Ձեր ապագան Տիրոջ ձեռքերի մեջ է. Ջոյս Մայեր

«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսություն, խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու» (Ղուկաս 4.18-19):

Իմ մանկությունն անցել է բռնության և վիրավորանքի մթնոլորտում: Ծնողներս չէին մտածում՝ արդյոք լա՞վ են ինձ համար անցնում իմ մանկության տարիները: Ես ապրում էի վախի մեջ և սարսափելիորեն տառապում էի:

Գիտնականներն ասում են, որ երեխայի անհատականությունը ձևավորվում է նրա կյանքի առաջին 5 տարիների ընթացքում: Իմ կյանքի այդ տարիները լցված էին քաոսով: Ես ապրում էի՝ ամբողջ աշխարհից առանձնացված լինելով, ստեղծելով իմ շուրջը պաշտպանողական մի պատ, որպեսզի մարդիկ չկարողանային ինձ ցավ պատճառել: Ես ինքնամփոփ էի, վախվորած, չվստահող, դրա համար էլ ձգտում էի ամեն բան վերահսկողության տակ պահել: Ինձ թվում էր, թե կարելի է հանգիստ լինել միայն այն դեպքում, եթե ամեն բան ինքդ վերահսկես, չէ՞ որ այդ դեպքում՝ ոչ ոք չի կարող քեզ վիրավորել կամ նվաստացնել:

Ես մեծացա ու փորձեցի ապրել քրիստոնեաբար: Հիշում էի իմ անցյալը, բայց պատկերացում անգամ չունեի իմ ապագայի մասին: Ինձ թվում էր, թե այն արդեն իսկ առհավետ փչացել է նրանով, ինչ կատարվել էր անցյալում՝ ինչ-որ ժամանակ:

Ես մտածում էի, որ ունենալով նման անցյալ՝ անմիտ է հուսալ, թե ապագայում կարելի է նորմալ, երջանիկ կյանք ունենալ: Սակայն Հիսուսն եկավ բուժելու հիվանդներին ու սրտով կոտրվածներին, նրանց, ովքեր տառապում էին, ում վիրավորել էին, ում ցավ էին պատճառել: Նա եկավ տառապյալներին ազատ արձակելու:

Իմ կյանքում ոչինչ չէր փոխվում, քանի դեռ ես չէի հավատում, որ կարող եմ ազատվել անցյալի կապանքներից: Ինձ անհրաժեշտ էր փոխել իմ մտքերը. դառնալ դրական ու հավատալ նրան, որ իմ ապագան պայմանավորված չէ անցյալով կամ նրանով, թե ինչ է կատարվում հիմա:

Հնարավոր է՝ ձեր կյանքն էլ ինչ-որ մի ժամանակ լցված է եղել սարսափով, հնարավոր է՝ դա շարունակվում է մինչ օրս, դրա համար էլ դուք հուսահատ եք: Դուք այնքա՜ն վատ եք ձեզ զգում, որ թվում է՝ չկա իմաստ որևէ լավ բանի հուսալու: Սակայն ես հայտարարում եմ ձեզ լիարժեք համոզվածությամբ. ո՛չ անցյալը, ո՛չ ներկան չեն որոշում, թե ինչ է սպասվում ձեզ ապագայում: