«Ձեր սիրտը չխռովի և չվախենա». Աստվածաշնչյան համարներ

«Ձեր սիրտը չխռովի և չվախենա». Աստվածաշնչյան համարներ«Դժոխքն ու կորուստը Տիրոջ առաջին են. էլ ո՞ւր մնաց, որ մարդկանց որդիների սրտերը» (Առակաց 15.11):

«Մարդիս ամեն ճանապարհը ուղիղ է իր աչքի առաջին, բայց սրտերը կշռողը Տերն է» (Առակաց 21.2):

«Ձեր սրտերը թող չխռովեն. Աստծուն հավատացեք և ինձ հավատացեք» (Հովհաննես 14.1):

«Եվ քո Եհովա Աստվածը կթլփատի քո սիրտը և քո որդկանց սիրտը, որ բոլոր սրտովդ և բոլոր հոգովդ քո Եհովա Աստծուն սիրես, որ ապրես» (Բ Օրինաց 30.6):

«Բայց եթե քո սիրտը ետ դառնա, և չլսես, այլ մոլորվելով ուրիշ աստվածների երկրպագություն անես և նրանց պաշտես, ես ձեզ այսօր իմաց եմ տալիս, որ անպատճառ կկորչեք» (Բ Օրինաց 30.17-18):

«Եթե դու ուղղես քո սիրտը և ձեռքերդ դեպի նրան տարածես… Ահա այն ժամանակ կբարձրացնես երեսդ անարատ և հաստատ կլինես և չես վախենա» (Հոբ 11.13,15):

«Բայց ես քո ողորմությանն եմ հուսացած. թող իմ սիրտը ցնծա քո փրկությունովը. թող ես Տիրոջը երգեմ, որ բարի արավ ինձ» (Սաղմոս 13.5):

«Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա ինձ օգնություն եղավ. իմ սիրտը ցնծում է, և ես իմ օրհնությունովը փառաբանում եմ նրան» (Սաղմոս 28.7):

«Վեր կաց աղաղակիր գիշերով՝ պահերի սկզբումը. սիրտդ ջրի պես թափիր Տիրոջ երեսի առաջին, դեպի նրան բարձրացրու ձեռքերդ քո երեխաների հոգիների համար, որոնք սովից նվաղում են բոլոր փողոցների գլխին» (Երեմիայի Ողբեր 2.19):

«Աստծո ընդունելի պատարագները կոտրված հոգին է. կոտրված ու փշրված սիրտը դու չես անարգի, ով Աստված» (Սաղմոս 51.17):

«Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ և զորավոր լինի. և սպասիր Տիրոջը» (Սաղմոս 27.14):

«Սիրտդ տուր խրատի, և ականջներդ՝ գիտության խոսքերի: Որդյակս, եթե սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կուրախանա: Թող սիրտդ չնախանձի մեղավորներին, այլ Տիրոջ վախի մեջ եղիր ամեն օր: Սիրտդ ինձ տուր, որդյակս, և թող աչքերիդ հաճելի լինեն իմ ճանապարհները» (Առակաց 23.12,15,17,26):

«Թշնամիդ վայր ընկնելիս՝ մի ուրախացիր, և նա կործանվելիս սիրտդ չցնծա» (Առակաց 24.17):

«Թեև զորաբանակ էլ ինձ դեմ բանակ տա, իմ սիրտը չի վախենա. թեև պատերազմ էլ վեր կենա ինձ դեմ, ես դարձյալ կհուսամ» (Սաղմոս 27.3):

«Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը… Որ կշտացնում է քո սիրտը բարությունով. և քո մանկությունը նորոգվում է արծվի պես» (Սաղմոս 103.1,5):

«Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է հաստատում» (Առակաց 16.9):

«Ուրախ սիրտը օգտակար է՝ ինչպես դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնի» (Առակաց 17.22):

«Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը, բայց փառքից առաջ գնում է խոնարհությունը» (Առակաց 18.12):

«Ինչ տեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը» (Մաթևոս 6.21):

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի և չվախենա» (Հովհաննես 14.27):