Ի՞նչ է նշանակում դարձի գալ

Ի՞նչ է նշանակում դարձի գալ«Սրա համար այսպես է ասում Տերը. Եթե դարձի գաս, Ես քեզ ետ կբերեմ. Իմ առաջին կկանգնես. Եվ եթե հանես պատվականը անարգից, Իմ բերանի պես կլինես. Նրանք կդառնան դեպի քեզ, և դու դեպի նրանց չես դառնալ» (Երեմիա 15.19)։

Ի՞նչ է նշանակում դարձի գալ: Որքա՜ն պատվական են դարձի գալու պայմանին հաջորդող խոստումները՝ Աստված դարձի եկող մարդուն հետ կբերի Իր մոտ, այդպիսի մարդը Աստծո առջև կկանգնի և Աստծո բերանի պես կլինի, այսինքն՝ Աստված այսպիսի մարդու շուրթեով կխոսի մյուսներին: Հրաշալի ու անխախտ խոստումներ: Պատվական ու թանկ խոստումներ:

Ի՞նչ է նշանակում դարձի գալ: Ո՞ւմ է վերաբերում այս պայմանը: Տիրոջ այս խոսքն ուղղված է Իր ժողովրդին: Այս խոսքն ուղղված է յուրաքանչյուր հավատացյալի՝ յուրաքանչյուր մեկին, ով իրեն Աստծո ժողովրդի մասնիկ է համարում: Դարձի գալ արտահայտությունը մենք կիրառում ենք անապաշխար ու խավարի մեջ ապրող մարդկանց համար: Սակայն Աստված դարձի գալ է ակնկալում նաև Իր ժողովրդից:

Հավատացյալները նույնպես պիտի դարձի գան, որպեսզի կարողանան մուտք գործել Աստծո ներկայության մեջ, որպեսզի Աստված նրանց օգտագործի Իր գործի մեջ, որպեսզի կարողանանք ծառայել Նրան ու լինել Նրա Մարմինը: Հավատացյալի դարձի գալը բնորոշվում է որպես պատվականը անարգից առանձնացնելը: Մեր կյանքում, մեր գործերում, մեր բնավորության մեջ, մեր հարաբերություններում, մեր ծածուկ կյանքում, մեր շարժառիթների մեջ մենք պետք է առանձնացնենք պատվականը անարգից: Մենք պետք է կարողանանք տեսնել Աստծուն հաճելի և Նրա համար տհաճ որակները, որոնք առկա են մեր կյանքում:

Պետք է կարողանանք հայտնաբերել դրանք ու հեռացնել կամ ամենաքիչը պայքարել դրանք հեռացնելու համար: Եթե միայն մենք՝ հավատացյալներս, դարձի գանք, Աստված մեզ կբերի Իր մոտ, մենք Աստծո առջև կկանգնենք և Աստծո բերանի պես կլինենք, այսինքն՝ Աստված մեր շուրթեով կխոսի մյուսներին: Եկե՛ք քննենք մեր անձերը: Եկե՛ք դարձի գանք…

Տեր Հիսուսի անունով սեփական աչքի գերանը տեսնելու ունակություն և անձնաքննության խոնարհություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան