Դանդաղ շտապիր. առակ

Մի աշակերտ հարցնում է իր ուսուցչին.

– Ուսուցի՛չ, ինչո՞ւ ինձ ավելի շատ հանձնարարություններ չեք տալիս, մինչդեռ ուրիշներին գրեթե ամեն օր նոր հանձնարարություններ եք տալիս:

– Ես քեզ կպատասխանեմ, բայց ոչ հիմա: Հիմա եկ ճաշենք:

Աշակերտը համաձայնում է, որովհետև շատ քաղցած էր:

– Միայն թե պետք է թույլ տաս, որ ես քեզ կերակրեմ:

Ուսուցչի առաջարկը նրան տարօրինակ է թվում, բայց այնուամենայնիվ, նա համաձայնում է՝ մտածելով, որ ինչ-որ նպատակ կա դրա հետևում, կամ էլ նա յուրահատուկ ուշադրության է արժանացնում իր աշակերտին:

Ճաշարանում արդեն ուտելիքը մատուցված էր: Ուսուցիչը անուշաբույր, համեղ փլավը գդալով մոտեցնում է աշակերտի բերանին, ով ախորժանքով ընդունում է կերակուրը: Նա վայելքով ուտում է և պատրաստվում ասել, թե որքան համեղ է կերակուրը, բայց հազիվ է բերանը բացում, երբ հաջորդ բաժինն է հայտնվում բերանում: Արագ-արագ ծամում է և չի հասցնում կուլ տալ, երբ հաջորդ գդալն է մոտենում բերանին:

Վերջապես նա չի համբերում այլևս և կերակուրը բերանում ասում է.

– Մենք ինչ է, ինչ-որ տե՞ղ ենք շտապում: Ինչո՞ւ եք այդքան արագ-արագ տալիս: Եվ հետո. ես չեմ հասկանում այս ամենի իմաստը: Մի՞թե հնարավոր չէ հանգիստ ուտել՝ հաճելիորեն զրուցելով:

– Կարելի է, բայց չէ՞ որ դու դա չես ուզում,- ասում է ուսուցիչը:

-Ե՞ս: Բայց ինչի՞ց եք Դուք դա ենթադրում:

– Դու ինքդ կես ժամ առաջ դա ասացիր,- պատասխանում է նա:

-Ե՞ս:

– Նոր հանձնարարություններ ստանալը, նախքան նախորդ ստացածները յուրացնելը, նույնն է, ինչ շտապ-շտապ ուտելը՝ բերանը կերակուր վերցնելով, երբ դեռևս կերածդ կուլ չես տվել:

Նախնիները ասում էին՝ «շտապի՛ր դանդաղ», որպեսզի կյանքդ քո կողքով չանցնի: Ապրի՛ր կյանքդ ուրախությամբ և ջանասիրությամբ, ոչ թե շտապողականությամբ: Կյանքը մի՛ վերածիր անդադար վազքի: Զգա ամեն վայրկյանի արժեքը և գոհացիր դրա համար: