Օվկիանոսից ու համակենտրոնացման ճամբարից մինչև Բիլլի Գրեհեմի հետ հանդիպումը. Լուի Զամպերինիի կյանքը

Օվկիանոսից ու համակենտրոնացման ճամբարից մինչև Բիլլի Գրեհեմի հետ հանդիպումը. Լուի Զամպերինիի կյանքըԼուի Զամպերինին երկար տարածության վազորդ է, ազգությամբ ամերիկացի, նախկին ռազմագերի, ով կենդանի է մնացել ճապոնական համակենտրոնացման ճամբարներում լինելուց հետո:

Նա կյանքի երկար ճանապարհ է անցել՝ մեկ մղոն վազքի մեջ համաշխարհային միջդպրոցական ռեկորդակրից մինչև 1998թ-ին Նագանոյում տեղի ունեցած Ձմեռային խաղերին օլիմպիական կրակի էստաֆետին մասնակցությունը. այդ ժամանակ նա 81 տարեկան էր:

Նա գիտի, թե ինչ է 50 օր Խաղաղ օվկիանոսում առանց ջրի և հացի լաստանավում անցկացնելը՝ հում ձկներ ուտելով, և գիտի, թե ինչ է նշանակում հայտնվել ճապոնացիների համակենտրոնացման ճամբարում՝ որպես գերի, իսկ հետո էլ վերադառնալ ծնողների մոտ, ովքեր նախագահ Ռուզվելտից արդեն հասցրել էին ստանալ իր մահվան մասին հեռագիրը:

Հետագայում նա կասի. «Ամենադժվար բանն աշխարհում ներման կարողությունն է: Ատելությունը սպառնում է ինքնաոչնչացմամբ: Չէ՞ որ զգալով այն մեկի հանդեպ՝ դուք ոչ թե այդ մարդուն եք վնաս պատճառում, այլ ինքներդ ձեզ: Իսկ ներումն ունի իրական բժշկարար զորություն»:

Նա իր փորձից գիտեր ներման բժշկարար զորության մասին: Պատերազմի ավարտից հետո երկար ժամանակ նրան տանջում էին պատերազմի մասին հիվանդագին հիշողությունները և միայն ալկոհոլն էր օգնում խլացնել դրանք: Ով գիտի, թե ինչ կլիներ նրա հետ, եթե 1946թ-ին նա չհանդիպեր Սինտիա Էփլուայթին՝ մի հմայիչ աղջկա, ով օգնում է նրան գտնել այդ անդունդից դուրս գալու ճանապարհը: Նա շրջապատում է ամուսնուն սիրով, հոգատարությամբ և անում ամեն բան՝ օգնելու նրան թողնել անցյալի դառնագին հուշերը:

Հենց իր կնոջ խորհրդով Լուի Զամպերինին հանդիպում է ավետարանիչ Բիլլի Գրեհեմի հետ: Նրանց հանդիպումը Լոս Անջելեսում շրջադարձային ու որոշիչ է լինում Լուի Զամպերինիի հետագա կյանքի համար: Զամպերինին լսում է այն խոսքերը, որոնց կարիքն ուներ: Գրեհեմը նախկին ռազմագերու խնդիրը հասկանալով՝ մեկ խորհուրդ է տալիս. սիրիր թշնամուդ: Զամպերինին ներում է ճապոնացիներին, ում մի ժամանակ ցանկանում էր ջնջել երկրի երեսից:

1950թ-ին՝ պատերազմի ավարտից 5 տարի անց, Զամպերինին վերադառնում է Ճապոնիա: Նա հանդիպում է համակենտրոնացման ճամբարի նախկին պահակներին, ովքեր մի ժամանակ իրեն փակի տակ էին պահում: Նրանք ամեն բանի կարող էին սպասել, միայն ոչ այն արձագանքին, որին այդ օրը ականատես եղան:

Զամպերինին ջերմորեն գրկում է նրանց, ովքեր մի ժամանակ ոտնատակ էին արել իր արժանապատվությունը և ծաղրանքների ենթարկել: Զարմացած հայացքների հանդիպելով՝ Զամպերինին ժպտում է և ճապոնացիներին մեկնում Նոր Կտակարանի օրինակները, որ բերել էր իր հետ: Այնտեղ նա հանդիպում է նաև այն հրամանատարին, ով առանձնակի դաժանությամբ էր վարվել իր հետ՝ Սասակիին. «Ես ներում եմ քեզ»,- ասում է նա:

Հայրենիք վերադառնալով՝ Զամպերինին ապրում է բարեկանոն կյանքով: Անցյալի ծանր հուշերը այլևս զորություն չունեին նրա կյանքում: Նա դառնում է դասախոս, աշխատում անշարժ գույքի բնագավառում, զբաղվում վազքով, ալպինիզմով: Իր մահկանացուն կնքում է 2014թ-ին՝ թողնելով  իր հեղինակած գիրքը, որտեղ պատմում է սեփական կյանքի մասին: Ներկայացնում ենք մեջբերումներ Լուի Զամպերինիի գրքից.

Օվկիանոսից ու համակենտրոնացման ճամբարից մինչև Բիլլի Գրեհեմի հետ հանդիպումը. Լուի Զամպերինիի կյանքը«Օլիմպիական հոգին նման է քամու: Դուք երբեք չեք տեսնում, թե որտեղից է այն գալիս և ուր է գնում, բայց դուք լսում եք դրա ձայնը: Դուք զգում եք դրա ներկայության զորությունը: Ձեզ ծածկում է ուրախությունը, երբ դուք զգում եք դրա պտուղները: Հետո այն դառնում է հուշ, լավ օրերի արձագանք»:

«Կարևոր գործերը մի վստահեք մարդկանց, ում քիչ եք ճանաչում. հատկապես, եթե դրանից ձեր կյանքն է կախված»:

«Եվ, միևնույնն է, այնտեղ՝ լաստանավի վրա՝ բաց օվկիանոսում, կյանքի համար այդ անհավասար պայքարում մենք ունենք մեկ առավելություն՝ մեր պայծառ միտքը: Շնորհիվ գիտակցված վարքի, որն օգնում էր ինձ մի ժամանակ մարմնամարզիկ լինել, ինձ հաջողվում էր պահպանել մտքերի հստակություն և օգնել իմ ընկերոջը՝ չհուսահատվել»:

«Պատերազմը լուրջ հարց է: Կյանքը՝ նույնպես: Իսկ ծիծաղն օգնում է մեզ կանգուն մնալ: Հումորը օգնում է թուլանալ, թեկուզ և մեկ վայրկյանով»:

«Դրական վերաբերմունքը կատարվածին ունի հրաշագործ զորություն: Հիշի՛ր՝ քո ձեռքերի մեջ է կյանքիդ ավելի կենսուրախ հայացքով նայելու կարողությունը: Առնվազն՝ փորձիր»:

«Թույլ մի տուր խավարի մտքերին տիրելու քո սրտին, անգամ եթե համարում ես, որ քո հնարավորությունները հավասար են զրոյի: Երբեք չի կարելի հույսը կորցնել: Չէ՞ որ այն կտա քեզ նոր ուժեր: Եթե անգամ դու ահռելի ջանքեր ես գործադրել, բայց պարտվել ես, ինչ արած: Չէ՞ որ այդ պատճառով չես պատրաստվում մեռնել»:

«Ես երբեք չեմ մոռացել, թե ինչ կարևոր դեր է խաղացել իմ ընտանիքը իմ հաջողության մեջ: Աջակցություն բոլորին է անհրաժեշտ, անգամ եթե սկզբում թվում է, թե դուք կդիմանաք առանց դրա էլ: Նայեք, թե քանի հոգի է ձեր կողմից և ցավում ձեզ համար: Դուք բոլորովին պարտավոր չեք ձեր ճանապարհը միայնակ անցնել»:

«Ցանկացած իրավիճակում կենդանի մնալը, լինի դա բնության մեջ, թե գրասենյակում, անփոփոխ ձևով կախված է մնում կրթությունից, պատրաստվածությունից և վտանգի առաջ չընկրկելուց: Միշտ անհրաժեշտ է մտածել մի քանի քայլ առաջ»:

«Ճամբարում կյանքը կոփել է ինձ և սովորեցրել արժանապատիվ ձևով տանել ինձ բաժին հասած բեռը: Սա նշանակում է՝ չհանձնվել տարբեր իրավիճակներում: Ինչպես մի ժամանակ ասել է իմ եղբայրը. «Մի՞թե ցավի մեկ րոպեն չարժե փառքով լցված մի ամբողջ կյանք»»:

«Երբ Պողոս առաքյալը բանտում էր, նա ասում էր. ինչ իրավիճակում էլ լինեք՝ «բավական համարեցեք այն, որ ձեռքներումդ ունեք»: Ժամանակակից մեկնաբանության համաձայն՝ սա հնչում է այսպես. անգամ եթե դուք ոչ միշտ եք կարող վերահսկել այն, ինչ կատարվում է ձեր կյանքում, միշտ կարող եք ինքներդ ընտրել, թե ինչպես արձագանքել դրան»:

«Եթե ձեզ հեռացրել են շեմից, թափ տվեք փոշին ձեր կոշիկներից և պարզապես շարունակեք ճանապարհը. պետք չէ դուռը ջարդել: Դուք արել եք այն, ինչ պետք է անեիք»:

«Ձեր ուժերի մեջ է հողի մեջ սերմ գցելը՝ վերաբերվի դա հավատքի հարցերին, կյանքի դասերին, թե անձնական օրինակին, և այն ջրելը՝ պատասխանելով այն հարցերին, որոնք կարող են հետևել դրան: Մնացյալը ձեզնից չէ կախված»: