Աստված ավելի լավ գիտի, քան մենք

Աստված ավելի լավ գիտի, քան մենքՀռութ և Մաալոն. այս երկու անունները հազվադեպ են միասին հնչում, որովհետև աստվածաշնչյան պատմության հենց սկզբում Մաալոնը կյանքից հեռանում է: Նա, հավանաբար, իրականացումն էր ամենի, ինչին Հռութը սպասում էր:

Նա Հռութին իր կինն էր դարձրել, և վերջինս սպասում էր, որ մայր էլ կդարձնի, բայց այդ ծրագրերին վիճակված չէր կատարվել: Մաալոնը մահանում է տասը տարվա ամուսնությունից հետո: Հիմա Հռութն այրի էր և պետք է այդ պիտակով ապրեր մինչև կյանքի վերջ:

Չիրականացած երազանքների վերքը այրվում էր այն մասին մտորումներից, որ ամեն բան կարող էր այլ կերպ լինել:

Լինի դա հարազատ մարդու կորուստ կամ երկար սպասված երազանքի կործանում, երբ մենք հասկանում ենք, որ մեր ծրագրերը չեն կատարվելու, մենք կարող ենք այնպիսի զգացողություն ունենալ, ասես մեր ապագան մահանում է: Եվ ինչպես Հռութի չիրականացած երազանքները միայն իր պատմության սկիզբն էին, մենք նույնպես կարող ենք հույս ունենալ, որ այդ հիասթափությունը, որը մենք այսօր ենք վերապրում՝ դեռևս վերջը չէ:

Հռութը ստիպված էր կյանքում նոր ճանապարհ որոնելու: Վիշտը փոխում է նրան: Հավատքը՝ ոգեշնչում խիզախ քայլ անելու: Նա մտնում է մի նոր ընթացքի մեջ, որը, ի դեպ, կրկին իր երազանքների իրականացումը չէր խոստանում:

Ճանապարհը, որով Աստված երբեմն տանում է մեզ, առաջին հայացքից անիմաստ է թվում: Եթե դա մեր կազմած ծրագիրը չէ, ապա մեզ համար դժվար կլինի հավատալ, որ այն մի լավ բանի կարող է բերել:

Նոր ուղղություն վերցնելու համար խիզախություն է անհրաժեշտ: Խիզախություն՝ անցյալը թողնելու և Աստծո հետ առաջ շարժվելու:

Հռութի սրտում նշանակալի մի բան էր ձևավորվում: Նոյեմին համոզում էր նրան վերադառնալ Մովաբ՝ իր ժողովրդի և կուռքերի մոտ, ինչպես դա արեց առաջին հարսը: Հռութը, սակայն, չի ընտրում հեշտ ճանապարհը: Աստված դառնում է նրա սրտի Աստվածը ցավի ու վշտի այդ ժամանակում և տալիս խիզախություն՝ անելու մտքից դուրս մի քայլ: Նա որոշում է հետևել իր սկեսուրին ու գնալ նրա հետ մի երկիր, որում մերժված էր լինելու: Նա որոշում է հետևել Աստծուն, և Աստված էլ դնում է նրան նոր ճանապարհի վրա և գրում նոր պատմություն՝ անփոփոխ ծրագրերով:

Սա մխիթարություն և հույս է, որն Աստված տալիս է մեզ, երբ մեր ծրագրերը դրամատիկորեն փոխվում են ժամանակի ընթացքում և հաճախ փոխվում մեր կամքին հակառակ: Երբ մենք դիմում ենք Նրան և որոնում Նրա կամքը մեր կյանքի համար, Նա հավատարմորեն լցնում է մեզ զորությունով՝ գնալու այնտեղ, որտեղ Ինքն է մեզ առաջնորդում:

Եվ Աստծո ծրագրերը, որքան էլ դրանք բարդ ու անհարմար լինեն, չեն հիասթափեցնում: Հայտնվում է Բոոսը, ով ասես արտացոլում է Քրիստոսի սերը մարդու հանդեպ: Նա կնության է առնում Հռութին, և նրանք ունենում են մի որդի: Բայց դա դեռ ամենը չէր, ինչ Աստված պատրաստել էր Հռութի համար:

Հռութի որդին դառնում է Դավթի նախապապը, իսկ դա էլ նշանակում է, որ մի ժամանակ օտար մովաբացի այրի կինը դառնում է մեկը, ում սերնդից ծնվում է Քրիստոսը:

Կոտրված երազանքները նոր դռներ են

Աստված սիրում է մեզ Քրիստոսի մեջ, ինչպես սիրում էր Հռութին: Նա կանչում է մեզ Իր ընտանիքի մեջ և Իր շնորհի համեմատ տալիս մեզ նոր անուն (Եսայի 56.5): Երբեմն այն իրողությունը, որ մեր ծրագրերը չեն իրականանում, փոխվում են կամ հետաձգվում, դառնում է դուռ, որը Նա օգտագործում է՝ բերելու մեզ հույսի և նոր ինքնության մեջ:

Մենք չենք կարող տեսնել և չենք տեսնի ողջ պատկերն այն բանի, ինչ Աստված սկսել է մեր կյանքում: Աստվածային ծրագրերի կատարման լրումը կլինի, երբ Քրիստոսը վերադառնա, և մենք միանանք Նրան հավիտենության մեջ: Հենց այդ ժամանակ կհասկանանք, թե ինչպես է մեր ամեն արցունքն ու չիրականացած երազանքը մեզ բերել առ Աստված և դեպի Նրա բարի ծրագրերը մեր կյանքի համար:

ՄերիԼինն Ջոնսոն