Գալիլեո Գալիլեյ. «Բնությունը, անկասկած, Աստծո երկրորդ գիրքն է». փաստեր հայտնի գիտնականի մասին

Գալիլեո Գալիլեյը իտալացի փիլիսոփա է, մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ, ով բացառիկ ազդեցություն է ունեցել իր ժամանակի գիտության վրա: Առաջինն է եղել, ով հեռադիտակ է օգտագործել գիտական բացահայտումների համար, որոնցից դարձան Յուպիտերի արբանյակները: Նա փորձարարական գիտության հիմնադիրն է:

Նա ասում էր, որ «Բնությունը, անկասկած, Աստծո երկրորդ Գիրքն է, որից մենք չպետք է հրաժարվենք, և որը պարտավոր ենք կարդալ… Բնության գործողություններում Տեր Աստվածը դրսևորվում է մեզ ոչ պակաս հիացմունքի արժանի կերպով, քան Սուրբ Գրքի աստվածային խոսքերում»: Այնուամեանայնիվ, 1633թ-ի ապրիլի 21-ից երկու ամիս՝ մինչև այս օրը՝ հունիսի 21-ը, տևած դատական ընթացքում Ինկվիզիցիայի դատարանը նրան մեղավոր ճանաչեց հերետիկոսության մեջ:

Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստեր Գալիլեո Գալիլեյի մասին.

  • Ինկվիզիցիան Գալիլեո Գալիլեյին դատապարտում էր իր՝ Արևի և Երկրի մասին գրքի համար:

1633թ-ին ինվիզիցիոն ընթացքի պատճառը դառնում է Գալիլեոյի նոր գիրքը՝ «Երկխոսություն աշխարհի երկու մեծագույն՝ պտղոմեոսական և կոպեռնիկոսական համարգերի մասին» աշխատությունը:  Գիրքը վիճում էր պտղոմեոսական համակարգի հետ, որի հիմնական գաղափարն այն է, որ աշխարհի կենտրոնում անշարժ Երկիր մոլորակն է: Իսկ աշխարհի կառուցվածքի մասին նման պատկերացումների կողմնակից էր ինքը՝ կաթոլիկ եկեղեցին, այստեղից էլ ծագում է կաթոլիկ եկեղեցու վրդովմունքը Գալիլեոյի գաղափարիների շուրջ:

  • Գալիլեո Գալիլեյը ճշմարիտ էր համարում աշխարհի հելիոցենտրիկ՝ արևակենտրոն համակարգը:

Ըստ Ինկվիզիցիայի՝ Գալիլեոն մեղադրվում էր Աստվածաշնչի հեղինակությունը նվազեցնելու մեջ: Նա մեղադրվում էր, իբրև թե գերազանցում է բանականության լիազորությունները և նվազեցնում Սուրբ Գրքի հեղինակությունը: Գալիլեոն, սակայն, հավատացած էր, որ բանականությունն ունի զորություն բնության ճանաչողության գործում. ըստ նրա՝ բանականությունը ճանաչում է ճշմարտությունը՝ «այն ճշտությամբ, որն ունի ինքը՝ բնությունը»:

Իսկ կաթոլիկ եկեղեցին համարում էր, որ ցանկացած գիտական տեսություն կրում է միմիայն վարկածային բնույթ և չի կարող հասնել արարչագործության գաղտնիքների կատարյալ ճանաչողությանը: Գալիլեյը հակառակ համոզումն ուներ՝ համարելով, որ մարդկային միտքը ունակ է ճանաչելու բնությունը, և նա բնության այս ճանաչողությունը աստվածային էր համարում:

  • Գալիլեո Գալիլեյին չեն տանջել, բայց սպառնացել են տանջել…

Գալիլեոյին սպառնացել են տանջել 1633թ-ի դատական ընթացքի ժամանակ, եթե նա չհրաժարվեր իր «հերետիկոսական» կարծիքից այն մասին, որ Երկիրն է պտտվում Արևի շուրջը: Որոշ պատմաբաններ, սակայն, մտածում են, որ Գալիլեոյին, հնարավոր է, տանջել են չափավոր սահմաններում:

  • Գալիլեո Գալիլեյը ապացուցում է Արիստոտելի հայացքների սխալականությունը Երկրի և Լուսնի մասին և փոխում է մարդկության պատկերացումները Երկրի և տիեզերքի մասին:

Գալիլեոյի բացահայտումները, այդ թվում՝ Լուսնի անհարթ, բլրոտ մակերեսի  բացահայտումը վճռական քայլ էր այն հարցում, որ ողջ տիեզերքը կամ աշխարհը, ընդհանուր առմամբ, արարված է միևնույն սկզբունքով, որ ամենուր նրանում գործում են միևնույն օրինաչափությունները:

  • Եկեղեցին ճանաչում և ընդունում է իր սխալները Գալիլեո Գալիլեյի գործում:

1758թ-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XIV-ը հրամայում է Գալիլեոյի աշխատանքները, որոնք պաշտպանում էին հելիոցենտրիզմը, հեռացնել «Արգելված գրքերի ցանկից»: Այս գործը արագ չի ընթանում և ավարտվում է միայն 1835թ-ին:

Հետագայում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ն է զբաղվում Գալիլեոյի իրավունքների վերականգնմամբ, իսկ 1989թ-ին կարդինալ Պուպարը հայտարարություն է անում Գալիլեոյի դեմ ներկայացված Ինկվիզիցիայի մեղադրանքի մասին. «Գալիլեյին մեղադրելով՝ Սուրբ դիվանատունը գործում էր անկեղծորեն՝ զգուշանալով, որ Կոպեռնիկոսի հեղափոխության ճանաչումը վտանգ է ներկայացնում կաթոլիկ ավանդույթի համար: Բայց դա սխալ էր, և անհրաժեշտ է դա անկեղծորեն ճանաչել: Այսօր մենք գիտենք, որ Գալիլեյը իրավացի էր՝ պահպանելով Կոպեռնիկոսի տեսությունը, չնայած նրա կողմից ներկայացված փաստարկների շուրջ քննարկումը շարունակվում է նաև մեր օրերում»:

Աղբյուր՝ invictory.com