Երջանիկ կնոջ օրագրից. «Դու չե՞ս աշխատում, տանը նստա՞ծ ես՝ երեխաներիդ հետ»

Երջանիկ կնոջ օրագրից. «Դու չե՞ս աշխատում, տանը նստա՞ծ ես՝ երեխաներիդ հետ»Մի անգամ մի հայտնի րաբբի դասախոսություն է կարդում ընտանեկան կյանքի թեմայով: Վերջում մի կին է մոտենում ու հետաքրքրվում, թե իսկ ի՞նչ է աշխատում րաբբիի կինը:

Եվ րաբբին շատ գեղեցիկ գույներով պատմում է, թե ինչպես է իր կինը մի փոքրիկ մանկապարտեզ բացել և ինչպես է հոգ տանում այդտեղ հաճախող 8 երեխաների մասին, ինչպես է նրանց կերակրում օրը երեք անգամ, ինչպիսի համբերատարությամբ է օգնում նրանց դասերը պատրաստել, ինչ սիրով է դաստիարակում նրանց, տարբեր գրքեր կարդում նրանց համար, խաղեր հորինում ու խաղացնում:

Եվ ավելացնում է, որ այդ երեխաների համար իր կնոջ դերը շատ մեծ է, քանզի եթե չլիներ այդ մանկապարտեզն ու իր կնոջ հոգատարությունը, այդ երեխաները պարզապես ամբողջ օրը սոված ու կեղտոտ պետք է անցկացնեին դրսում վազվզելով: Ներկաները սկսում են ծափահարել րաբբիի կնոջը՝ լսելով այդ ամենը: Եվ միայն դրանից հետո նա ավելացնում է, որ այն 8 երեխաները իրականում իրենց սեփական երեխաներն են: Այդ ժամանակ մարդիկ շփոթված նրան են նայում:

Որքա՜ն է մայրության դերը ընկել մեր աչքերում. նույնիսկ ուրիշների երեխաներին դաստիարակելը ավելի պատվաբեր է համարվում, քան սեփական երեխաներին (րաբբի Աշեր Կուշնիր):

Վերջերս մի ծանոթ կին ինձ հարցրեց, թե հիմա չե՞մ աշխատում, տանը նստա՞ծ եմ երեխաների հետ:

Դե, հա, նստած եմ՝ առավոտից երեկո…

Այս հարցը ինձ ստիպեց մտածել, թե ինչու է տան գործը, երեխաներին դաստիարակելը համարվում աշխատանք միայն այն դեպքում, երբ դայակ ես ուրիշների երեխաների: Իսկ քո սիրելիների և հարազատների հետ՝ ո՛չ, դա ամենևին էլ աշխատանք չէ, այլ շուրջօրյա հանգիստ:

Իհարկե, ցանկացած աշխատանք, ցանկացած սեփական գործ կամ բիզնես բացահայտում է մարդու ներուժը: Մարդիկ, ովքեր մեզ շրջապատում են, ձևավորում են մեր մեջ լավ հատկանիշներ՝ դուրս հանելով ամեն անպետք բան:

Դժվարությունները, խնդիրները, որ մենք այդ ընթացքում հաղթահարում ենք, նույնպես օգնում են մեզ աճել, զարգանալ, փոխվել, տեղում չկանգնել, ավելի լավը դառնալ, ավելի մոտ լինել այն կերպարին, ինչպիսին մեզ ստեղծել է Աստված:

Բայց ո՞վ է ասել, որ մայր լինելը աշխատանք չէ:

Այն էլ ինչպիսի՜ աշխատանք է, նախևառաջ ինքդ քեզ վրա, հետո էլ երեխաներիդ վրա:

Այսպիսով, ի՞նչ պետք է ներառի մայրիկի գիտակցված աշխատանքը, որպեսզի նա զգա արդյունավետություն, վայելի իր աշխատանքի պտուղները ու դրանով հանդերձ՝ լցված լինի ներսով:

Նպատակ

Մենք ավելի շատ կենտրոնանում ենք նրա վրա, որ սովորեցնենք երեխային կարդալ, գրել, երգել ու պարել, փոխարենը՝ ավելի ուշադրություն ու ժամանակ տրամադրելու առավել որակական արժեքի վրա՝ նրա անձի ներքին չափանիշների:

