Չարիքը, որ դուք անում եք, մնում է ձեզ հետ, բարին՝ վերադառնում ձեզ. առակ

Չարիքը, որ դուք անում եք, մնում է ձեզ հետ, բարին՝ վերադառնում ձեզ. առակԻնչո՞ւ է այս աշխարհում բարին ավելի քիչ: Որովհետև ամեն մեկն ակնկալում է շնորհակալություն և արագ երջանկանալու հնարավորություն:

Մարդիկ մերօրյա կյանքում շատ են շտապում ապրել և այդ պատճառով ամեն ժամանակ գտնվում են վախի մեջ՝ ջանալով պահպանել ինչ ունեն: Մենք սպասում ենք, որ աշխարհը պար է բռնելու մեր շուրջը և սերենադ է երգելու՝ մոռանալով շատ հաճախ մեր պատասխանատվության մասին՝ մի բան անելու, այս աշխարհում մեր կողմից դրական մի բան ավելացնելու: Ոչ թե վերցնել, այլ՝ տալ: Ոչ թե զրկել մեկին, այլ՝ նվիրել:

Չէ՞ որ մենք չգիտենք, թե ինչ գին և երբ է պետք լինելու այն վճարել մեր գործողությունների համար: Իսկ վճարել պետք է լինելու:

Մի հնդիկ աղքատ կին ամեն առավոտ թխում էր երկու բլիթ: Մեկը թխում էր իր ընտանիքի անդամների համար, իսկ երկրորդը՝ լրացուցիչը, պատահական անցորդի: Երկրորդը նա դնում էր պատուհանագոգին դրսի կողմից, և ցանկացած մեկը կարող էր վերցնել այն:

Ամեն օր կինը պատուհանագոգին դնում էր բլիթը՝ մտքում աղոթելով իր որդու համար, ով տարիներ առաջ տանից հեռացել էր՝ ավելի լավ կյանքի որոնումներով: Շատ ամիսներ շարունակ մայրը ոչ մի լուր չուներ իր որդու մասին և միշտ աղոթում էր նրա անվտանգ վերադարձի համար:

Շուտով կինը նկատում է, թե ով է ամեն օր վեցնում այդ երկրորդ բլիթը. այն վերցնում էր սապատավոր մի մարդ և շնորհակալական խոսքերի փոխարեն միշտ ցածրաձայն ասում. «Չարիքը, որ անում ես, մնում է քեզ հետ, իսկ բարին՝ վերադառնում քեզ»: Ասում էր ու շարունակում իր ճանապարհը:

Սա օրեցօր շարունակվում էր: Չստանալով գոհության սպասված խոսքերը՝ կինն իրեն խաբված է զգում. «Ամեն օր այդ մարդը նույն խոսքերն է ասում, տեսնես ի՞նչ նկատի ունի»:

Եվ մեկ օր, երբ նրա համբերությունը սպառվում է, զայրացած որոշում է վերջ դնել այդ իրավիճակին. ինչո՞ւ միայն այդ մարդը պետք է վերցնի իր թխածը:

«Ես կազատվեմ այդ տհաճ ծերունուց»,- ասում է նա և թույն ավելացնում երկրորդ բլիթի մեջ:

Բայց երբ արդեն պատրաստվում է այն պատուհանագոգին դնել, ձեռքերը սկսում են դողալ. «Այս ի՞նչ եմ ես անում»,- ուշքի է գալիս նա: Միանգամից դեն է նետում թունավոր բլիթը կրակի մեջ, նորը թխում և դնում նույն տեղում:

Այդ օրը նույնն է կատարվում. ծերունին նույն խոսքերը փնթփնթալով հեռանում է՝ չկռահելով, թե ինչ բարկություն է հարուցում այդ կնոջը:

Նույն օրը երեկոյան մեկը կնոջ տան դուռն է թակում: Դուռը բացելով՝ կինը զարմանքից քար է կտրում: Դռան շեմին իր որդին էր կանգնած: Նա սարսափելի տեսք ուներ. սոված, նիհարած, տկար և ցնցոտիներ հագած:

Ներս գալով՝ տղան ասում է. «Մայրի՛կ, հրաշք է, որ ես այստեղ եմ: Ես տնից մեկ մղոն հեռավորության վրա էի, երբ սովից ուժասպառ եղած՝ գիտակցությունս կորցրեցի: Եվ հավանաբար, այստեղ չէի լինի, եթե այդ ճանապարհով մի սապատավոր ծերունի չանցներ: Ինձ ուժասպառ գտնելով՝ նա ինձ մի փոքրիկ բլիթ տվեց: Ասաց, որ դա իր ողջ օրվա հացն է, բայց տեսնում է, որ ես դրա կարիքն ունեմ ավելի, քան ինքը»:

Երբ մայրը լսում է այդ խոսքերը, գունատվում է և հիշում, թե ինչ էր պատրաստվում առավոտյան անել: Փաստորեն՝ եթե նա այդ թունավոր բլիթը չայրեր, մահացողը ծերունին չէր լինելու, այլ իր սեփական որդին:

Այդ ժամանակ կինն իր միտքն է բերում ծերունու ամեն օրվա խոսքերը. «Չարիքը, որ անում ես, մնում է քեզ հետ, իսկ բարին՝ վերադառնում քեզ»:

Միշտ ջանացեք բարիք անել, անգամ, եթե դա ոչ ոք չի գնահատում:

Աղբյուր՝ imbf.org