Չարլզ Սպերջեն՝ «քարոզողների արքայի» կյանքի մասին

Աստծո նախասահմանությամբ ժամանակ առ ժամանակ երկրի վրա ծնվում են մարդիկ, ովքեր երկնային աստղերի նման վառվում են՝ արձակելով աստվածային լույսը և տարածելով Աստծո անուշահոտությունը:

«Ես կգերադասեմ հետնորդը լինել նրանց, ովքեր տառապել են հանուն իրենց հավատքի, քան թե իմ երակներում հոսի աշխահի բոլոր կայսրների արյունը». Սպերջենն այս կերպ նշում էր, որ չնայած ծագումով պատկանում էր սկանդինավյան տոհմին՝ գլխավոր արժեքն իր համար այն փաստն էր, որ իր նախնիները պատկանում էին 17-րդ դարի բողոքականներին, ովքեր փախչել էին Անգլիա՝ Եվրոպայում կաթոլիկների հետապնդումներից:

Նրա նախնիներից մեկը՝ Ջոբ Սպերջենը, անցել էր ֆինանսական դժվարություններով և իր բարեպաշտ կյանքի ու իր համոզմունքների համար անձնական հետապնդումներ կրել:

Սպերջենը գրում է. «Երբ չորս սերունդ հետ եմ նայում՝ տեսնում եմ, թե ինչպես էր Աստված բարեհաճում լսել իմ նախապապի հոր աղոթքները, ով աղաչում էր Աստծուն այն մասին, որ իր հետնորդները մինչև վերջին սերունդ ապրեն Նրա համար: Եվ Աստված բարեհաճում է դեպի Իրեն դարձնել նախ նրա երեխաներին, հետո էլ թոռներին, որ նրանք սիրեն Աստծուն և վախենան Նրա Անունից»:

Այսպիսով, Սպերջենը մեծացել է մի մթնոլորտում, որտեղ բարձր էր գնահատվում սեփական սկզբունքներին հավատարիմ մնալը՝ ցանկացած գնով:

Չարլզ Հադդոն Սպերջենը ծնվել է 1834թ-ի հունիսի 19-ին անգլիական Քելվեդոն քաղաքում: Ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ կյանքի առաջին 7 տարիները նա անցկացրել է իր պապի տանը: Մանկության երկրորդ շրջանը Չարլզն ապրել է ծնողների հետ: Նրա հայրը քարոզիչ էր մեթոդիստական եկեղեցում: Այս ժամանակի մասին հայտնի է, որ տղան սովորում էր գյուղական դպրոցում, շատ էր կարդում և հաճախում ծառայությունների:

Մի անգամ եկեղեցում քարոզիչը դիմում է նրան. «Երիտասա՛րդ, դուք դժբախտ տեսք ունեք», և կոչ է անում նրան՝ իր հայացքն ուղղել Հիսուսին: Սպերջենն այդպես էլ անում է և դրանից հետո այլևս երբեք չի դադարում ցանկացած հանգամանքում իր հայացքը ուղղած պահել Հիսուսի վրա:

1850թ-ի մայիսին նա մկտվում է, ինչից հետո տեղափոխվում Քեմբրիջ, որտեղ էլ սկսում է նրա քարոզչական գործունեությունը: 16 տարեկանից Սպերջենն արդեն քարոզում էր Հիսուսի մասին: «Հիշում եմ այն ժամանակը, երբ որոնում էի Աստծուն: Կրոնական հայացքները և հավատքի ամեն արտաքին դրսևորումը թվում էին ինձ՝ ծարավիս, դատարկ անոթներ, որոնցում չէր մնացել մի կաթիլ անգամ կենարար խոնավություն… Միայն մեկ անուն էր լցնում իմ սիրտը՝ Հիսուս, Հիսուս»,- գրում է նա հետագայում:

Բոլորը շատ արագ սկսում են սիրել երիտասարդ քարոզչին: Աստված օրհնում էր նրա աշխատանքը: Նրան տանում էին գյուղից գյուղ, իսկ ժողովուրդը ամբոխներով հետևում էր նրան:

Կարճ ժամանակ անց 18-ամյա տղային, ով չուներ համապատասխան աստվածաբանական կրթություն, հրավիրում են՝ լինելու ուսուցիչ Ուոթերբիչի համայքներից մեկում:

Սպերջենի հայրը, համոզվելով, որ իր որդին ունի քարոզչի պարգև և կոչում՝ խորհուրդ է տալիս նրան ընդունվել մկրտական սեմինարիա՝ համապատասխան կրթություն ստանալու և հովիվ դառնալու համար: Բայց Սպերջենը որոշում է իր ուսումը շարունակել «Սուրբ Հոգու դպրոցում», Ով մինչև այդ օրն էլ իր Ուսուցիչն էր եղել: Հայրը, մայրը և հարազատները Սպերջենի այդ քայլը ոչ միայն սխալ էին գտնում, այլև համարում, որ վերջինս անտեսել է իրենց խորհուրդը: Բայց Չարլզ Սպերջենը հնազանդ է մնում Աստծուն ու շարունակում իր ծառայությունը:

Նրա մասին լուրը հասնում է Լոնդոն, և Նյուփարկսթրիթում հնագույն եկեղեցիներից մեկի ղեկավարությունը որոշում է կայացնում նրան հրավիրել՝ որպես հովիվ ծառայելու այդտեղ: Սպերջենը գալիս է Լոնդոն 1853թ-ին և քարոզներ անցկացնում, որոնք ունենում են այնպիսի հաջողություններ, որ մի քանի շաբաթվա մեջ աղոթքի տունը լցվում է մարդկանցով, իսկ նախկինում այդտեղ այցելում էին երկու հարյուրից ոչ ավելի մարդ: Որոշ փորձառու կրթություն ունեցող հովիվներ անվստահությամբ էին նայում նորելուկ երիտասարդ քարոզչին, ով կարճ ժամանակ այդքան մեծաթիվ լսարան էր հավաքում:

Սակայն ձայները, որ դեռ պնդում էին Սպերջենի կրթության պակասի, երիտասարդ տարիքի մասին, հետզհետե լռում են: Բոլորը միաձայն որոշում են դնել նրան ծառայության մեջ: Իսկ աղոթքի դահլիճը ժամանակի հետ ավելի ու ավելի փոքր էր դառնում՝ հավաքվածներին տեղավորելու համարար:

1858թ-ին, արդեն հովիվ լինելով մկրտական համայնքում, նա գրում է իր առաջին տպագրական աշխատանքը՝ «Gospel Tract» (Ավետարանի տրակտատ):

Սպերջենի ամուսնությունը ճշմարտապես երկնքում է կնքված

«Պետք է ճանաչել այն փաստը, որ Սյուզաննա Սպերջենի օգնությունը անգնահատելի մեծ էր իր ամուսնու բնավորության և ապրելակերպի ձևավորման մեջ, այնպես որ, առանց նրա օգնության նա երբեք չէր դառնա մեկը, ով կար» («Չարլզ Սպերջեն. Նրա հավատքն ու աշխատանքները». Հ.Լ. Ուեյլենդ):

Մինչև 20 տարեկանը Սպերջենը այնքան էր նվիրված իր հոգևոր գործունեությանը, որ չէր հետաքրքվում հակառակ սեռով, բայց մեկ օր ամեն բան փոխվում է:

Սյուզաննա Թոմփսոն անունով երիտասարդ աղջիկը ներկա էր կիրակնօրյա ծառայությանը, երբ Սպերջենը առաջին անգամ քարոզում էր Նյու-Փարկ Սթրիթում: Այդ օրը Սյուզաննան հիշում էր նրան՝ որպես մի քիչ տարօրինակ մեկը:

«Ես բոլորովին էլ հիացած չէի երիտասարդ քարոզչի պերճախոսությամբ, իսկ նրա գյուղական բարքերը ինձ ոչ թե հարգանք, այլ ավելի շուտ ափսոսանք էին ներշնչում… Ես այնքան էլ հոգևոր չէի, որ հասկանայի Ավետարանի նրա կրակոտ քարոզչությունը, իսկ նրա մեծ, սև սատինե փողկապը, երկար, վատ հարդարված մազերը և կապույտ, սպիտակ պուտերով թաշկինակը ներսումս արթնացրին որոշ զավեշտալի մտքեր»,- հիշում է նա:

Աղջկա առաջին տպավորությունները երկար չեն մնում: Սյուզին Օլնի ընտանիքի մտերիմ ընկերն էր, իսկ Սպերջենը հաճախ էր լինում այդ ընտանիքում: Իրենց հաճախ հանդիպումների ժամանակ նա սկսում է նկատել երիտասարդի արժանիքները, և քիչ-քիչ Սպերջենը ավելի ու ավելի հմայիչ անձնավորություն է դառնում նրա համար: Լոնդոն գալուց մոտ երկուս ու կես ամիս անց երիտասարդը Սյուզաննային նվեր է ուղարկում: Դա «Ուխտագնացի ճանապարհորդությունները» գիրքն էր, որի վրա նա գրառում էր կատարել. «Միսս Թոմփսոնին՝ հաջողության մաղթանքներով՝ իր օրհնյալ ճամփորդության մեջ. Չ. Հ. Սպերջենից. 20 ապրիլի, 1854թ.»:

Այդ օրից Սպերջենը Սյուզաննայի համար դառնում է հոգևոր ուսուցիչ, նրանց ընկերական փոխհարաբերությունները գնալով մտերմանում են և վերջում վերածվում նվիրական սիրո:

Իհարկե, Չարլզ Սպերջենը զբաղված մարդ էր, իր եկեղեցական գործերից զատ նա գրքեր էր գրում, նրան հրավիրում էին քարոզել այլ եկեղեցիներում, նա հաճախ չէի լինում տանը, երբեմն էլ ավելի, քան հաճախ: Տուն էր վերադառնում հոգնած, և այստեղ էլ կինը նրա կյանքում իր անփոխարինելի դերն էր կատարում՝ միշտ սիրով ու բաց ձեռքերով սպասելով նրան:

Սյուզաննան աշխատում ու ջանք էր թափում նրա հետ միասին, աղոթում էր նրա հետ միասին:

Սպերջենի հայտվելը լոնդոնյան երկնակամարում անհանգստացնում էր այն ժամանակի կրոնական կյանքի անխռովությունը, ուստի երիտասարդ քարոզիչը կյանքի ընթացքում շատ անգամ է ստիպված լինում դիմակայել չարակամ մարդկանց կողմից արձակած «նետերին»: Նա անցել է նախանձի, ծաղրանքների, զրպարտության միջով՝ թշնամական վերաբերմունքի բախվելով ոչ միայն աշխարհիկ մամուլի, այլև որոշ քրիստոնեական թերթերի կողմից:

Բայց իրավիճակը փոխվում էր այն կենդանի ջրերի ազդեցությամբ, որ հոսում ու տարածվում էին Սպերջենի ծառայությունից ու անհատականությունից:

1861թ-ին բացվում է Մետրոպոլիտեն Տաբերնակլը, որը 6 հազար մարդ էր տեղավորում: Այդ ժամանակ դեռևս բարձրախոս չկար, այնուամենայնիվ, Սպերջենը Քրիստոսի մասին քարոզում էր այնքան բարձր, որ բոլոր ներկաները կարողանում էին լսել:

Սպերջենի վերջին քարոզը Ա Թագավորաց 30 գլխից է եղել: Այս գլխում ամաղեկացիները հարձակվում են Սեկելաղ քաղաքի վրա: Կործանելով ու այրելով քաղաքը՝ նրանք գերեվարում են կանանց ու երեխաներին: Երբ Դավիթն իր զորքի հետ հասնում է Սեկելաղ, տեսնում ավերածությունը, նա ժողովրդի հետ միասին առ Աստված աղաղակ է բարձրանում, հետո գնում Տիրոջ մոտ՝ զորություն ու խորհուրդ ստանալու: Աստծուց պատասխան ստանալով՝ նա զորքով ընկնում է նրանց հետևից, ինչը անսպասելի էր թշնամու համար, և վերադառնում՝ կանանց ու երեխաների հետ միասին:

Երկու հարյուրից ավելի մարդիկ չափից դուրս հոգնած էին, որպեսզի Դավթի հետ մեկնեին մարտի, այդ պատճառով վերջինս թողնում է նրանց՝ ճամբարը պաշտպանելու: Հաղթանակ տանելով՝ մարտի գնացածները չեն ցանկանում ավարով կիսվել թույլերի հետ: Բայց Դավիթը պաշտպանում է նրանց: Այստեղ Սպերջենը զուգահեռ է անցկացնում Դավթի ու Քրիստոսի հայացքների միջև՝ հիշեցնելով, որ Քրիստոսը՝ ողջ մարդկության Փրկիչը, ձայն բարձրացրեց տկարների ու թույլեր իհամար. «Մենք բոլորս մեկ ենք Հիսուս Քրիստոսի մեջ: Իհարկե, սա պետք է մխիթարի ձեզնից նրանց, ովքեր ինչ-որ տկարության պատճառով իրենց զգում են Տիրոջ Մարմնի անարժան ու աննշան մի մասը: Քրիստոսը բոլոր նավապետներից ամենամեծահոգին է»:

Սպերջենը քարոզելով «մեծահոգի Նավապետի» մասին՝ ապրում է 58 տարի. 1892թ-ին Տերն իր մոտ է կանչում է Իր հավատարիմ ծառային: Նա հոգին ավանդում է՝ շրջապատված ընկերներով ու հարազատներով: Մինչև վերջին վայրկյանները նրա կողքին էր իր հավատարիմ կինը:

Ասում են, որ չկա աստվածաշնչյան մի Խոսք, որի մասին Սպերջենը գրած չլինի իր քարոզներում: Նրա քարոզները հրատարակվել են 40 հատորներով:

Նրա մահից անցել է մեկ դարից ավելի, բայց Ճշմարտության խոսքերը, որ նա հնչեցնում էր ամբիոնից, հնչում են նաև այսօր.

«Որքան ավելի շատ լինի երկինքը մեր մեջ, այնքան ավելի քիչ մենք կենթարկվենք երկրային քայքայմանը»:

«Ոչ մի մեղսավորություն չի կարող մարդկանց խանգարել գալ Քրիստոսին այնպես, ինչպես կարող է խանգարել նրանց սեփական «արդարությունը»»:

«Եթե Աստված Իր զավակներին ուղարկում է բոցավառ հնոցի մեջ, Նա անպայման կգնա այնտեղ նրանց հետ միասին»:

«Խոնարհությունը ունակություն է՝ սթափ գնահատելու սեփական անձը»:

 

Պատրաստեց Սուսաննա Օհանյանը