Եկեք միասին կազմենք ցուցակ այն առաքինությունների, որոնք ուզում ենք ներարկել մեր երեխաների մեջ:

Համեստություն– մեր հասարակությունում այս հիասքանչ առաքինությունը հաճախ շփոթում են ամաչկոտության, ցածր ինքնագնահատականի հետ:

Ազնվություն– սա հիմքն է ամուր և վստահելի հարաբերությունների, և այս առաքինության սկիզբը դրվում է հենց ընտանիքում:

Հարգանք– նախ և առաջ հարգանք ծնողների ու մեծերի հանդեպ, ինչը հետո հիասքանչ հիմք կդառնա ամուսնու/կնոջ և ընտանիքի հանդեպ հարգանքի:

Համբերություն– համբերությունը գործողություն է՝ որը դրսևորվում է սիրո արդյունքում. «Սերը համբերում է…» (Ա Կորնթացիս 13):

Պատասխանատվություն– «Ազատությունը գալիս է միայն պատասխանատվության հետ միասին. այն նվեր չէ, որը ստանում է յուրաքանչյուրը՝ հասնելով որոշակի տարիքի». Հենրի Կլաուդ:

Ջանք դնելու ունակություն– այս հատկանիշը մանկուց է ձևավորվում՝ նոր բաներ սովորելով ու յուրացնելով, իսկ ապագայում հիանալի դեր է կատարում հաջողությունների հասնելու մեջ:

Հարգանք սեփական անձի հանդեպ– այս հատկանիշը ձևավորվում է, երբ երեխան բախվում է որոշակի դժվարությունների, խնդիրների և ինքնուրույն հաղթահարում դրանք: Ծնողները չեն կարող ուղղակի ներշնչել երեխայի մեջ հարգանք սեփական անձի հանդեպ: Մարդն ինքը պետք է վաստակի դա: Եվ դա պահանջում է ներքին աշխատանք:

Հնազանդություն– սա Աստծո հետ փոխհարաբերույթունների կարևորագույն բաղկացուցիչն է, ինչը նույնպես մարդու մեջ ձևավորվում է դեռ վաղ մանկուց:

Կարող եք ինքներդ էլ շարունակել այս ցուցակը:

Առաջին հայացքից թվում է, թե բոլոր երեխաների մեջ այս հատկանիշները իրենք իրենց են ձևավորվում ու զարգանում, բայց նայեք ձեր շուրջը. արդյոք բոլո՞ր մեծահասակներն ունեն այս բոլոր հատկանիշները: Իրենք իրենց աճում են միայն մոլախոտերը, իսկ նման պտուղները պահանջում են այգեգործի հետևողական ու լուրջ աշխատանքը, այսինքն՝ ծնողների:

Այսպիսով, ի՞նչ է անում մայրիկը՝ նստելով տանը.

  • Դաստիարակում է երեխաների մեջ բնավորություն
  • Ձևավորում է նրանց մեջ անհատականություն, արժեքներ
  • Սովորեցնում է կարգ ու կանոն և կյանքի կարևոր նորարարությունները…

Միայն թե հարց է առաջանում. դաստիարակո՞ւմ է, ձևավորո՞ւմ է, սովորեցնո՞ւմ է… թե՞, ինչպես շատերը, դատարկ ու անգործ անցկացնում է իր հետծննդաբերական տարիները՝ ափսոսանքով նայելով, թե ինչպես է կյանքն անցնում իր կողքով:

Կարծում եմ, որ ամեն բան կախված է մայրիկի անհատականությունից: Իրականում մենք չենք կարող մեր երեխաներին տալ ու սովորեցնել այն, ինչպիսին չենք հանդիսանում ինքներս:

Ուրեմն` դեկրետային արձակուրդի ժամանակ ինչո՞վ պետք է զբաղվի մայրիկը. այո՛, իրենով՝ իր բնավորության, զարգացման, կարգ ու կանոնի վրա: Բա երեխանե՞րը. «Մի դաստիարակեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք ինքներդ ձեզ. նրանք, միևնույնն է, ձեզ նման են լինելու»:

Օլգա Մահմուդովա