Թրամփը նոմինացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ պատմական գագաթնաժողովի անցկացումից մեկ օր անց նախագահ Դոնալդ Թրամփը նոմինացվել է՝ որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ:

Նոմինացիայի հետևում կանգնած են նորվեգացի երկու օրենսդիրներ՝ Քրիստիան Թայբրինգ-Ջեդը և Փեր-Ուիլլի Ամունդսենը. տեղեկացնում է CBN News-ը:

Norwegian news լրատվական գործակալության հետ զրույցում նրանք ասել են, որ Թրամփը «հսկայական և կարևոր քայլ է կատարել՝ զինաթափման, խաղաղության ձեռք բերման և հաշտեցման ուղղությամբ՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև»:

Միջուկային զինաթափման շուրջ քննարկումները Հյուսիսային Կորեայի հետ նոր են սկսվել, և մասնագետներն ասում են, որ երկար և բարդ ընթացքը դեռ առջևում է, բայց նախագահ Դոնալդ Թրամփը հատկանշական է համարում պատմական հանդիպումը.

«Նախքան պաշտոնը ստանձնելը մարդիկ համարում էին, որ մենք պատրաստվում ենք պատերազմի մեջ մտնել Հյուսիսային Կորեայի հետ: Նախագահ Օբաման ասում էր, որ Հյուսիսային Կորեան մեր մեծագույն և ամենավտանգավոր խնդիրն է: Այլևս ոչ. հանգիստ քնեք այս գիշեր»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:

Լուրեր են շրջանառվում այն մասին, թե մի խումբ ամերիկացի օրենսդիրներ նույնպես նամակ են ուղարկել Նոբելյան կոմիտեին՝ նախագահին մրցանակի առաջադրելու համար՝ նշելով նրա ջանքերը Հյուսիսային Կորեայի զինաթափման հարցում:

Ներկայացուցիչների պալատի անդամ Լյուկ Մեսսերը և ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության 17 անդամներ իրենց դիմումի մեջ նշել են. «Ոչ ոք ավելի արժանի չէ 2019թ-ին [Նոբելյան] Կոմիտեի կողմից գնահատանքի արժանանալուն, քան նախագահ Թրամփը՝ աշխարհում խաղաղություն բերելու իր եռանդուն աշխատանքի համար»:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը իր կողմից ապրիլին նշել է, որ Դոնալդ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Հյուսիսային Կորեայի հետ խաղաղության շուրջ զրույց սկսելու համար: