Հոգևոր աճ. որտեղ է մեր մասը, որտեղ՝ Աստծունը

Հոգևոր աճ. որտեղ է մեր մասը, որտեղ՝ Աստծունը

«Եվ ամեն շնորհքի Աստվածը, որ մեզ կանչեց իր հավիտենական փառքի մեջ Քրիստոս Հիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում եք, կատարյալ անի, հաստատի, զորացնի, հիմնի» (Ա Պետրոս 5.10):

Հարց. Այստեղ Պետրոս առաքյալը աղոթք է անում, որ Աստված Իր շնորհով մեզ հաստատի, զորացնի, հիմնի. այդ դեպքում՝ ի՞նչ է մեզնից պահանջվում, որպեսզի Նա կատարի դա:

Պատասխան. Շատ ակտուալ հարց է, հատկապես մեր օրերի համար: Այսօր մենք այնքան հաճախ ենք լսում քարոզներ և մտորումներ այն մասին, որ մեզ տրված է շնորհ, հավատք, ներում, և ընդհանուր առմամբ՝ տպավորություն է ստեղծվում, թե մենք ոչինչի համար պատասխանատվություն չենք կրում:

Եկեք մի քանի խոսք դիտարկենք Աստվածաշնչից.

«Շնորհք և խաղաղություն շատանա ձեզ վրա Աստծո և մեր Տեր Հիսուսի գիտությունովը: Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի և աստվածապաշտության համար պետք է նրա գիտությունովը, որ մեզ կանչեց փառքով և առաքինությունով:

Որոնցով ամենամեծ և պատվական խոստմունքներ են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինեք աստվածային բնությանը՝ աշխարհքի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով: Եվ սույն այս բանի համար ամեն ջանք անելով՝ ձեր հավատքովը ներկայացրեք առաքինությունը, և առաքինությունովը գիտությունը…» (Բ Պետրոս 1.2-5):

Պետրոս առաքյալն ասում է, որ մեզ շնորհվել է ամենը, բայց մի շեշտադրում է անում՝ «Նրա գիտությունովը»: Գիտություն ունենալը առաջ շարժվելու մի ուղի է՝ մի բան, որը կախված է ուղղակի կերպով մեզնից, թե որքանով ենք լցված Նրա գիտությամբ: Եվ հետո նա թվարկում է՝ որպեսզի մենք «ջանք անենք»՝ հավատք, առաքինություն, ժուժկալություն, համբերություն, աստվածապաշտություն, եղբայրասիրություն դրսևորելու մեջ:

Մենք հիմա չենք վերլուծելու այս կետերից յուրաքանչյուրը, բայց տեսնում ենք, որ դրանք ուղղակի կերպով կապված են ոչ միայն մեզ հետ, այլև շրջապատող մարդկանց, այսինքն՝ խոսքը մարդկանց ծառայելու մասին է:

Եվ ահա, եթե այս առաջընթացը կա և ոչ թե պարզապես կա, այլև շարունակական ընթացք ունի, այդժամ մենք չենք մնա առանց հաջողության (առաջընթացի) և Նրա ճանաչողության մեջ արդյունքի: Իսկ ով չունի այդ առաջընթացը՝ գիտությունը, նա կույր է. «Որովհետև այս բաները ձեզանում մնալով և աճելով դատարկ և անպտուղ չեն անի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունումը։ Բայց նա, որ այս բաներն իր մոտ չունի, կույր է և կարճատես՝ մոռացած լինելով իր առաջին մեղքերից սրբվելը» (Բ Պետրոս 1.8-9):

Կա պայման այս ամենի մեջ. գնալ առաջ՝ մարդկանց ծառայելով:

Եվս մի տեղ. «Ոչ ոք քո մանկությունը չանարգի. այլ օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով, մինչև որ գամ՝ միտք դիր կարդալուն, հորդորմունքին և վարդապետությանը… Սրանք մտածիր, սրանցում կաց, որ քո առաջադիմությունը ամենին հայտնի լինի։ Զգույշ կաց անձիդ և վարդապետությանդ և դրանում հարատևիր, որովհետև այդ անելով՝ քո անձն էլ կապրեցնես և քեզ լսողներին էլ» (Ա Տիմոթեոս 4.12-16):

Պողոսը խրատում է իր աշակերտ Տիմոթեոսին: Շնորհով նա փրկված է, կարգված՝ որպես ծառայող: Ի՞նչն է պակաս նրա մոտ: Տիմոթեոսը պետք է լինի օրինակ իր կյանքով՝ սիրո, հոգու, հավատքի և մաքրության մեջ: Եվ այդ ամենը նրանից է կախված: Ո՛չ Աստված, ո՛չ Պողոսը չեն կարող փոխարինել նրան այդ գործընթացի մեջ: Եվ հետո՝ հաջողությունն այդ կապ ունի նրա ներքին ներդաշնակության հետ (միտք դիր վարդապետությանը) և ամենակարևորը՝ դրանում հարատևելու հետ:

Իհարկե, մեր հավատքն ու վստահությունը առ Աստված, անխոս, կարևոր են: Եվ այդ պատճառով՝ իմանալով, որ Նա մեր կողքին է, մենք պետք է առաջ շարժվենք և գերագույն ջանքեր գործադրենք, որպեսզի չտկարանանք և ունենանք առաջընթաց՝ թե՛ անձնական հավատքի, թե՛ ծառայության մեջ:

Ալեքսեյ Բոմկո