Եթե թշնամիդ սոված է, հաց տուր նրան

Կրասնոդարի մարզի Բրատկովսկոյե գյուղում ապրում է մի հավատացյալ կին Լիզա անունով: Ուկրաինայից այստեղ տեղափոխվելով՝ նա պետք է գնար Գորլովկա՝ որոշ փաստաթղթերի հետևից: Գնում է, ստանում այդ կարևոր փաստափղթերը, դնում իր պայուսակի մեջ, պայուսակը կապում սայլակին և ճանապարհ ընկնում: Տագանրոգ քաղաքի կանգառում նա տեսնում է ճամպրուկներով մի ծեր կնոջ և օգնում է նրան բարձրանալ գնացք:

Որոշ ժամանակ անց Լիզան գնում է լվացվելու և իր պայուսակն ու սայլակը թողնում այդ անծանոթ տատիկի մոտ՝ խնդրելով նրան ուշադիր լինել: Բայց երբ հետ է վերադառնում, ոչ իր սայլակն է գտնում, ոչ պայուսակը, ոչ էլ այն խեղճ տատիկին: Հարևանությամբ նստած երիտասարդը, տեսնելով Լիզա տատիկի մտահոգությունը, ասում է, որ նրա գնալուն պես այն տատիկը անմիջապես իջել է գնացքից ու նստել մի ուրիշը:

Լիզա տատիկը ստիպված էր վերադառնալ Տագանրոգ և ոստիկանությունում ամեն մի կորած փաստաթղթի համար նոր փաստաթուղթ վերցներ, որտեղ նշվում էր, որ այն փաստաթղթերը իրական չեն: Մի ամբողջ գիշեր է այդ ամենը տևում: Մինչ ոստիկանությունում լրացնում են համապատասխան փաստաթղթերը, Լիզան ջերմեռանդ աղոթում է, որ Աստված այն անծանոթ տատիկին իր ձեռքը հանձնի:

Ոստիկանությունում նրա հետ շատ հարգալից ու սրտացավ են վերաբերվում, օգնում են նորից գնացք նստել: Լիզա տատիկի ոտքերը ցավում էին, նաև գլուխն էր ցավում՝ գիշերն անքուն անցկացնելու և այդքան վերապրումների պատճառով: Բայց սրտում խաղաղություն էր: Այդ ժամանակ նա դեռ չգիտեր, որ Աստված արդեն լսել ու պատասխանել էր իր աղոթքին:

Միջանկյալ մի քաղաքի կանգառում նա որոշում է իջնել, մի փոքր մաքուր օդ շնչել: Եվ հանկարծ այդ կայարանում տեսնում է իր պայուսակն ու սայլակը: Սկզբում չի հավատում, աչքերն է տրորում, բայց հետո համոզվում է, որ իրոք իր իրերն են և նրանց կողքին էլ կանգնած է այն նույն ծեր տատիկը:

Արագ մոտենում է կնոջը և հարցնում, թե ինչո՞ւ այդպես վարվեց իր հետ: Իսկ կինը պատասխանում է, որ շատ սոված էր և ուտել էր ուզում, մտածելով, որ պայուսակի մեջ ուտելիք կլինի՝ վերցրել էր այն ու հեռացել: Այդ ժամանակ Լիզա տատիկը կերակրում է նրան, նվիրում փոքրիկ մի Ավետարան, որ ուներ պայուսակի մեջ, ու ասում, որ ոստիկանություն չի դիմի: Միայն զգուշացնում է, որ այլևս այդպես չվարվի, այլ միշտ Աստծուն դիմի օգնության համար: Նա պատմում է Աստծո սիրո մասին և անընդհատ գոհանում Աստծուց՝ իր աղոթքին այդպիսի հրաշալի ձևով պատասխանելու համար: