Ինչն էր իսկապես բարկացնում Քրիստոսին (զուր բարկության մասին)

Մենք՝ քրիստոնյաներս, երբեմն շատ հեշտությամբ ենք վիրավորվում ու նեղսրտում:

Մենք խանդավառությամբ լի մարդիկ ենք՝ հակված խորը վերապրումների և էլ ավելի հաստատուն կարծիքների: Շատ ու շատ մարդիկ մեր մշակույթի մեջ չեն տարբերակում, թե ինչն է իսկապես կարևոր մեզ համար: Անկեղծ ասած՝ քրիստոնյա մարդիկ հաճախ հայտնի են նրանով, թե ինչի դեմ են իրենք հանդես գալիս, և դա երկար ցուցակ է:

Իհարկե, մենք պետք է ունենանք մեր խոսքը աշխարհում տիրող մեղսավոր երևույթների դեմ: Իմ խոսելիքն այլ է. եկեք անկեղծ լինենք. կա՞ն արդյոք բաներ, որոնք ձեզ նյարդայնացնում են, բայց պատճառը ոչ թե աստվածաշնչյան ճշմարտությունից դրանց շեղումն է, այլ ձեր անձնական նախընտրությունը:

Որպես հավելյալ տեղեկություն՝ ասեմ, որ ես ավետարանական քրիստոնյա եմ, Աստվածաշունչն ընդունող հովիվ:

Կան հարցեր, որոնք երբեմն-երբեմն, պարզվում է, շատ կարևոր են քրիստոնյաների համար, բայց ոչ այնքան կարևոր են Քրիստոսի համար: Օրինակ՝ երկրպագության երաժշտության բարձրությունը, կամ որքան հաճախ եկեղեցում պետք է հաղորդություն լինի, կամ ինչու են որոշ մարդիկ նստում նույն տեղերում և այլն:

Այս ցուցակը շարունակելի է, և որպեսզի մնանք Աստվածաշնչի վարդապետության մեջ և չնյարդայնանանք զուր բաների համար՝ մեր խաղաղությունը կորցնելով, եկեք պարզենք մի կարևոր հարց. ի՞նչն էր Հիսուսին ստիպում նեղսրտել կամ բարկանալ:

Ակնհայտ է, որ այն բաները, որոնք անհանգստացնում էին Հիսուսին, պետք է անհանգստացնեն նաև մեզ՝ Քրիստոսի հետևորդներիս: Եթե մի բան կարևոր է Նրա համար, ապա պետք է կարևոր լինի մեզ համար նույնպես: Եվ ինչը որ կարևոր չէ Նրա համար, մեզ համար նմանապես կարևոր չպետք է լինի:

Վերջերս ես լսեցի ձայնային հաղորդագրություն մի կնոջից, ով, լավագույն դեպքում, երբեմն այցելում է մեր եկեղեցի: Նա զանգել էր, որպեսզի բողոքեր որոշակի հարցերի շուրջ, որոնք իրեն շատ էին անհանգստացնում: Ես կարող եմ հասկանալ այն, որ նա շատ նեղված էր: Բայց նրա խոսքը կոպիտ էր և ոչ բարյացակամ, բոլորովին հատուկ չէր քրիստոնյայի: Եվ իսկապես սա շատ տխուր է, որովհետև այսօր շատ են քննադատները, ովքեր մտահոգ են որոշակի երևույթներով, բայց որոնց քննադատությունը ոչ մի շինություն չի բերում:

Հաճախ եկեղեցական փորձառության մեջ կա խնդիր, որը կապ ունի Աստվածաշնչի ոչ բավարար ուսումնասիրության և վարդապետության իմացության պակասի հետ:

Եվ այսպես, ի՞նչն էր Հիսուսին զայրացնում.

  • Սրտի խստությունը (Մարկոս 3.1-5)
  • Եսասիրական ձգտումները (Մարկոս 3.1-5)
  • Հոգևոր գոռոզությունը (Ղուկաս 9.51-55)
  • Կենտրոնացումը սեփական անձի վրա (Մաթ. 23.10-12)
  • Երեսպաշտությունն ու կեղծ կրոնավորությունը (Ղուկաս 11.37-54)

Կարող եք ջանք թափել ձեր ուժերի ներածին չափով, բայց ոչ մի հատված չեք գտնի Աստվածաշնչում, որտեղ Հիսուսը բարկանում է մեղավորների վրա այն բանի համար, որ նրանք մեղավոր մարդիկ են: Այնուամենայնիվ, դուք կգտնեք Նրան բարկացած՝ կեղծավոր «աստվածապաշտների» վրա:

Դուք չեք գտնի Հիսուսին վատ խոսքեր ասելիս Հռոմի կամ կայսրի մասին: Նա պարզապես հիշեցնում էր Իր հետևորդներին, որ Իր Արքայությունը այս երկրից չէ:

Դուք չեք գտնի Հիսուսին բարկանալիս մարդկանց վրա այն պատճառով, որովհետև նրանք եկեղեցում գլխաշոր չէին կրում:

Մի՛ եղեք բարկացած քրիստոնյաներ, եթե միայն խոսքը այն մասին չէ, ինչը նույնպես բարկացնում էր Քրիստոսին: Եղեք սիրով լցված քրիստոնյաներ:

Այս ուղերձս ավարտում եմ Բ Կորնթացիս 13.11 խոսքերով. «Ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխիթարվեցեք, միաբան եղեք, և խաղաղություն արեք. և սիրո և խաղաղության Աստվածը ձեզ հետ լինի»:

Կուրտ Բուբնա