Կարգ ու կանոն

Կարգ ու կանոնով մարդը օրվա իր ռեժիմի մեջ ներառում է դրական սովորույթներ, նա կրկնում է դրանք նորից ու նորից, եթե անգամ իրեն դուր չեն գալիս: Քրիստոնյան ունի հոգևոր շատ կարգ ու կանոններ. ժամանակ անցկացնել աղոթքի մեջ, կարդալ Սուրբ Գիրքը, այցելել եկեղեցի, զոհաբերել իր ժամանակից ու գումարներից և այլն:

Այս հոգևոր կարգ ու կանոնը պետք է իր տեղը զբաղեցնի քրիստոնեական ընտանիքներում. ժամանակ անցկացնել աղոթքի մեջ կնոջ հետ միասին, կարդալ Սուրբ Գիրքը երեխաների հետ, այցելել եկեղեցի ընտանիքով, զոհաբերել սեփական ժամանակից ու գումարներից՝ ներքաշելով այդ գործընթացի մեջ նաև երեխաներին՝ այդպիսով սովորեցնելով նրանց զոհաբերող լինել:

Բայց ես անհանգստացած եմ շատ կարևոր մի մասով՝ հոգևոր կարգ ու կանոնի, որը հաճախ անտեսում են, և դա իր հատուկ հետևանքն է թողնում ընտանիքների վրա: Խոսքս «ոչ» ասելուն է վերաբերում:

«Որովհետև դուք ազատության համար եք կանչվել, եղբայրք. միայն թե ձեր ազատությունը պատճառ չտա մարմնին. այլ սիրով ծառայեք իրար։ Որովհետև բոլոր օրենքն այս մեկ խոսքումն է կատարվում. քո ընկերին քո անձի պես սիրիր: Բայց եթե իրար կծեք և ուտեք, զգուշացեք, որ իրարից չփչանաք» (Գաղատացիս 5.13-15):

«Միայն թե ձեր ազատությունը պատճառ չտա մարմնին». մեր մտերիմների համար կան որոշակի հետևանքներ այն բանից, եթե մենք ազատությունը չարաշահելով՝ հաճեցնում ենք մեր մարմնին: Չէ՞ որ մենք երբեք մեղք չենք գործում առանձնացված. մեր կինը/ամուսինը, երեխաները, քույրերը, եղբայրները, ծնողները մեր մեղքերից նույնպես տուժում են:

Ընտանիքը դառնում է առողջ ընտանիք, երբ այդ ընտանիքի անդամները սովորում են օգտագործել «ոչ» բառը: Երբ տան տղամարդն ասում է «ոչ» իր մարմնին հաճեցնելուն, տունը դառնում է ավելի ապահով վայր: Երբ կինն ասում են «ոչ» մեղքի հաճույքին, ընտանիքը դառնում է ավելի առողջ: Երբ երեխաները, քույրերն ու եղբայրները կարողանում են «ոչ» ասել սեփական «ես»-ին, նրանք իրար չեն կծի և ուտի՝ ինչպես բառացի, այնպես էլ հոգևոր առումով:

Սեփական անձին կարգ ու կանոնի սովորեցնելը՝ մեղքին  «ոչ» ասելը, դժվար է, նույնպես էլ դժվար է ենթարկվել Աստծո Արքայությանը և ապրել Նրա նպատակների համար:

Մեր մարմնին հաճեցնելը սովորական է մեր բոլորի համար, բայց Հիսուսը հասկանում է մեր տկարությունը: Նա ոչ միայն ներում է մեզ, երբ մենք սայթաքում ենք, այլև ապրում է մեր մեջ և օգնում մեզ՝ ասել «ոչ» մեղքին և դրա փոխարեն ընտրել սեփական ընտանիքին ծառայելը խոնարհ սիրով:

Եթե դուք ապրեք Սուրբ Հոգու զորությամբ, ապա գեղեցիկ ու հիասքանչ ընտանիքը ձեզ համար իրականություն կդառնա:

Փոլ Թրիփ