Մեր ամենաահարկու զենքերից մեկը. Ջոն Բիվեր

Մեր ամենաահարկու զենքերից մեկը. Ջոն ԲիվերԱստված պատվիրեց մեզ աղոթել հատուկ պատճառով: Մենք Նրա զինվորներն ենք երկրի վրա և պետք է պայքարենք խավարի ուժերի դեմ: Մեր ամենաահարկու զենքերից մեկը՝ Հոգով աղոթքն է: Երբ աղոթում ենք Հոգով, թշնամին անտեղյակ է Աստծո մարտավարության, ծրագրերի և նպատակների մասին:

Ժամանակ առ ժամանակ Աստված կխոսի որևէ մոր սրտի հետ, որպեսզի նա բարեխոսի իր որդու համար: Միգուցե նա չիմանա, թե ինչ է կատարվում իր որդու կյանքում, բայց Հոգու մղումով կհասկանա, որ պետք է աղոթել:

Երկնային լեզուներով բարեխոսելիս՝ նա իրականում հրամաններ կարձակի հոգևոր իրականության մեջ և կհռչակի Աստծո կատարյալ կամքը իր որդու կյանքում: Ահա թե ինչու է գրված. «խոհեմությամբ արա պատերազմը» (Առակաց 20.18):

Մեր երկնային լեզուն գերազանցում է մեր միտքը և սահմանափակված չէ ժամանակի կամ տարածության մեջ: Հոգով աղոթելիս՝ մենք դադարում ենք ապավինել մեր մտքին և փոխարենը՝ ապավինում ենք Նրա անսահման իմաստության մեծությանը:

Սա այն բազմաթիվ պատճառներից մեկն է, թե ինչու Պողոսն ասաց. «Ես կամենում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք»: Թշնամին չի կարող գաղտնազերծել մեր երկնային լեզուն, քանի որ այն մտերիմ փոխանակում է Աստծո և Նրա զավակների միջև. այդ իսկ պատճառով այն շատ արդյունավետ միջոց է՝ թշնամու չար ծրագրերը մեր և մեր հավատակիցների կյանքերում խափանելու համար:

«Ահա իշխանությունը տվի ձեզ… թշնամու բոլոր զորության վրա» (Ղուկաս 10.19):

Մենք՝ հավատացյալներս, սպառազինված ենք, որպեսզի ուժով տարածենք Աստծո Թագավորությունը (Մաթևոս 11.12): Եկեղեցին Քրիստոսի մարմինն է այս երկրի վրա: Հիսուսն այլևս այս երկրի վրա չէ: Մենք ենք Աստծո Թագավորության դեսպաններն ու պատերազմողները: Մենք կրում ենք Նրա վերափոխող զորությունը և մատակարարում ենք  այն մարդկանց, ովքեր վերականգնման, ազատության և փրկության կարիք ունեն: Բայց երբեք չենք կարողանա լինել Քրիստոսի մարմինը այս կորած և մահացող աշխարհում՝ առանց Նրա Հոգու զորացման:

Սատանան և նրա դիվային զորքերը չեն վախենում ձեզնից. նրանք սարսափած են ձեր ինքնությունից Քրիստոսի մեջ և այն զորությունից, որը պատկանում է ձեզ՝ որպես Բարձրյալի որդի կամ դուստր: