Ժամանակավոր հաջողության գինը մի՛ վճարեք հավիտենական արժեքներով

Աստված ունի Իր մարդկանց ամենուր և միշտ:

Նրանք հայտնվում են ճիշտ պահին՝ ասես երկնքից, կատարում իրենց տրված հանձնարարականը, իսկ հետո անհետանում են:

Մարգարե Ազարիան քաջալերում է Հուդայի թագավոր Ասային: Նա դուրս է գալիս թագավորին ընդառաջ, ասում խոսք, որը որոշիչ է դառնում այդ պահին երկրի համար: Ասան, իր հերթին, ականջ է դնում Ազարիային, և իր կատարած ոորոշումները հաղթանակ ու  խաղաղություն են բերում Հուդայի երկրին:

Բայց հետո ամեն բան փոխվում է: Իսրայելի թագավորության հետ պայքարում Ասան դիմում է ասորեստանցիների օգնությանը: Նա հասնում է ժամանակավոր հաջողության: Սակայն ի՞նչ գնով: Նա ասորիներին ուղարկում է Տիրոջ տան արծաթն ու ոսկին: Նա անարգում է Իր Տեր Աստծուն:

Մարդիկ ասում են, որ հաղթողներին չեն դատում, բայց Աստված այլ կարծիք ուներ:

Թագավորի մոտ է գալիս, ինչպես Աստվածաշունչն է գրում, մարգարե Անանին: Վերջինս թագավորին հետևյալ խոսքերն է ասում, որոնք այնքան էլ հաճելի չէին.

«Եվ այն ժամանակ եկավ Անանի տեսանողը Հուդայի թագավոր Ասայի մոտ և ասաց նրան. որովհետև դու ապավինեցիր ասորիների թագավորին, և չապավինեցիր քո Տեր Աստծուն, նրա համար ասորիների թագավորի զորքը ազատվեց քո ձեռքիցը։ Մի՞թե եթովպացիք և լիբեացիք խիստ շատ կառքերով և ձիավորներով բազմաթիվ զորք չէին, բայց որովհետև դու Տիրոջն ապավինեցիր, նրանց քո ձեռքը մատնեց։ Որովհետև Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զորացնի նրանց, որոնց սիրտը ուղիղ է նրա հետ. դու անմտություն արիր սրանում, որովհետև սրանից հետո պատերազմներ ես ունենալու» (Բ Մնացորդաց 16.7-9):

Ես այս խոսքերի մեջ հույս եմ տեսնում Ասա թագավորի համար: Եթե նա զղջար, Աստված կհամբերեր և Իր ողորմությունը չէր ուշացնի: Բայց թագավորը, այս խոսքերը լսելով, բարկանում է: Ո՞վ է համարձակվում անմիտ ասել իրեն: Նա սովոր է հաղթող լինել և ամենաիմաստունը համարվել: Նա մոռացել է, թե Ով է իրեն նվիրել այդ հաղթանակներն ու խաղաղությունը:

Անանիին բանտ են ուղարկում, իսկ Ասան հիվանդանում է և մահանում:

Պատմաբաններն ասում են, որ կյանքի վերջում թագավորն ուներ առ Աստված դառնալու հնարավորությունը, բայց «իր հիվանդությունումն էլ չխնդրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց» (Բ Մնացորդաց 16.12):

Անանիի խոսքերը դատավճիռ չեն, այլ վերջին նախազգուշացումը նրանց, ովքեր մոռանում են Աստծո մասին և դիմում վարձկանների ու մարդկանց օգնությանը, ովքեր իրենց ժամանակավոր հաջողության գինը վճարում են հավիտենական արժեք ունեցող բաներով, ովքեր իրենց սիրտը խստացնում են և փակում Աստծո դեսպանների բերանը:

Մարգարեի խոսքի մեջ կա հույս նրանց համար, ովքեր ունակ են լսելու. «Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զորացնի նրանց, որոնց սիրտը ուղիղ է նրա հետ» (Բ Մնացորդաց 16.9): Ես հիշում եմ և պահպանում այս խոսքերը վաղ մանկությունից; Աստված տեսնում է մեր դժվար իրավիճակները և միշտ պատրաստ է հասնելու օգնության: Ամեն բան կարող է փոխվել հանկարծ և միանգամից:

Ասայի պատմությունը կարող էր այլ կերպ ավարտվել: Նա կարող էր հաղթել: Նա կարող էր ապաքինվել և հիվանդությունից չմեռնել:

Թող այս մարգարեի խոսքերը ուղեկցեն ձեզ ողջ կյանքի ընթացքում և փրկեն անմիտ որոշումներից, թող ձեր սիրտը Աստծո հետ լինի, թող ձեր ականջները բաց լինեն լսելու Աստծո դեսպաններին: