Փշրված կուժը

Փշրված կուժը«Եվ կոտրիր այն կուժը քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջին» (Երեմիա 19.10)։

Երեմիա մարգարեն Աստծուց պատվեր ստացավ մարդկանց առջև մարգարեանալու Աստծո խոսքերը և կոտրելու նրանց աչքի առջև բրուտի տանից վերցված մի կուժ:

Ինչո՞ւ Աստված պատվիրեց Երեմիային կոտրել կուժը: Ի՞նչ էր այն խորհրդանշում: Ի՞նչ զգուշացում է այս գործողությունը մեզ փոխանցում Երեմիայի մարգարեությունից հազարամյակներ անց:

Աստված Իր ժողովրդին զգուշացնում էր, որ Իր հետ հարաբերության մեջ կա մի կետ, մի սահման, մի սահմանագիծ, որն անցնելը չափազանց վտանգավոր է:

Այո՛, Աստված ներող է, Աստված Իր ժողովրդին վերաբերում է սիրող Հոր պես: Այո՛, Աստված փրկել էր նրանց զորավոր նշաններով ու հրաշքներով, նրանց հաղթանակներ պարգևել բազում պատերազմների մեջ, նրանց խնամել, պահել ու պաշտպանել: Այո՛, Աստված հոգատար Հոր պես սիրո և ողորմության գործեր էր գործել Իր ժողովրդի կյանքում:

Սակայն, ահա՛, Տեր Աստծո զգուշացումը Իր ժողովրդին՝ յուրաքանչյուր հավատացյալի. Աստծո հետ հարաբերության մեջ կա մի սահմանագիծ, որն անցնելը խորհրդանշաբար ներկայացվում է կուժի կոտրվելով: Երբ կուժը փշուր-փշուր է լինում, այլևս ոչ ոք չի մտածում այն նորոգելու մասին:

Այդպես է Աստծո հարաբերությունը Իր ժողովրդի հետ: Կա մի սահման, որին մոտենում ենք մեղքի և անօրենության կյանքով, իսկ այդ սահմանից հեռացնող ճանապարհը կոչվում է սրբության ճանապարհ:

Սրբությունը մեզ մոտեցնում է Աստծուն, իսկ մեղքերը՝ հեռացնում: Մեղքն ու անօրենությունը սիրելը, մեղքերն ու հանցանքները թաքցնելն ու արդարացնելը մեզ մոտեցնում են փշրված կուժի սահմանագծին: Խոստովանությունն ու ապաշխարությունը մեզ հեռացնում են այդ սահմանագծից:

Աստված սիրում է Իր ժողովրդին և հենց այդ պատճառով է զգուշացնում փշրված կուժի սահմանի մասին: Այն անցնողներն այլևս երբեք չեն կարող վերականգնել իրենց հարաբերությունն Աստծո հետ:

Տեր Հիսուսի անունով սրբության ճանապարհի վրա հաստատված ընթացք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան