավատան Հիսուսին և այս երկիրը օրինակ լինի ողջ աշխարհի համար: Մենք սիրում ենք այս երկիրը, այն իսկապես հրաշալի երկիր է:

Այստեղ կա խաղաղություն, մարդիկ այստեղ դեռևս ունեն բարոյական չափանիշներ, սա շատ լավ վայր է երեխաներ մեծացնելու համար: Ես ինձ զգում եմ՝ ինչպես տանը, սիրում եմ այստեղ իմ ընկերներին, եկեղեցիները, մարդկանց: Մտադիր ենք ընտանիքով մշտական բնակություն հաստատել այստեղ: Ավագ որդիս արդեն դպրոց է գնում և շատ է սիրում հայերեն խոսել:

Հարցազրույցը՝ CrossNews.am